կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-18 06:58
Աշխարհ

Օբաման իր ընտանիքի ֆինանսական կարողությունը գնահատել է 1-6 մլն դոլար

Օբաման իր ընտանիքի ֆինանսական կարողությունը գնահատել է 1-6 մլն դոլար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի ֆինանսական կարողությունը գնահատել է 1-6 մլն դոլար: Սպիտակ տունը երեկ հրապարակել է որոշ փաստաթղթեր` նշելով, որ դա է պահանջում 1978 թվականին ընդունված` կառավարության անդամների կողմից էթիկական նորմերը պահպանելու մասին օրենքը:

Դրա համաձայն` բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են ամեն տարի հանրությանը ներկայացնել իր ֆինանսական վիճակը, այդ թվում` բացահայտել, թե ինչ արժեթղթերի են տիրապետում` ընկերությունների բաժնետոմսեր եւ պետական պարտաթղթեր: Նպատակը «ֆինանսական շահերի հնարավոր բախումները կանխելն է»:

Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, կառավարական էթիկայի վարչության աշխատակիցները ստուգել են նախագահական զույգի, նաեւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ նրա տիկնոջ ներկայացրած տվյալները եւ «շահերի բախում» չեն հայտնաբերել:

Օբաման, որի տարեկան աշխատավարձը 400 հազար դոլար է, իր եկամուտների զգալի մասը ստացել է մինչեւ Սպիտակ տուն գալը գրված եւ 2010 թվականին վաճառված 2 գրքից: Առաջինը, ըստ նրա, ընտանիքին տվել 1-5 մլն դոլար, երկրորդը` 100 հազարից 1 մլն:

Դրամական միջոցների մեծ մասը Օբաման ներդնում է «Վենգարդ» ներդրումային հիմնադրամի կառավարմանը վստահված արժեթղթերի մեջ: Ենթադրվում է, որ ո'չ նախագահը, ո'չ էլ նրա կինը տեղյակ չեն, թե ինչպես են դրանք տնօրինվում: Բացի այդ` Օբամաներն ունեն ընթացիկ եւ խնայողական հաշիվներ, այդ թվում` դուստրերի անուններով` հետագայում բարձրագույն կրթություն ստանալու համար:

Չիկագոյում Օբամային պատկանող տան արժեքը հաշվետվության մեջ չի նշվում. դա թույլատրվում է օրենքով:

Անցյալ տարի Օբամաները վաստակել են 1,7 մլն դոլար, հարկ վճարել 453,8 հազար դոլար, 245 հազար դոլար էլ նվիրաբերել են 36 բարեգործական հիմնարկների: