Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀԿ ԳՄ եւ Խորհրդի նիստերից հետո լրագրողներին ասաց, որ տեղի ունեցող գործընթացները եւս մեկ անգամ փաստում են, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ քաղաքական նորաձեւության եւ տեմպի աղբյուրը Հայաստանում: «Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի գործունեությունը, ինչպես պետական կառավարման համակարգի, այնպես էլ տնտեսական, կոմունալ, քաղաքային խնդիրներին քաջատեղյակ լինելը` քաղաքապետի պաշտոնում աշխատելու ժամանակ, հաշվի առնելով կառավարչական հմտությունները, բնավորության մի շարք գծեր, ՀՀԿ-ն տվել է իր վստահության մանդատը Կարեն Կարապետյանին: Նշանակվելուց հետո ձեւավորվելու է նոր կառավարություն, կներկայացվի ծրագիր, որը կդառնա երկրի կարճաժամկետ զարգացման ծրագիր եւ երկարաժամկետ մարտահրավերներին դիմակայելու ուղենիշ»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին` իսկ արդյո՞ք նոր նախարարների թեկնածուներ քննարկվել են, Աշոտյանն ասաց, որ անվանական հարց չի քննարկվել: «Վստահ եմ` կառավարության ապագա կազմը լինելու է համախոհների թիմ, որ կկարողանա մարտահրավերներին եւ երկարաժամկետ զարգացման հնարավորություններին տալ արձագանքներ»,- նշեց նա:
Անդրադառնալով լրագրողների հարցադրմանը` արդյո՞ք հրաժարականը եւ նոր նշանակումը համաձայնեցվել են ՀՅԴ-ի հետ, Աշոտյանն ընդգծեց. «Դաշնակցության հետ մեր համագործակցությունն այլ փաստաթղթով է ամրագրված եւ այս հրաժարականի հետ կապ չունի»:
Հարցին` ինչո՞վ է զբաղվելու Հովիկ Աբրահամյանը, Աշոտյանն ասաց` վստահ եմ քաղաքականությամբ` ՀՀԿ կազմում: ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանը բարձր տրամադրություն ուներ:
«Ներկայացնելով վարչապետի թեկնածություն` ՀՀԿ-ն նոր վարչապետին տալիս է ստեղծագործելու հնարավորություն, մենք չենք կաղապարելու մեր գործադիր մարմնին»,- շեշտեց Աշոտյանը:
Նաեւ անդրադառնալով այն հարցին, որ Կարեն Կարապետյանը հանրապետական չէ, ասաց, որ առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն կառավարման հանրային ներուժն է ներգրավում, թեկուզ` ոչ կուսակցական: