Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության` դեռևս շարունակվող համաշխարհային, ազգային, համայնքային և անհատական հետևանքների հարցում հարատև լուծումներ գտնելու նպատակով ստեղծվել է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոն: Այս կենտրոնի բացման մասին այսօր լրագրողներին տեղեկացրեցին կենտրոնի վարչության նախագահ Քենեթ Խաչիկյանը և կենտրոնի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նշենք, որ կենտրոնը ազգային և միջազգային ատյանների և հարթակների միջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանության արդարացի լուծմանը և պաշտպանել Արցախի անկախության իրավունքը: ՀԻԿ-ը ջանալու է համակարգել մարդու իրավունքների խախտումներին առնչվող հարցերը, հայտնաբերել հնարավոր հայցվորներին, հետաքննել խախտումները և հավաքել անհրաժեշտ ապացույցներ:
«ՀԻԿ-ն ակնկալում է աշխարհի հայ համայնքների բոլոր հատվածների հետ միասնաբար աշխատել` անդրադառնալու Թուրքիայի Հանրապետության և այլոց պատասխանատվությանը, Հայոց ցեղասպանության աշխարհաքաղաքական, տարածքային և մակրոտնտեսական հետևանքներին, ԼՂՀ ապագային վերաբերող հարցերին»,- ասաց ՀԻԿ վարչության նախագահ Քենեթ Խաչիկյանը:
Կենտրոնը, միջազգային իրավական գործունեությանը զուգահեռ, ուշադրությունը սևեռելու է Ցեղասպանության ընթացքում հափշտակված կամ բռնագրավված հավաքական գույքի և այլ ունեցվածքի վրա, որոնց թվում` եկեղեցիների, կրոնական վայրերի, հաստատությունների, դպրոցների, թանգարանների, մշակույթի գործերի, մշակութային արժեքների, գրքերի և այլ ունեցվածքի: Կենտրոնն արձանագրելու է հայոց ազգային, համայնքային և անձնական գույքի բռնազավթումները, որպեսզի գտնի այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանում կհաստատեն հարատև խաղաղություն և կայունություն՝ հիմնված արդարության և պատասխանատվության վրա:
«ՀԻԿ-ը ազգային և միջազգային իրավական ասպարեզներում Ցեղասպանության համար հատուցման հասնելու իր ջանքերն իրագործելիս հանձն է առնում ապահովել արդարություն բոլոր նրանց համար, ովքեր դեռևս կրում են այս հանցագործության վերքերը: Իսկ ավելի լայն առումով, որպես մարդու իրավունքների համաշխարհային շարժմանը նվիրված կազմակերպություն, ՀԻԿ-ը, միջազգային իրավունքի և համաշխարհային մարդասիրական արժեքներին համահունչ իրավական նախադեպեր ստեղծելու և համապատասխան քաղաքականության մշակմանը աջակցելու միջոցով աշխատելու է ապագա բռնությունները կանխելու ուղղությամբ»,- ասաց ՀԻԿ վարչության անդամ Կիրո Մանոյանը:
ՀԻԿ-ի կենտրոնատեղին գտնվելու է Վաշինգտոնում, բայց աշխատելու է միջազգային ասպարեզում՝ ուշադրությունը սևեռելով հատուցման հասնելու համար բոլոր հնարավորություններին: Վարչության անդամները Հայաստանից են և Սփյուռքից: