կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-19 17:40
Առանց Կատեգորիա

Ինչ ասացին Սերժ Սարգսյանի ականջին Բրյուսելում

Ինչ ասացին Սերժ Սարգսյանի ականջին Բրյուսելում

Դեկտեմբերի 18-ին ԵԺԿ ընդլայնված ձևաչափով գագաթաժողովին մասնակցելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա այցը Բրյուսել մնաց ստվերում: Դրա մասին հոգ էին տարել թե' Երևանում և թե' ԵԺԿ-ում: Նախագահի այցի մասին նրա աշխատակազմը տեղեկացրեց այցից, կարելի է ասել, րոպեներ առաջ միայն, իսկ վերադարձից հետո բավարարվեց ընդամենը մեկ, ժլատ բովանդակությամբ մամլո հաղորդագրության հրապարակմամբ, ինչը մատնում էր այդ այցի շուրջ ավելորդ տեղեկատվական աժիոտաժ չբարձրացնելու և գուցե Մոսկվայի ուշադրությունը դրա վրա չսևեռելու ցանկությունը:

 

ԵԺԿ-ի միջոցառմանը մասնակցելու համար Բրյուսել մեկնելը կարելի է ինչ-որ իմաստով հնարամիտ քայլ համարել: Մի կողմից` սա պաշտոնապես կուսակցական նշանակության այց էր, բայց մյուս կողմից՝ հատկապես հիմա, Բրյուսելին որոշակի մեսիջներ հղելու լավ հնարավորություն: ԵԺԿ-ում նախագահը ելույթ չի ունեցել, նախկինի նման տարբեր երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով հանդիպումների չի մասնակցել: Նրան ընդունել է միայն ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, որի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վերահաստատել է ԵԺԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Հայաստանի պատրաստակամությունը և շեշտել, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը:

 

Թերևս հենց այսքանն ասելու կամ, ավելի ճիշտ, ցուցադրելու նպատակով էր նա որոշել օգտվել ԵԺԿ հավաքին մասնակցելու հնարավորությունից, թեեւ նրա ներկայությունը որևէ գործնական նշանակություն ունենալ չէր կարող: Այնպիսի մի փուլում, երբ Ղազախստանի պառլամենտի երկու պալատները վավերացնում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և գործընթացն ավարտին հասցնելու համար մնում է սպասել միայն Բելառուսի կողմից վավերացման գործընթացի ավարտին, նման ուղերձի հղումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն:

 

Նախ՝ դրանով ցույց է տալիս, որ, ԵՏՄ-ին անդամակցելով, Երևանն իրեն չի կաշկանդում ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում և հավատարիմ է մնալու նախորդ տարի Վիլնյուսում ընդունված՝ համագործակցությունը շարունակելու մասին հռչակագրին՝ անկախ ԱլԳ ծրագրից բխող ասոցացման պայմանագիրը չստորագրելու հանգամանքից: Սա արվեց «և, և»-ի քաղաքականությունից Հայաստանի չհրաժարվելու համոզվածությունը Բրյուսելին ներշնչելու համար:

 

Երկրորդ՝ այցը տեղի ունեցավ գլխավորապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի ունեցած լրջագույն ցնցումների ֆոնին: Եվ այս այցով նախագահը կարող էր փորձել զգուշացնել Բրյուսելին, թե ԵՄ Արևելյան ծրագրում ներգրավված երկրերի ու մասնավորապես Հայաստանի համար ինչպիսի աղետալի հետևանքների են հանգեցնում Ռուսաստանի հետ Արևմուտքի ներկայիս հարաբերությունները: Այնպես որ` չի բացառվում, որ սա հետագայում ևս Բրյուսելից ֆինանսական նոր օժանդակություն ստանալու նախադրյալներ ստեղծելուն ուղղված քայլ էր:

 

Եվ,կարծես, այս ուղերձները տեղ են հասել: Թերևս զուտ պատահական համընկնում չէր նախագահի այցի նախօրեին` դեկտեմբերի 16-ին, Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանի՝ ասուլիսի ընթացքում արած այն հայտարարությունը կամ վերահաստատումը, թե Եվրամիությունը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համագործակցության շրջանակները հստակեցնելուն ուղղված իրավապայմանագրային նոր բազայի ստեղծումը՝ հաշվի առնելով ԵՏՄ-ի ներքո Հայաստանի կողմից նոր հանձնառություններ ստանձնելու իրողությունը: Իսկ արդեն նախագահի այցի օրը ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարը մոտ 10 մլն դոլարի դրամաշնորհային ֆինանսական օգնության պայմանագրեր կնքեց 15 կազմակերպությունների հետ՝ ավելի առարկայացնելով Բրյուսելի ցանկությունը Հայաստանի հետ հարաբերությունները նորացնելու հարցում և ասելով, որ ԵՄ-ն ոչ միայն չի պատրաստվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո հավաքել ճամպրուկներն այստեղից, այլև փորձելու է ամրապնդել սասանված դիրքերը և աշխատել բոլորովին նոր մեթոդաբանությամբ:

 

Եվ դա առավել քան հասկանալի է: Դեռևս չգործող ԵՏՄ անդամների՝ մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից` Ղազախստանի և Բելառուսի միջև առկա ակնհայտ և աղաղակող տնտեսական ու քաղաքական տարաձայնությունները, որոնք ողջ սրությամբ դրսևորվելու են 2015թ. հունվարի 1-ից, Բրյուսելին հույսեր են ներշնչում, որ այդ միությունը երկար կյանք չի ունենալու և գուցե ամբողջությամբ փլուզվի Ռուսաստանի տնտեսության փլուզմանը զուգընթաց: Բելառուսի նախագահը կառավարությանը հրահանգել է Ռուսաստանի հետ բոլոր գործարքներն իրականացնել դոլարով և եվրոյով, ինչն ամենամեծ ազդակն է այն բանի, որ անգամ ԵՏՄ անդամները համոզված չեն, որ Ռուսաստանին կհաջողվի դուրս պրծնել տնտեսական այս աղետից: Հաշվի առնելով նման զարգացումների իրատեսականությունը՝ ԵՄ-ն, այսպիսով, ձգտում է նախադրյալներ ստեղծել` Հայաստանին կրկին դեպի եվրոպական վեկտորի շրջանակ վերադարձնելու համար: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու պետք է Բրյուսելը 170 մլն դոլարի օգնության պայմանագիր կնքեր մի երկրի կառավարության հետ, որը մտնում է իրեն հակակշռելու նպատակով ստեղծվող տնտեսական միություն: Եվ, ըստ ամենայնի, ԵՄ-ն այդ նախադրյալները փորձելու է ստեղծել մի կողմից պետական հատվածին որոշակի իրավաքաղաքական պարտավորությունների և հանձնառությունների տակ դնելու, մյուս կողմից` հասարակական, քաղաքացիական սեկտորն ակտիվացնելու և վերջիններիս միջոցով իշխանության նկատմամբ վերահսկողությունը և ճնշումների հնարավորությունները մեծացնելու միջոցով: ԵՄ-ն դասեր է քաղել Հայաստանի ասոցացման գործընթացի տապալումից, երբ, հանուն այդ պայմանագրի ստորագրումը գլուխ բերելու, ամբողջությամբ հավատում էր իշխանությունների տված բանավոր խոստումներին և ակնհայտորեն աչք փակում եվրաինտեգրացիայի ու արևմտյան արժեքներն արմատավորելուն ուղղված` իշխանության արած կոսմետիկ քայլերի իմիտացիոն բնույթի վրա:

 

Մոտեցումների վերանայման մասին է վկայում հատկապես 15 տեղական կազմակերպությունների հետ 10 մլն դոլարի դրամաշնորհային ծրագրերի հաստատումը: Բանն այն է, որ չնայած այդ գումարը բաշխվելու է մի քանի ոլորտներում` սկսած գյուղատնտեսությունից մինչև ենթակառուցվածքներ և բնապահպանություն, սակայն դրա մոտ մեկ քառորդը փաստացի ուղղվում է հասարակական և քաղաքացիական սեկտորի, ինչպես նաև լրագրողական հանրույթի ակտիվացմանը: Սա նշանակում է, որ արդեն հաջորդ տարվանից ականատես ենք լինելու քաղաքացիական ակտիվ շրջանակների գերակտիվացմանը և իշխանության նկատմամբ հանրային ճնշումների աճին: Այնպես որ` կարծես թե ԵՄ-ն զրկելու է իշխանություններին մանևրելու հնարավորությունից և հանրային կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի բարեփոխումներ իրականացնելու ստանձնած պարտավորությունների կատարման հարցում լինելու է ավելի հետևողական: Բայց սա իշխանության համար իրականում ոչ թե ԵՏՄ-ի ներքո ներքին ժողովրդավարացման և վերափոխումների կամ առողջ հենման կետ ունենալու հնարավորություն է, այլ նոր մարտահրավեր: Որովհետև չի կողմնորոշվելու` ինչպես համադրել Ռուսաստանի և ԵՄ-ի առջև արժեքային իմաստով իրար հակակշռող պահանջները, որ կողմերից որևէ մեկը դժգոհ չմնա:

 

Գևորգ Աղաբաբյան