Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1997թ. ի վեր անփոփոխ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող լեհ դիվանագետ Անջեյ Կասպրշիկը, որը հայտնի է իր քչախոսությամբ, այդ թվում նաեւ մամուլի հետ շփումներում, վերջերս «Նոր Արեւելյան Եվրոպա» հանդեսի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել Մադրիդյան փաստաթղթում ամրագրված՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին:
Կասպրշիկի խոսքերով՝ «Նախքան վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը կարող է տեղի ունենալ այդ տարածքում հանրաքվեի անցկացումից հետո, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը: Հատուկ կարգավիճակը չի կարող զգալիորեն տարբերվել այն կարգավիճակից, որը այս պահին ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Անհրաժեշտ կլինի այդ ժամանակավոր կազմավորման միջազգային ճանաչումը»:
Ընդհանրապես, միջանկյալ կարգավիճակի մասին շատ չի գրվում, եւ Կասպրշիկի կողմից թույլ տրված փոքրիկ արտահոսքը հետաքրքություն է առաջացրել հայկական լրագրողական, փորձագիտական ու քաղաքական շրջանակներում: Այս օրերին տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները նշում են, որ բանակցային սեղանին է դրված առաջարկների այն փաթեթը, որը կողմերին է ներկայացվել նախագահների վերջին հանդիպմանը՝ Սոչիում:
Այդ առաջարկների բովանդակությունը հայտնի է միայն միջնորդներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը, սակայն քանի որ ընդունվում է, որ փաստաթղթի հիմքում Մադրիդյան փաստաթուղթն է, կարելի է ենթադրել, որ Սոչիի տարբերակը արմատապես չի կարող տարբերվել Մադրիդյանից: Մյուս կողմից, ակնհայտ է, որ փաստաթղթում անգամ մեկ դետալի փոփոխությունը կարող է գլխիվայր շրջել փաստաթուղթը ի վնաս կողմերից մեկի կամ մյուսի եւ տապալել երկար տարիների աշխատանքը: 14 կետերից կազմված Մադրիդյան փաստաթղթում ամենաերկար հատվածը կամ երկրորդ կետը հենց միջանկյալ կարգավիճակին է վերաբերում, որի մասին որոշ ընդհանուր մանրամասներ է տվել Կասպրշիկը: Եթե մեկ նախադասությամբ ասենք, ապա ԼՂ միջանկյալ կարգավիճակի տրամադրումը նշանակում է միջազգայնորեն օրինականացնել այսօրվա ստատուս քվոն:
Միջանկյալ կարգավիճակը, ըստ Մադրիդյան փաստաթղթի, նշանակում է, որ նախքան Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացումը, «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ունենալու է որոշակի իրավունքներ ու առավելություններ»:
Որո՞նք են այդ իրավունքներն ու առավելությունները: Առաջին, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իրավունք է ունենալու պաշտպանել եւ վերահսկել իր քաղաքական, տնտեսական կենսագործունեությունը եւ անվտանգությունը:
Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իրավունք է ունենալու ընտրությունների ճանապարհով ձեւավորել իշխանության մարմիններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները իրավունք են ստանալու արտաքին շփումների մեջ մտնել: Այստեղ հարց է ծագում՝ իսկ այսօր ԼՂ-ն ընտրություններ անց չի՞ կացնում, ընտրությունների ճանապարհով չե՞ն ձեւավորվում իշխանության մարմինները, ԼՂ պաշտոնյաները չե՞ն մեկնում արտասահմանյան այցերի: Անշուշտ, այո: Խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը, էլ չենք խոսում Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, այդ ընտրությունների անցկացումն այսօր դատապարտում եւ անօրինական է համարում, իսկ ԼՂ օրինական իշխանությունների ներկայացուցիչներին ընդունում է որպես մասնավոր անձինք:
Երրորդ, Մադրիդյան փաստաթղթով «ԼՂ միջանկյալ իշխանությունները» կարող են ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենալ այն նստաշրջաններում, երբ քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Բացի այդ, ԼՂ-ն իրավունք է ունենալու անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնց անդամակցությունը չի ենթադրում, որ անդամակցողը պետք է ունենա պետականություն:
Եվ վերջապես, չորրորդ, միջանկյալ կարգավիճակը ենթադրում է, որ ԼՂ-ն կարող է ստանալ արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությունը: Մադրիդյան փաստաթղթի առաջին երկու կետերը՝ հանրաքվեի կամ պլեբիսցիտի հեռանկարն ու ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, անկասկած, հայկական կողմի համար ամենաընդունելի կետերն են: Իսկ ահա մյուս կետերը, որոնք վերաբերում են պատերազմի հետեւանքներին՝ տարածքներ, փախստականներ, խաղաղապահ ուժեր, կոմունիկացիաներ, մեղմ ասած, անընդունելի են հայկական կողմերի համար:
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ