Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ կարգավորման տարբերակներին:
Պատգամավորը նախ նշեց, որ Մադրիդյան սկզբունքների մասին շատ է խոսվում`բացասական առումով, սակայն դա ուղղորդված է, որովհետև Մարդիդյան սկզբունքներ ասվածը պատրաստ փաստաթուղթ չէ, այլ ընդամենը` սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է ընթանային բանակցությունները և ստեղծվեր փաստաթուղթը:
Ստեփան Մարգարյանի կարծիքով` առաջին անգամ Մադրիդյան սկզբունքներով ամրագրվեց ԼՂ ինքնորոշման իրավունք ունենալը` հանրաքվեի միջոցով: Հետագայում հետնահանջ եղավ: «Վերջերս ԼՂ կարգավորման հարցի շուրջ քննարկումներում ընդհանրապես պարզ չի լինում, թե ինչ փաստաթուղթ է դրվում սեղանին: Հայկական կողմն անընդհատ խոսում է փոխզիջումների մասին, բայց թե ի՞նչ է պատրաստվում զիջել Ադրբեջանը, պարզ չէ ոչ մեկին: Ադրբեջանական մամուլում ու ադրբեջանցի պաշտոնյաների բառապաշարում չկա փոխզիջման մասին ակնարկ անգամ, ուրեմն ո՞րն է այն փոխզիջումը, որի մասին այդքան խոսվում է»,- հարցեց պատգամավորը` հավելելով, որ Ադրբեջանի կողմից զիջելու մասին որևէ բառ չկա, իսկ մեր կողմից, կարծես, ամեն ինչ են ուզում զիջել, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում:
Ստեփան Մարգարյանը նշեց, որ ԼՂ կարգավորման հարցն ամենակարևոր հարթակներում անգամ չի քննարկվում, այդ պատճառով մեծ է անորոշությունը: Այնպիսի կարևոր պետական կառավարման մարմնում, ինչպիսին ԱԺ-ն է, նման հարց չի քննարկվում, որ պատգամավորները հնարավորություն ունենան ամբիոնից իրենց կարծիքը հնչեցնելու և ԱԺ միասնական տեսակետ ձևավորելու: Անգամ ԱԺ նախագահի ուղերձ չկա այդ թեմայով, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն կարևոր դերակատարում չունի:
«Երբ քննարկումներ չեն ընթանում, և չգիտես` որտեղ է որոշվում, և ով է որոշում այս կարևոր հարցը, բայց մի ուղղվածությամբ խոսակցություններ են գնում զիջման մասին, դա դառնում է անհասկանալի»,- ասաց պատգամավորը: Նա չհերքեց, որ գուցե իր այդ մտահոգության մասին կբարձրաձայնի ԱԺ առաջիկա նիստում:
Իսկ պատգամավորը կո՞ղմ է որոշ շրջաններ հանձնելու դիմաց ԼՂ անկախության ճանաչման տարբերակին, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ հիմա հողերի հանձնման հարցի մասին խոսելը կհանգեցնի այլ խոսակցություններ, բայց այն, որ ԼՂ կարգավիճակը պետք է առաջնային համարվի, այն, որ Արցախը Հայաստանի հետ ընդհանուր սահման պետք է ունենա, դա կասկած չունի: Նրա խոսքով` վտանգավոր է բանակցություններում հաշվի չառնել պատերազմի հետևանքով առաջացած իրողությունները, հետևաբար` պետք չէ դեռ խոսել ինչ-որ բան հանձնել-չհանձնելու մասին:
Հարցին, թե ի՞նչ է հասկանում` «միջանկյալ կարգավիճակ» ասելով, քանի որ հիմա խոսվում է հող հանձնելու դիմաց Արցախին միջանկյալ կարգավիճակ տալու մասին, պատգամավորը պատասխանեց. «Իսկ կա՞ որևէ մեկը, ով կարող է բացատրել դա: Ես չգիտեմ` դա ինչ է: Նման տարբերակ էլ չեմ պատկերացնում: Այսինքն` ասեն` գնա, քեզ համար ապրի, ու ոչ մի բա՞ն: Առանց կարգավիճակի մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն Արցախում: Միջանկյալ կարգավիճակը ո՞րն է, Ադրբեջանի կազմում չէ, անկախ չէ, բա ո՞րն է»: