կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 16:55
Հասարակություն

Դավիթ Լոքյանը Գյումրիում մասնակցել է ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացմանը

Դավիթ Լոքյանը Գյումրիում մասնակցել է ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացմանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել  Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին,  Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը,  տեղական և պետական կառավարման մարմիններից, ՏՏ սեկտորի առաջատար ընկերություններից ներկայացուցիչներ:

Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հիմնված լաբորատորիան մարզի 17-35 տարեկան գործազուրկներին կտրամադրի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը, որը ներառելու է շուրջ 200 մասնակից,  համագործակցում է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց մարդկային ռեսուրսների պահանջարկը, և դրա հիման վրա կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում: Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել է ավելի քան 50 մարդ, ովքեր նոյեմբերի սկզբից կմասնակցեն իրենց պոտենցիալ գործատուների կողմից տրամադրվող գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ:

Նախարար Դավիթ Լոքյանը իր խոսքում կարևորելով նման կենտրոնի բացումը, ասել է, որ այս  ծրագրով փորձում են Շիրակի մարզում լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը, բարելավել նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն այսօր առաջնային է Հայաստանի համար: Իր ելույթում  նախարարը  խոսել է նաև  Շիրակի մարզի խնդիրների մասին. մարզում մեկ շնչին բաժին ընկնող  ՀՆԱ-ն ամենացածրն է Հայաստանում, և նախարար Լոքյանը հայտարարել է, որ  Կառավարությունն իր առջև խնդիր է դրել մինչև 2025 թվականը բարելավել վիճակը: Նա մանրամասն ներկայացրել է մարզում Կառավարության իրականացվող և սպասվող տարբեր ձեռնարկների մասին, հատկապես կարևորել  մարզում մարդկանց  տրամադրության ու մթնոլորտի փոփոխությունը:

Դեսպան Սվիտալսկին էլ իր ելույթում ընդգծել է  նման ծրագրերի կարևորությունը. «EU4Business և EU4Regions նախաձեռնությունների շրջանակում Եվրոպական միությունն աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաև հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի և համապարփակ զարգացման խթան»:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ իր հերթին  շնորհավորել է նոր ձեռնարկի իրականացման կապակցությամբ, նկատել, որ Շիրակի մարզը միշտ աչքի է ընկել մտավոր մեծ հնարավորությամբ, նորարարություններով ու նորը ստեղծելու ջիղով: Նա վստահեցրել է, որ նորաբաց լաբորատորիան գործելու է ոչ միայն այս պատերի ներսում ու գյումրեցի երիտասարդների համար, այլ` ողջ մարզի: ՄԻԿ-ի տնօրեն Արտաշես Վարդանյանի կարծիքով նույնպես, Շիրակի մարզը մարդկային ռեսուրսների հսկայական ներուժ ունի։ Ծրագրի միջամտությունը ներառում է թիրախային գործողություններ` ուղղված ՏՏ ընկերությունների ընդլայնմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Բացման ելույթներին հետևել է կարճատև շրջայցը, որի ընթացքում լսարանին ներկայացվել է լաբորատորիայի նպատակը և գործառույթները: Շրջայցից հետո նախագիծը հայտարարեց ենթադրամաշնորհի արդյունքները: 7 տեղական ՏՏ ընկերություններ 5,000-10,000 եվրոյի սահմաններում դրամաշնորհներ կստանան` իրենց գործունեության ընդլայնման և ծրագրի աշխատակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով:

ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժին