Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր` 38-ամյա Արման Սահակյանը, ով մեծամասնական ընտրակարգով ընտրվել է 35-րդ ընտրատարածքից (Շիրակ), Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում առանձնապես աչքի չի ընկել իր օրենսդրական գործունեությամբ, ինչպես և մյուս ՀՀԿ-ական գործընկերները։
Ըստ parliamentmonitoring.am կայքի` 9-րդ նստաշրջանում նա 7 անգամ բացակայել է ԱԺ նիստերից, իսկ երբ մասնակցել է` 50 անգամ կողմ է քվեարկել, 1 անգամ` ձեռնպահ և ոչ մի անգամ` դեմ։ Այս ընթացքում երբևէ ելույթներ և հարցեր չի հնչեցրել ԱԺ ամբիոնից։
Պատգամավորն ակտիվ չի եղել նաև իր գույքի և եկամուտների հայտարարագրման հարցում։ Նախ` չի ներկայացրել 2012 թվականին՝ պատգամավորական մանդատը ստանձնելու պահին ունեցած գույքն ու եկամուտները։ Նշենք, որ պաշտոնը ստանձնել է 2012 թվականի դեկտեմբերի 2-ին։
2013
2013 թվականին պատգամավորը փոխառությամբ գումարներ տալու խոշոր գործարքներ է կատարել, մասնավորապես` տարվա սկզբին փոխառությամբ տրված 54,2 միլիոն դրամ է ունեցել։ Տարվա ընթացքում Սահակյանը փոխառությամբ հանձնել է ևս 49,3 միլիոն դրամ։ Տրվածից 26,7 միլիոն դրամը տարվա ընթացքում վերադարձվել է։ Տարեվերջին պատգամավորն ունեցել է 76,8 միլիոն դրամ՝ փոխառությամբ տրված գումար։
Մեկ այլ տողով` նույն տարվա ընթացքում նա փոխառությամբ 300 միլիոն դրամ է տվել, որից 123,5 միլիոն դրամը վերադարձվել է, և տարեվերջին ունեցել է 176,5 միլիոն դրամ՝ փոխառությամբ տրված գումար։
Պատգամավորը նաև դոլարով է փոխառության գործարք կատարել` 60 հազար դոլար է հանձնել փոխառությամբ, տարվա ընթացքում այն վերադարձվել է։
Սահակյանն աչքի է ընկնում նաև իր խնայողությունների չափով. 2013 թվականի սկզբին նա ունեցել է 79,5 միլիոն դրամ և 93 800 դոլար, որոնք տարեվերջին աճել են` դառնալով 83,6 միլիոն դրամ և 96 000 դոլար։
2013 թվականի ընթացքում պատգամավորի եկամուտը կազմել է շուրջ 330 միլիոն դրամ, որի չնչին մասը եղել է աշխատավարձը՝ 3,15 միլիոն, հիմնական մասը՝ 322 միլիոնը եղել է շահաբաժինը, 3,6 միլիոնը` վարձակալությունից ստացած եկամուտը։
Մարինա Խանզատյանը՝ պատգամավորի կինը, այդ տարվա ընթացքում նույնպես փոխառության գործարք է կատարել։ 2013 թվականի սկզբին նա փոխառությամբ շուրջ 290 միլիոն դրամ է տվել, որից 72,5 միլիոն դրամը տարվա ընթացքում վերադարձվել է։ Տարվա վերջում նա ունեցել է փոխառությամբ հանձնված շուրջ 217 միլիոն դրամ գումար։ Տարվա սկզբում նրա դրամական միջոցները եղել են 12,18 միլիոն դրամ, տարվա վերջում դարձել` 12,35 միլիոն դրամ։ Ի դեպ, Մարինա Խանզատյանը որևէ եկամուտ չի ունեցել։
2014
2014 թվականի ընթացքում պատգամավորի` փոխառությամբ տրված բոլոր գումարները վերադարձվել են և տարվա վերջում նա որևէ կոպեկ չի ունեցել՝ փոխառությամբ տրված։ Սակայն մինչ 2014-ի ավարտը Արման Սահակյանը հայտարարագրել է ևս մեկ տողով` փոխառությամբ տրված գումար, որը, սակայն, նախորդ տարվա հայտարարագրում չի նշվում։ Այսպես, ինչպես արդեն նշել էինք, 2013 թվականի տարեվերջին նա ունեցել է փոխառությամբ տրված 76,8 միլիոն դրամ և 176,5 միլիոն դրամ, սակայն 2014 թվականի հայտարարագրից երևում է, որ այդ տարվա սկզբում կամ նախորդ տարվա վերջում ունեցել է նաև փոխառությամբ տրված 171,87 միլիոն դրամ։ 2014-ի վերջին նրա դրամական միջոցները կազմել են 38,3 միլիոն դրամ և 43 հազար դոլար։ Եկամուտը կազմել է 6,46 միլիոն դրամ, որը եղել է աշխատավարձը։ Եվ չկա որևէ գրառում, թե ինչպե՞ս է օգտագործվել կամ որտե՞ղ է կուտակվել փոխառությամբ տրված և հետ վերադարձված` վերոնշյալ մի քանի հարյուր միլիոն դրամը։
2014 թվականի ընթացքում Մարինա Խանզատյանը փոխառության որևէ գործարք չի կատարել։ Ու թեև նախորդ տարվա վերջում նա ունեցել է 217 միլիոն դրամ` փոխառությամբ տրված գումար, ապա 2014-ի ընթացքում այդ 217 միլիոնը անհասկանալի պայմաններում հօդս է ցնդում։
Պատգամավորի կինն ինչպես նախորդ, այնպես էլ 2014 թվականի ընթացքում եկամուտ չի ունեցել, իսկ դրամական միջոցները կազմել են 11,45 միլիոն դրամ։
2015
2015 թվականին Արման Սահակյանը շուրջ 50 միլիոն դրամ է փոխառությամբ տվել, և նույն տարվա ընթացքում էլ գումարը վերադարձվել է։ Տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 91,2 միլիոն դրամ և 23 հազար դոլար, իսկ եկամուտը՝ շուրջ 121 միլիոն դրամ, որից 115 միլիոն դրամը եղել է վերցված վարկը, մնացած մասը՝ աշխատավարձը։
Պատգամավորի կինն այս տարի նույնպես փոխառության գործարք չի կատարել, եկամուտ չի ունեցել, բայց, այնուամենայնիվ, նրա դրամական միջոցները, թեև չնչին չափով, բայց ավելացել են`11,45 միլիոն դրամից դարձել են 11,65 միլիոն դրամ։
Սուրեն Ավետիսյան