կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 20:21
Իրավական

«Պեպսի»-ի և «Կոկա»-ի «գզվռտոցը» լցրել է հայաստանյան սպառողների համբերության բաժակը

«Պեպսի»-ի և «Կոկա»-ի «գզվռտոցը» լցրել է հայաստանյան սպառողների համբերության բաժակը

Արդեն սովորական է դարձել, որ հանրապետությունում գործող սրճարաններում կամ սննդի կետերում ««Կոկա-Կոլա» կբերե՞ք» հարցին պատասխանում են. «Ներեցե’ք, մենք միայն «Պեպսի» ենք ստանում»: Կամ` հակառակը: Սակայն այն, որ, «Կոկա Կոլա»-ն ձեռքիդ, կարող են թույլ չտալ մտնել` ֆիլմ դիտելու, նորություն էր:

Օրերս Yerkir.am-ին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ հայաստանյան կինոթատրոններից մեկում իրեն խորհուրդ են տվել «Կոկա-Կոլա»-ով չմտնել կինոդահլիճ, քանի որ դրա պատճառով հնարավոր է` «իրենց վրա խոսակցություն գա»: Քաղաքացուն «ներքին կարգով» բացատրել են, որ գազավորված ըմպելիքներից իրենց մոտ միայն «Պեպսի-Կոլա»-ն է թույլատրվում, և քանի որ այդ ընկերություններն «իրար հետ չունեն», «Կոկա-Կոլա»-ով կինոսրահ մուտք գործելը չի խրախուսվում:

Yerkir.am-ը պարզեց, որ, «Կոկա-Կոլա»-«Պեպսի-Կոլա» դատական քաշքշուկով պայմանավորված, այդ ապրանքներն իրացնողները խուսափում են թեկուզև մանր կոնֆլիկտի մեջ մտնել ընկերությունների հետ:

Նշենք, որ շուրջ վեց ամիս է, ինչ վարչական դատարանը քննում է «Կոկա-Կոլա»-ի հայցն ընդդեմ ՏՄՊՊՀ –ի: Ընկերությունը դատարանից պահանջում է ամբողջությամբ վերացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` «Կոկա-Կոլա»-ին 50 միլիոն դրամ տուգանելու վերաբերյալ որոշումը: Վարչական վարույթը հարուցվել էր «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքի հիման վրա: «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն մեղադրվում է գերիշխող դիրքի չարաշահման համար: «Պեպսի-Կոլան» պնդում է, որ «Կոկա-Կոլան» չի թողնում, որ շատ տեղերում վաճառվի «Պեպսի»-ի արտադրանքը՝ այդպիսով շուկայում մենաշնորհ ձեռք բերելով: ՀՀ 30 ամենախոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, սակայն, համարում է, որ «Պեպսի-Կոլա-ի» պնդումներն անհիմն են, իսկ ՏՄՊՊՀ-ն էլ վարչական վարույթն իրականացրել է սահմանված ընթացակարգերին անհամապատասխանությամբ:

Yerkir.am-ի հետ զրույցում «Կոկա-Կոլա» ընկերության ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը հրաժարվեց մանրամասներ պատմել գործի ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ այդ կերպ հնարավոր է վնասեն դատաքննությանը: Նա միաժամանակ հայտնեց, որ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործով հնարավոր է հրապարակվեն առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, որոշում է կայացրել նիստերն անցկացնել դռնփակ ընթացակարգով:

Թե որքա՞ն կտևի դատական քաշքշուկը, և որքա՞ն ժամանակ սպառողը ստիպված կլինի շարժվել «թշնամի» ընկերությունների քմահաճույքով, հայտնի չէ: