կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-05 14:28
Իրավական

Համաներումը քաղաքական ակտ է, այս համաներումը՝ էլ ավելի. Ռուբեն Մելիքյան

Համաներումը քաղաքական ակտ է, այս համաներումը՝ էլ ավելի. Ռուբեն Մելիքյան

Համաներումն, առհասարակ, քաղաքական ակտ է, այս համաներումն էլ ավելի քաղաքական ակտ էր. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը:

Նա ձեռնպահ մնաց քաղաքական գնահատականներ տալուց, սակայն նշեց, որ, իրավական տեսանկյունից խնդրին անդրադառնալով, պետք է միշտ հաշվի առնել, որ համաներումն ունի նաև երկրորդ կողմը՝ տուժողները, այսինքն՝ անպայման պետք է հաշվի առնվեն տուժողների շահերը:

«Սկսած 2011-ի համաներումից՝ համաներման ակտի կիրառման հարցում ենթադրյալ կամ արդեն իսկ հաստատված հանցագործություններից տուժողների դերը հաշվի է առնվել, մասնավորապես՝ նախկին համաներումներից, այսինքն՝ եթե վնասն, օրինակ, պետք է հատուցված լինի, որ նոր համաներումն իրականացվի: Այս գիծը համաներման ակտում շարունակվում է: Համաներման կոնտեքստում մենք պետք է ավելի ուշադիր լինենք այն հարցերի նկատմամբ, որոնք խորքային հետևանքներ են ունենում, օրինակ՝ պետականությանը հարվածող գաղափարախոսության մասին»,- ասաց Մելիքյանը:

Խոսելով ցմահ ազատազրկվածների մասին՝ նա նշեց, որ նախ պետք է հասկանալ՝ ինչպես է պետությունը պատկերացնում այդ մարդկանց ուղղումը: Մելիքյանի խոսքով՝ մեր օրենսդրությունն այնպիսին է, որ ստացվում է` մարդիկ 25 տարով խիստ ռեժիմում անցկացնում են ու հետո հնարավորություն ունենում պայմանական վաղաժամկետով ազատ արձակվելու: «Դժվար է այս վիճակում անձանց հասարակություն վերադարձնել: Ես այն մոտեցման կողմնակիցն եմ, որ դա լինի աստիճանական պրոցես, և հնարավորություն տրվի փակ ռեժիմից անցնելու կիսափակի… Այսինքն՝ համակարգային մոտեցում պետք է ձևավորվի: Լավ ազդակն այն էր, որ մենք առաջին դեպքն ունեցանք, որ մարդը պայմանական վաղաժամկետով ազատվեց, բայց մեդալը երկու երես ունի, և պետք է հաշվի առնել, որ, այնուամենայնիվ, ցմահ ազատազրկվածների մասով երկրորդ երեսը՝ տուժողների շահերը, շատ ավելի մեծ հաշվառման կարիք ունեն: Այս հարցում ես անհատական մոտեցման կարիք եմ տեսնում»,- ասաց Մելիքյանը: