Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ այս կազմի համար իրական մարտահրավեր է լինելու այս ընտրությունների արդյունքների հետ կապված որոշումը՝ ցույց տալու իրենց՝ Բարձր դատարանի դատավոր լինելու, առաքելությունը, որովհետև ակնհայտ է, որ այս ընտրությունները տեղի են ունեցել զանգվածային խախտումներով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ ընտրությունների հետ կապված վեճերի քննությունը օրենքը պարտադրում է անցկացնել միայն բանավոր ընթացակարգով, այսինքն, մենք հնարավորություն կունենանք ողջ գործընթացին հետևել հրապարակային։
«Վստահ եմ, որ կլինեն հիմնավոր տեղեկություններ ընտրախախտումների վերաբերյալ, և միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է վարչապետի պաշտոնում և օգտագործել է իր վարչական ռեսուրսը՝ անհավասար պայմաններ ստեղծելով ընտրական գործընթացի մյուս մասնակիցների համար, արդեն իսկ ակնհայտ հիմք է։ Պետք չէ դատավոր կամ իրավաբան լինել՝ տեսնելու համար ակնհայտը, որ նրա անհավասար դիրքերի հետևանքով է, որ կարողացել է ազդեցություն ունենալ ընտրողների կամքի և կարծիքի վրա, և ստանալ այդ թվացյալ քվեները, որոնք իրականության մեջ, իմ կարծիքով, գոյություն չունեն»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «ՍԴ-ում ճգնաժամը վերջացել է», Էդգար Ղազարյանի վրդովմունքն է առաջացնում․ ասում է՝ ՍԴ-ում ճգնաժամ չի էլ եղել մինչև այն պահը, երբ ԱԺ-ն հակասահմանադրական ճանապարհով փոփոխություններ կատարեց Սահմանադրության մեջ, ինչի իրավունքը չուներ և դրանից հետո նոր ՍԴ-ում առաջացրին ճգնաժամ։
«Մինչև դա՝ ճգնաժամի մասին խոսելը ցնդաբանություն էր, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ գործուղված Վահե Գրիգորյանն էր, որը դատավորի պատշոնում ընտրվելով, և դեռևս պաշտոնը չստանձնած, ինքնահռչակվեց ՍԴ նախագահ և խոսեց թվացյալ ճգնաժամի մասին։ Նման բան չի եղել, ճգնաժամ եղել է այդ փոփոխություններից հետո, երբ շուրջ 3 ամիս ՍԴ-ն չէր կարողանում նիստեր գումարել, խախտվեցին բողոքների քննության ժամկետները, ՍԴ-ում որոշումների կայացման օրենքով սահմանված ժամկետները, դատարանն ուներ կազմավորման խնդիրներ․․․ այդ ժամանակաշրջանում է միայն եղել կազմավորման ճգնաժամ, որն, ըստ էության, մինչև հիմա հաղթահարված չէ»,-ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։
ՍԴ-ն կարող է ընտրությունների արդյունքները թողնել ուժի մեջ, դրանք անվավեր ճանաչել, վերաբաշխել մանդատները կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
Էդգար Ղազարյանն ասում է՝ հիմա հնարավոր չէ ասել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, բայց որոշման ցանկացած ելք ենթադրում է գործողությունների առանձին ընթացք։
ՔՊ-ն իր 71 մանդատով արդեն իսկ չունի սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում․ չի կարողանալու միանձնյա, առանց ընդդիմության ձայների, փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, ինչպես արեց նախորդ խորհրդարանում և խայտառակ գործողություն սանձազերծեց ՍԴ-ի շուրջ, ընդդիմությունը կարող է միանձնյա կազմավորել քննիչ հանձնաժողովներ, օրինակ, 44-օրյա պատերազմի հետևանքները քննող հանձնաժողով, կարող է Սահմանադրությանը հակասող օրենքի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՍԴ։ Արդյո՞ք սա բավարար ռեսուրս է մեր երկրի համար՝ հարցին, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ այս պահին մեր պետության շահերից բխող կարևորագույն խնդիրը հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և հայ ժողովրդի ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելն է և նրան հանրային կյանքում որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելը, որովհետև նրա մինչև այժմ կայացրած բոլոր որոշումները աղետալի հետևանք են ունեցել մեր ժողովրդի և պետականության համար։
ՍԴ դատավորների պատասխանատվությունն այս փուլում անչափ մեծ է, ասաց Էդգար Ղազարյանը, որովհետև այս պահին դա է միակ իրավական մեխանիզմը, որը հնարավորություն կտա ուղղակի իրավաբանորեն արձանագրել այն ընտրախախտման փաստերը, որոնք տեղի են ունեցել և ունեցել են էական ազդեցություն, և կանխել, որ Հայաստանը շարունակի ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․