կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 13:17
Հասարակություն

Մարդկանց ննջարաններում շատ բան է կատարվում, հաղորդում բացենք ու էդ ամեն ինչը ցույց տա՞նք. Փաշինյան

Մարդկանց ննջարաններում շատ բան է կատարվում, հաղորդում բացենք ու էդ ամեն ինչը ցույց տա՞նք. Փաշինյան

Այսօր խորհրդարանում շարունակում են քննարկել Տիգրան Հակոբյանին Ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու հարցը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վրդովված դիմեց Տիգրան Հակոբյանին` ասելով, որ վերջերս ATV հեռուստաալիքով այնպիսի տեսարանի է ականատես եղել և այնպիսի բան լսել, որ եթե իրեն պատմեին, չէր հավատա: «Խոսքը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մասին է: Հեռուստաալիքը փոխելիս մի այնպիսի նախադասություն հնչեց, որը ես պարզապես հիմա ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել: Ես երկար էի մտածում` բարձրաձայնե՞մ, թե՞ ոչ, բայց դա ամենալկտի պոռնո մտածողություն է և նորմալ հարաբերակցության կանոնակարգերին դեմ է: Ֆեյսբուքյան գրառում արեցի այդ մասին և արձագանքներից հասկացա, որ դա այս հաղորդման շրջանակներում սովորական բան է: Ես ուզում եմ իմանալ Ձեր գործողությունները` այս կարգի հաղորդումների հետ կապված, որովհետև բանավոր կերպով պոռնո տեսարաններ են նկարագրվում: Ուզում եմ իմանալ՝ ինչպիսի՞ն է Ձեր և հանձնաժողովի արձագանքը, ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրը, և Դուք այստեղ լուծելու խնդիր տեսնո՞ւմ եք»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ լուծելու խնդիր, իսկապես, կա, չի նայել վերոհիշյալ հաղորդումը, բայց իրականում տեսնում է  հասարակության տարբեր շերտերի պահանջների միջև դիսբալանսը: «Հեռուստատեսության ֆունկցիաներից մեկն էլ հասարակության, իրականության ռեպրեզենտացիան է: Մեզ կարող է դուր գալ կամ չգալ, բայց նրանց գործունեությունը ներկայացնում է այն շերտերը, մտածմունքը, ապրելակերպը, որոնք Հայաստանում իրականություն են: Արգելել այդ բաները` կնշանակի ստեղծել վիրտուալ պատկեր, որը կսահմանափակի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Մասնավոր դեպքի մասին դժվար է ասել, բայց մենք պետք է կարողանանք այնպես անել, որ եթերի կարգավորումը չլինի եթերի գրաքննություն»,- ասաց նա:

Պատասխանը վրդովեցրեց Փաշինյանին: Պատգամավորը ստիպված եղավ բարձրաձայնել այն նախադասությունը, որը մինչ այդ չէր ցանկանում հրապարակել, ապա ասաց. «Մարդկանց տներում շատ բաներ են կատարվում, այդ թվում` ննջարաններում, հազար ներողություն, նաև` զուգարաններում և մնացած տեղերում, այսինքն՝ մի հատ հաղորդում բացենք ու էդ ամեն ինչը ցույց տա՞նք: Հազար ներողություն, եթերում կարո՞ղ են լինել նաև զուգարանային կրքեր, և ուղիղ հեռարձակեն, թե այնտեղ ի՞նչ է կատարվում: Սա նշանակում է, որ հասարակության ամենաստորին շերտերը բերում ենք էկրան»: