կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 19:35
Առանց Կատեգորիա

Ի՞նչ կշշնջա Պուտինը Սարգսյանի ականջին՝ առանց Նազարբաևի

Ի՞նչ կշշնջա Պուտինը Սարգսյանի ականջին՝ առանց Նազարբաևի

Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի կապակցությամբ Հայաստան կժամանեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները: Նախատեսվում է, որ քննարկվելու են մինչեւ 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարությունը, ՀԱՊԿ-ի ձեւաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը:

Հայաստանի համար, սակայն, այս միջոցառումը քիչ, թե շատ նշանակալի կլինի երկու առումով: Նախ՝ ՀԱՊԿ-ի նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բելառուսին: Երկրորդ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ըստ ամենայնի, ռոտացիայով Ռուսաստանից կփոխանցվի Հայաստանին: Երկարամյա պաշտոնավարումից հետո կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կհեռանա: Թեև պաշտոնապես դեռ չի հայտարարվել՝ ով է լինելու նրան փոխարինող` Հայաստանի թեկնածուն, սակայն մամուլը համառ տեղեկություններ է հաղորդում, որ այդ պաշտոնը կվերապահվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ այս փոփոխությունը պետք է կատարվեր դեռևս նախորդ տարի: Սակայն Մոսկվայում կայացած` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում վերջին պահին որոշվեց մեկ տարով երկարաձգել Բորդյուժայի պաշտոնավարումը: Թեև դրան որևէ ռացիոնալ բացատրություն չտրվեց, սակայն ակնհայտ էր, որ հետաձգումը կապված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության կտրուկ սրմամբ: ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, մասնավորապես` Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվեցին դրան իրենց համաձայնությունը տալ՝ զգուշանալով, որ Հայաստանը կարող է այդ առանցքային պաշտոնն օգտագործել ՀԱՊԿ-ն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ ներքաշելու նպատակին: Այսօր նման «վտանգ» չկա. իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է, ինչը պայմաններ է ստեղծում` կատարելու կազմակերպության կանոնադրական պահանջը՝ քաղաքական մանևրներ ու Ադրբեջանի առջև ռևերանսներ կատարելու փոխարեն:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը քաղաքական որևէ էական դիվիդենդ Երևանին չի տալիս: Ռոտացիայի իրականացումը սիմվոլիկ նշանակություն ունի. այդպիսով իրացվում է Հայաստանի` որպես այդ կազմակերպությունում իրավահավասար անդամի, իրավունքը, որը մշտապես զոհաբերվում է ՀԱՊԿ-ից դուրս Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնավոր քաղաքական շահերին ու Ադրբեջանի հետ նրանց գերակա կապերին:

Այսքանով հանդերձ, ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովը հետաքրքրական է երկու այլ պատճառով: Նախ՝ դրա շրջանակում Հայաստան է ժամանում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պետք է ենթադրել, որ դա  Սարգսյան-Պուտին երկկողմ հանդիպման առիթ կդառնա: Երկու նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին Մոսկվայում: Այդ հանդիպումը հաջորդեց Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպմանը և տնտեսական-կոմունիկացիոն բնույթի կարևոր համաձայնությունների ձեռք բերմանը:  Այս դեպքում էլ Պուտինը Երևան է այցելում ընդամենը 5 օր առաջ` ռուս-թուրքական հարաբերությունների փլուզումից ի վեր առաջին անգամ Անկարա կատարած այցից հետո: Հայտնի է, որ այդ այցի ընթացքում կողմերը համաձայնության եկան «Թուրքական հոսք» գազատարի շինարարության և Թուրքիային ցածր սակագնով ներքին սպառման գազ մատակարարելու շուրջ: Նաև, հաշվի առնելով Սիրիայում Մոսկվայի և Անկարայի համաձայնեցված գործողությունները, երկու երկրների հարաբերությունները մտնել են ջերմացման նոր շրջափուլ: Եվ անհրաժեշտություն է առաջացել հասկանալ, թե այդ համատեքստում ի՞նչ դեր է վերապահվում Հայաստանին, ինչպե՞ս այն կանդրադառնա Հարավկովկասյան տարածաշրջանի վրա:

Բացի դրանից՝ ՀԱՊԿ-ի այս գագաթաժողովից առաջ Սերժ Սարգսյանն գտնվում էր ԱՄՆ-ում: Թեև այնտեղ որևէ պաշտոնական հանդիպում նա չունեցավ, սակայն ինքնին փաստը, որ ռուս-ամերիկյան ներկայիս՝ սառը պատերազմի տարիներից ի վեր ամենաճգնաժամային հարաբերությունների ֆոնին Նյու Յորքում կազմակերպված ներդրողների խոշոր ֆորումի միջոցով Հայաստանը, անձամբ Սարգսյանի մասնակցությամբ, փորձում էր ամերիկյան ներդրողների ներգրավել հայաստանյան տնտեսություն, որոշակի ինտրիգ է հաղորդում թե՛ հայ-ռուսական հարաբերություններին և թե՛ Երևանում Պուտին-Սարգսյան հանդիպման հնարավոր օրակարգին:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովին չի մասնակցելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ, այդ որոշումը բացատրել էր Նազարբաևի` մրսածությունից բուժվելու հանգամանքով, ինչի պատճառով չեղարկվել են նրա բոլոր արտերկրյա հանդիպումները: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին` ղարաբաղա-ադրբեջանակն կարճատև պատերազմից հետո, հենց Նազարբաևի ակտիվ միջամտության հետևանքով տապալվեց Երևանում պլանավորված ԵԱՏՄ վարչապետերի հավաքի անցկացումը: Եվ թվում էր, թե Նազարբաևը պարզապես նոր առիթ է գտել Հայաստանում կազմակերպվող միջոառմանը չմասնակցելու, դրանով ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում Հայաստանի նկատմամբ իր ընդգծված անհարգալից վերաբերմունքն արտահայտելու համար: Սակայն Աստանան չեղարկել է նաև Նազարբաևի` հոկտեմբերի 12-ի պաշոնական այցը Ադրբեջան, որտեղից էլ նա պետք է գար Հայաստան: Եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանի դեպքում խոսքը ոչ թե աշխատանքային, այլ պաշտոնական, այսինքն` ավելի բարձր մակարդակի այցի մասին է, հասկանալի է դառնում, որ Աստանայի պատճառաբանությունը, ըստ ամենայնի, հիմնավոր է: Գոնե երևում է, որ այս անգամ Աստանան ավելի հավասարակշռված վարքագիծ է դրսևորում:

Հարցն այն է, թե որքանո՞վ են լուրջ Նազարբաևի առողջական խնդիրները: Ուզբեկստանի հանգուցյալ նախագահի հետ տեղի ունեցածի փորձը ցույց է տալիս, որ սուլթանական բնույթի միջինասիական երկրներում պաշտոնական բացատրությունները շատ հաճախ իրականությունը թաքցնելու նպատակ են հետապնդում...

Գևորգ Դարբինյան