կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-15 17:55
Հասարակություն

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսից տուժածներից մեկին կվիրահատեն

Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսից տուժածներից մեկին կվիրահատեն

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկովկասից տեղեկացնում է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։ Նրանցից 4­ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ ռուս տղաներ, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը՝  երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի  Հանրապետության քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Վարդան Վարդազարյանը հեռախոսով հայտնեց, որ երեկ երեկոյան Վլադիկովկաս հասնելուն պես առաջինն այցելել են Մանկական հանրապետական  կլինիկայում բուժվող տղաներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին, բուժման ընթացքին։

Այնուհետև ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանի հետ եղել են Վլադիկովկասի Հանրապետական կլինիկական  հիվանդանոցում, որտեղ բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։

Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում Մոսկվա­-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիներից 1-­ը պետք է վիրահատվի, իսկ մյուսը լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է անցնելու։

Վարդան Վարդազարյանը շեշտեց, որ բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Նախարարության աշխատակիցները Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարության և հիվանդանոցների մասնագետների հետ քննարկել են մեր հայրենակիցների բուժման ընթացքը և հետագա տեղափոխման հարցերը։