կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 11:00
Քաղաքական

ԱՄՆ նախագահի թեկնածու Գաբբարդը հաստատակամ է Հայոց ցեղասպանության դատապարտման պահանջի արդարացի լուծման և Արցախի ու Հայաստանի բարգավաճման հարցում

Հավայյան կղզիներից կոնգրեսական և ԱՄՆ նախագահի թեկնածու Տուլսի Գաբբարդը կոչ է արել ընդունել  Հայոց ցեղասպանության ճանաչման արդար բանաձևը և խոստացել է նպաստել Հայաստանի ու Արցախի անվտանգության և բարգավաճման ապահովմանը: Այս մասին Գաբբարդը հայտարարել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի տարածած տեսանյութում:

«Ես այնքան երախտապարտ եմ, որ 2017 թվականին ինձ հնարավորություն է ընձեռվել Հայաստան և Արցախ այցելելու, որտեղ ես ավելի խորը տեղեկացա հայ ժողովրդի առջև ծառացած ինչպես մարտահրավերների, այնպես էլ հնարավորությունների մասին»,- տեսանյութում նշում է Գաբբարդը, որը նկարահանվել է հենց այն բանից հետո, երբ թեկնածուն հանդիպում է ունեցել ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի պաշտպանների հետ Սան Ֆրանցիսկո-Բայ կոչվող տարածաշրջանում:

Նա հավելել է. «ԱՄՆ հայ համայնքը դրական և անբաժան դեր է խաղացել ավելի քան մեկ դար, և ես հպարտ եմ կանգնել համայնքի նպատակների իրագործման կողքին` հասնելու Հայոց ցեղասպանության դատապարտման պահանջի արդարացի լուծմանը, և օժանդակել Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովման գործին»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում իր միջնորդական դերը, սակայն  հավելել է, որ դա չի նշանակում, որ պետք է շարունակել կեղծ հավասարության քաղաքականությունը և ազնվորեն չխոսել, երբ կողմերից որևե մեկը խախտում է հրադադարը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է առաջ տանի բանաձև, որը հիմնված կլինի միայն Հայաստանի կամ Արցախի կողմից զիջումների վրա` Ադրբեջանի կողմից զիջումների բացակայության պայմաններում: 

Մանրամասները`տեսանյութում: