կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 16:20
Տնտեսական

Վարչապետը, այդ գնահատականը տալով, մարտահրավեր է ընդունում. Արսեն Ղազարյան

Վարչապետը, այդ գնահատականը տալով, մարտահրավեր է ընդունում. Արսեն Ղազարյան

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները հարցեր ուղղեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի` երեկ արած այն հայտարարության մասին, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում:

Արսեն Ղազարյանը նախ նշեց, որ վարչապետի գնահատականը օբյեկտիվ է ու համարձակ, քանի որ, իսկապես, Հայաստանի տնտեսությունը 2016-ին դժվար գործառույթների մեջ էր, տնտեսական ցուցանիշները անկում են ապրել:

«Վարչապետը, այդ գնահատականը տալով, նաև մարտահրավեր է ընդունում, որ անելիքներ շատ կան: Ես ողջունում եմ նրա գնահատականը: Այսօրվա հանձնարարականը ՊԵԿ-ին հենց այդ համատեքստում էր, որ ՊԵԿ-ը հարկային պարտականությունների կատարումը խոշոր և միջին բիզնեսի կողմից համարի օրվա առաջնային հարց, որ վարչարարություն իրականացնելիս չխանգարի բիզնեսի նորմալ տնտեսվարմանը, և հստակ մոտեցումներ լինեն հարկային պարտականություններից խուսափողների նկատմամբ»,- ասաց նա:

Ղազարյանի խոսքով` այսուհետ ևս պետք են նոր մոտեցումներ, նոր հստակեցումներ, ռեալ քայլեր, կառավարության ու քաղաքական ուժերի աջակցություն գործարարներին` գաղջ մթնոլորտից դուրս գալու համար: Նրա համոզմամբ` բոլորը հասկացան, որ գտնվում են նույն նավի մեջ, և որ, առանց տնտեսական  ցուցանիշների, առանց  տնտեսության զարգացման, չի կարող լինել կենսամակարդակի բարձրացում:

Ինչ վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ` վարչապետի հանձնարարականին, Արսեն Ղազարյանը կարծիք հայտնեց, որ դա շատ լավ հանձնարարական էր, քանի որ բիզնես հանրությունը միշտ էլ մտահոգություն է հայտնել, որ սակագներն ազդում են ապրանքի ինքնարժեքի վրա, հատկապես` վերամշակող արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ: