Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում որոշվեց, որ քաղաքաշինության նախարարությունը վերացվում է, և ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Ընդ որում` մշակութային արժեքների պահպանման լիազորությունն առանձնացվում է մշակույթի նախարարությունից:
«Ես գիտեմ, որ մշակույթի նախարարը դա սխալ է համարում, որովհետև գտնում է, որ մշակույթի նախարարությունն այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայց մենք ցանկանում ենք այդ մասնագիտացված ոլորտները միացնել»,- ասաց վաչապետ Կարեն Կարապետյանը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առարկեց` ասելով, որ ինչպես էլ իրավաբանական հարցերը ձևավորվեն, Հայաստանը տարիներ շարունակ գնացել է եվրոպական փորձով, որովհետև Հայաստանի պատմամշակութային ժառանգությունն իր կշռով համահունչ է այնպիսի պետությունների չափանիշներին, ինչպիսիք են Իտալիան ու Ֆրանսիան: Այդ երկրներում շատ մեծ կշիռ է տրվում հուշարձանների պահպանությանը, դրանք հզորագույն կառույցներ են ու գործակալություններ` բոլոր տեսակի լծակներով, ներառյալ` վերահսկողական:
«Իմ կարծիքով` քաղաքաշինության խնդիրները դնել մի կառույցի մեջ` պատմամշակութային հուշարձանների հետ, դա նշանակում է, որ մենք լուրջ վտանգելու ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը: Ես խնդրում եմ հաշվի առնել իմ ահազանգը` մեր ազգային մշակույթի շահերից ելնելով, խնդրում եմ, որ այս հարցը լրջագույնս քննարկվի»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը մի ճշտում մտցրեց` ասելով, որ ճարտարապետության կոմիտեի լիազորության ներքո մտնում են վերակառուցվող հուշարձանները` այնքանով, որ դրանք կապ ունեն ճարտարապետության կամ շինարարության հետ: