Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարօրինակ զուգադիպությամբ Հայ ազգային կոնգրեսն իր «ամենավճռական» հանրահավաքներն անցկացնում է հենց այն օրերին, երբ Հայաստան են այցելում միջազգային կառույցների պատասխանատու ներկայացուցիչներ:
Երեկ` այն պահին, երբ Ազատության հրապարակում ՀԱԿ-ն իր «ջրբաժանային» հանրահավաքն էր անցկացնում, Երևանում միանգամից երկու հեղինակավոր պատվիրակություն կար: Ապրիլի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն, որը պետք է հանդիպումներ ունենար ոչ միայն երկրի ղեկավարության, այլև հասարակական շրջանակների հետ: Նույն օրը Հայաստան եկավ նաև Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը, որը ապրիլի 24-ից գտնվում է տարածաշրջանում, Բաքվում հայտարարել է, թե Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ նույն մոտեցումը ԱՄՆ-ն ցուցաբերում է նաև Հայաստանի նկատմամբ և նմանատիպ հայտարարություն Քեյդենաուն կանի նաև Երևանում:
Ինչ վերաբերում է ԵՄ հանձնակատարին, ապա 2010թ. դեկտեմբերին նա Երևանում հայտարարել էր. «Կարեւոր է, որ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական հիշողությունները մնան ետեւում: Նկատի ունեմ` ոչ թե մոռացության մատնել դրանք, այլ պահելով հիշողության մեջ` առաջ գնալ, ազատ արձակել նրանց, ովքեր դեռ անազատության մեջ են` մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ»:
Ավելորդ չի լինի հիշել նաև ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հունվարյան ելութը Երևանի պետական համալսարանում և դրան հաջորդած հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ: Այդ ելույթին հաջորդեցին իշխանություն-«արմատական ընդդիմություն» փոխադարձ ռևերանսները, այնուհետև նաև երկխոսությունը, որն ամբողջությամբ համապատասխանում էր դեսպանի ելույթի տրամաբանությանը:
Այլ կերպ ասած` օտարերկրյա պատվիրակությունների այցելություններն էլ շատ որոշակի կապված են տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի ներքին խնդիրների և դրանց շուրջ ընդդիմության ձեռնարկումների հետ: Որ արևմտյան էմիսարների այս այցի և հենց այդ օրերին ՀԱԿ-ի կողմից հանրահավաքներ անցկացնելու իրողությունները փոխշաղկապված են, ցույց է տալիս նաև նախորդ հանրահավաքների փորձը: ՀԱԿ-ի` մարտի 18-ին կազմակերպված հանրահավաքը համընկավ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի Հայաստան կատարած այցի հետ: Դրանից առաջ Կոնգրեսը հանրահավաք անցկացրեց 2010թ. նոյեմբերի 9-ին, այն օրը, երբ Երևանում անցկացվելու էր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության սեմինար, որին մասնակցելու համար ներկայացուցիչներ էին եկել օտարերկրյա իրավապաշտպան կազմակերպություններից, ԵՄ-ից և այլն, և որոնց մի մասը սեմինարից հետո միացան հանրահավաքի մասնակիցներին:
Այս ամենը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը ձգտում է իր հանրահավաքները վերածել միջազգային մակարդակի թամաշայի: Իհարկե, դա կարելի է հասկանալ քաղաքական դիվիդենդներ ստանալու, զուտ մարտավարական հարց լուծելու տեսանկյունից: Երբ վաղօրոք հայտնի է լինում օտարերկրյա պատվիրակությունների ժամանելու կոնկրետ օրը և այցի նպատակները, դժվար չէ, իհարկե, հանրահավաքի անցկացումն այդ օրը պլանավորելը:
Սակայն հաջորդ հանրահավաքը ապրիլի 28-ին անցկացնելու մասին Տեր-Պետրոսյանը հայտարարեց ապրիլի 8-ին կայացած հանրահավաքում: Հարց է առաջանում` այդ ինչպե՞ս, որտեղի՞ց ՀԱԿ-ը առնվազն 20 օր առաջ իմացավ, որ, հենց ապրիլի 28-ին են ԱՄՆ պետքարտուղարը կամ էլ ԵՄ հանձնակատարը ժամանելու Հայաստան, եթե այդ պահին այցի վերաբերյալ պաշտոնապես դեռևս չէր տեղեկացվել:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ՀԱԿ-ի գործողությունները կամ կոորդինացվում են դրսում կամ առնվազն այնտեղից նրան տեղյակ են պահում իրենց պլանների մասին ու համաձայնեցնում քայլերը: Իսկ դա շատ հավանական է, եթե նկատի առնենք, թե արևմտյան էմիսարներն ինչ ինտենսիվությամբ էին հանդիպում առաջին նախագահի հետ իրենց հայաստանյան այցերի ժամանակ:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ