կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 11:43
Քաղաքական

Դավիթ Լոքյանը Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկմանը

Դավիթ Լոքյանը Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկմանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարար Լոքյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել Դիլիջանի խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը, անդրադարձել համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերին: Դավիթ Լոքյանը նշել է, որ շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ են արվելու Դիլիջանի խոշորացված համայնքում: Յուրաքանչյուր ծրագիր մանրամասն դիտարկվելու է, և միայն դրանից հետո է թույլատրվելու ծրագրի իրականացումը:

«Համոզված եմ, որ այդ ծրագրերը մեծ թափ են հաղորդելու Դիլիջանի զարգացմանը: Դրան նպաստելու են Եվրամիության երկու խոշոր ծրագրերը: Մեկով տրանսպորտային խնդիրներ են լուծվելու, մյուսով Դիլիջանը տուրիստական գոտու է վերածելու: Ծրագիրն իր մեջ ներառում է հատուկ մեքենաներով շրջագայություն Դիլիջանի պարկում, էքստրեմալ զբոսաշրջության ձևերի զարգացում, գյուղական համայնքներում տուրիստական կենտրոնների ստեղծում»,-նշել է նախարար Դավիթ Լոքյանը:

ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման և կառավարման մեթոդաբանությունը: 2017 թվականի սկզբից համայնքապետերը ծրագրերը կազմելիս աշխատելու են նոր մեթոդաբանությամբ: Մշակված նոր մեթոդաբանության համաձայն, հստակ երևալու է, թե ինչպիսի բյուջե ունեն համայնքները, ինչպես են ծախսում և տարեվերջին ինչ արդյունքներ պետք է գրանցեն: Անդրադառնալով նոր մեթոդաբանությանը, նախարար Դավիթ Լոքյանն ասել է. «Բացի 4 միլիոն ԱՄՆ դոլարից, որի մասին նշեցի, պետության կողմից էլ յուրաքանչյուր տարի շուրջ 500 միլիոն դրամ դոտացիա է տրվում: Այն պետք է ծախսվի ըստ բյուջետային հատկացման, պետք է լինի հաշվարկելի և քաղաքացիները պետք է տեսնեն մատուցվող ծառայությունների որակի աճը: Սա քիչ գումար չէ և մենք խստագույնս վերահսկելու ենք բյուջետային ծախսերը համայնքներում»: Նախարարն ընդգծել է, որ դա նաև ՀՀ վարչապետի հանձնարականն է, որը հնչել է կառավարության նիստում:

Կառավարության 2017 թվականի ծրագրում համայնքների զարգացմանն ուղղված նոր գործիք է կիրառվելու: Նախարար Լոքյանի փոխանցմամբ, կիրառելու են պետություն-մասնավոր փոխհարաբերության նոր գործիքը: «Այս գործիքի հիմնական գաղափարախոսությունը հետևյալն է. համայնքներում տնտեսական ձեռնարկներ իրականացնելու, արտադրություններ հիմնելու հարցում պետությունը պատրաստ է մասնավորի հետ գումար ներդնել, տվյալ ձեռնարկը ստեղծել և տարիներ հետո այն մասնավորին զիջել»,-ասել է նախարարը, նկատելով, որ գումարներ կտրամադրվեն հեռանկարային և հավելյալ արժեք ստեղծող ձեռնարկների համար: 
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ մարզերի զարգացման ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց կյանքի որակի բարելավմանը: «Հայթայթվել են որոշակի միջոցներ և քայլեր ենք ձեռնարկում, որ այդ միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացվի: Կարծում եմ, մեծ հաջողություններ կարելի է ակնկալել, եթե տեղական համայնքները իրենց գործառույթները ճիշտ կատարեն` մարզպետների օգնությամբ, իսկ կառավարությունն էլ իր քայլերն անի,-ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդարականը:

ՀՀ-ում խոշոր վարչատարածքային բարեփոխումների գործընթացը նախատեսվում է ավարտել 2018 թվականին: Իսկ մինչև 2017 թվականի հունվարի 15-ը պետք է ներկայացվեն խոշորացված 18 համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերը: Առաջիկայում նմանատիպ քննարկումներ կլինեն Տաթևի, Թումանյանի խոշորացված համայնքներում:

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն