կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-08 13:40
Հասարակություն

Անձերի փոփոխությունն ինձ ո՛չ ոգևորում է, ո՛չ տխրեցնում. Ռուբեն Բաբայան

Անձերի փոփոխությունն ինձ ո՛չ ոգևորում է, ո՛չ տխրեցնում. Ռուբեն Բաբայան

Անձերի փոփոխությունն ինձ ո՛չ ոգևորում է, ո՛չ տխրեցնում, անձերի մեջ չեմ տեսնում մեր երկրի խնդիրը, այլ նրանում, որ երկիրը չունի զարգացման ծրագիր, չի գտնում իր տեղը թե՛ այսօրվա, թե՛ վաղվա կյանքում. yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ վարչապետի հրաժարականի և նախարարների` հնարավոր փոփոխման մասին, կարծիք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա` այն արագ տատանումները, որոնք տեղի են ունենում երկրի զարգացման ուղի ընտրելիս, ապացուցում են, որ որևէ բան խորքային բնույթ չունի, և փոփոխությունները մակերեսային են:

«Փոփոխությունները կոչված են այսօրվա ինչ-ինչ պահանջներ տարբեր կողմերից բավարարելուն, ինչ-որ նորմաների համապատասխանելուն, այլ ոչ թե բխում են մեր պահանջից` ինչպիսին ենք ուզում տեսնել երկիրը, ինչ քաղաքակրթական դաշտում, ինչ զարգացման մոդել ու տնտեսություն, մշակույթ, առողջապահական համակարգ ու կրթություն ենք ուզում ունենալ: Ես վաղուց չեմ ոգևորվում պարզապես անձերի փոփոխությունից, կարծում եմ` ոչ էլ պետք է խոր հիասթափություն ապրել: Կապրենք, կտեսնենք»,-ասաց Բաբայանը:

Նրա կարծիքով` պետք է հասկանալ` փոփոխությունն իսկապես բացատրվո՞ւմ է նրանով, որ ուզում ենք կտրուկ փոխել մեր ապրելաոճը, այն գիծը, որ մենք բռնել ենք, թե՞ պարզապես ամբոխավարության և կարիերիզմի որոշակի պահանջներին բավարարելու համար է արվում, քանի որ գիտենք` ամբոխը նման փոփոխություններից հետո հանգստանում է որոշ ժամանակ, հետո կրկնվում է ամեն ինչ: «Իսկ մենք պետք է արձանագրենք` իրականում մեզ մոտ անձերի փոփոխությունով ոչինչ չի փոխվում` լինի նախագահ, վարչապետ, թե` նախարար: Հուլիսյան դեպքերից հետո նախագահն իր ելույթի ժամանակ ասել էր, որ իրենք խոր վերլուծություն են անելու ու փոփոխությունների են գնալու, և ես, ճիշտն ասած, սպասում եմ ուրիշ փոփոխությունների` սպասում եմ երկրի զարգացման գծով փոփոխության և լուրջ խոսակցության սրա վերաբերյալ»,- ասաց Բաբայանը:

Նշենք, որ վարչապետի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, և ըստ Բաբայանի` կարևորն այն է, թե ի՞նչ է անելու նոր վարչապետը:

«Կարեն Կարապետյանին անձամբ ծանոթ չեմ, ոչ էլ պատրաստ եմ գնահատել նրա` քաղաքապետ լինելու ժամանակահատվածում արած աշխատանքները, պարզապես գիտեմ, որ նա մեծ ռեստորանային համալիր է բացել այն ընթացքում, երբ քաղաքապետ էր, իսկ թե ուրիշ ինչո՞վ է աչքի ընկել, չգիտեմ: Ուզում եմ նրա քայլերին ու գործողություններին սպասել, իսկ դա շատ արագ պարզ կլինի.  այնքան արագ է ամեն ինչ երևում: Մի բան միանշանակ է` այն ուղին, որով գնում է երկիրը, փակուղի է տանում»,- ասաց նա: