կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-08 22:44
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Ի՞նչ է նշանակում ԼՂ միջանկյալ կարգավիճակը

ԱԶԳ. Ի՞նչ է նշանակում ԼՂ միջանկյալ կարգավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածաշրջանում են:

Հունիսի 6-ին, ինչպես «Ազգն» արդեն տեղեկացրել է, նրանք Բաքվում հանդիպեցին արտգործնախարար Մամեդյարովին եւ նախագահ Ալիեւին: Այնուհետեւ համանախագահները այցելել են Ստեփանակերտ, իսկ հունիսի 9-ին նրանց սպասում են Երեւանում: Ինչպես ադրբեջանական 1news.az-ին ասել է արտգործնախարար Մամեդյարովը` «Մինսկի խմբի համանախագահները չեն բերել նոր մտահղացումներ, կամ առաջարկներ: Նրանք շարունակում են աշխատել արդեն հայտնի սկզբունքների շուրջը»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը մանրամասնել է. «Գոյություն ունեն 6 սկզբունքներ, որոնք որոշվել են «Մեծ ութնյակի»` Կանադայում կայացած գագաթաժողովի ժամանակ: Հենց այդ սկզբունքներով մենք շարունակում ենք աշխատել: Դրանցից առաջինը օկուպացված տարածքների ազատումն է: Սկզբունքորեն հայերը համաձայն են այս դրույթին, փոխարենը պահանջում են Լեռնային Ղարաբաղում կամարտահայտության անցկացման հստակ ժամկետների նշում: Հայերը մշտապես պահանջում են դիպուկահարներին հանել առաջին գծից, սակայն այնտեղից պետք է հանել զորքերը, այլ ոչ թե դիպուկահարներին»,- նշել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը, անդրադառնալով «խաղաղապահ ուժերի ներկայացմանը», նշել է, որ «դրանց կազմն արդեն իսկ փոխադարձ համաձայնեցված է». «Այդ ուժերը կազմված են լինելու համանախագահների (հավանաբար` ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ համանախագահների- Հ.Ա.) ուժերից, այլ ոչ թե հարեւան երկրների ուժերից»:

Մամեդյարովը հավելել է. «Այս բոլոր հարցերը դեռ պահանջում են հավելյալ քննարկումներ»: Ադրբեջանի արտգործնախարարի այս հայտարարությունները` հունիսի 11-ին Մոսկվայում կայանալիք Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպումից եւ հունիսի 25-26-ին Կազանում կայանալիք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւի հանդիպումից առաջ, որից մի շարք փորձագետներ լուրջ ակնկալիքներ ունեն, բավական հատկանշական են:

Մասնավորապես` Մամեդյարովը նախկինում երբեք չի արտասանել «Լեռնային Ղարաբաղում կամարտահայտություն» տերմինը: Ադրբեջանի ԱԳ նախարարը, առաջարկված սկզբունքներից այս մեկի մասին խոսելիս, միշտ նշել է, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի հարցը պետք է որոշվի կամարտահայտությամբ, բայց` «ամբողջ Ադրբեջանի քաղաքացիների»: Թերեւս Մամեդյարովը հասկացել է իր ասածի զավեշտ լինելը, եթե, իհարկե, նրան դա չեն «հասկացրել» ԵԱՀԿ Մինսկի խմբից:

Այս վերջին ենթադրության հիմքեր կան: ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Regnum գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրել է առաջարկված սկզբունքների եւ առհասարակ իրավիճակի որոշակի պարզաբանումներ, ինչը վկայում է, որ Կազանի առաջիկա եռակողմից ակնկալիքներ պետք է ունենալ: Մասնավորապես` «ԼՂ-ին տրամադրել ժամանակավոր կարգավիճակ» դրույթը Կասպրչիկը ներկայացրել է հետեւյալ կերպ. «Հատուկ կարգավիճակը չպետք է էականորեն տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի Լեռնային Ղարաբաղը: Այդ ժամանակ հարկ կլինի այդ ժամանակավոր կազմավորման միջազգային ճանաչում: Շրջանակային համաձայնագրի ընդունումից հետո մանրամասների բանակցություններ կընթանան»:

Ի՞նչ է ստացվում. ԼՂ-ին միջանկյալ, ժամանակավոր կարգավիճակի տրամադրումը, ըստ ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցչի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ գործընթացին քաջատեղյակ դիվանագետի, նշանակում է ԼՂ-ի ներկա կարգավիճակ` միջազգային ճանաչում հավելումով: Այսինքն` ԼՂ-ն, իսկ տվյալ դեպքում, փաստորեն առանց վարանման` ԼՂՀ-ն, շարունակելու է պահպանել իր ինքնիշխանությունը, սակայն արդեն` այդ թվում Ադրբեջանի կողմից, թեկուզ ժամանակավոր, ճանաչված լինելով, մինչ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը: Այստեղ արդեն, ինչպես վկայում է միջնորդների ներկայացրած, եւ, փաստորեն, կողմերի միջեւ որոշակիորեն համաձայնեցված համապատասխան սկզբունքը` «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ»:

Անշուշտ, «ուղղակի ժողովուրդ» տերմինը, որն արտահայտեցին նախագահներ Մեդվեդեւը, Օբաման եւ Սարկոզին` ներկայացնելով իրենց հայտարարությունը, թույլ էր տալիս Բաքվին` ի դեմս արտգործնախարար Մամեդյարովի, այս սկզբունքը հասկանալ իր ուզած ձեւով: Բայց, ինչպես վերը նշեցինք` փոխվել է Մամեդյարովի տեքստը, իսկ փոխվել է, քանի որ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը նշել է, որ «ԼՂ վերջնական կարգավիճակը սահմանվելու է այդ տարածքում անցկացվելիք հանրաքվեի միջոցով»:

Փաստորեն, համապատասխան արդեն միջնորդների առաջարկի, ԼՂ ժողովուրդը ինքը իր ազատ կամարտակայտությամբ պետք է որոշի իր քաղաքական ու իրավական կարգավիճակը, որն արդեն իսկ որոշել է` հռչակվելով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Կասպրշիկը հարցազրույցի շարունակությունը նույնպես բավական պարզաբանող է ու հետաքրքրական: Մասնավորապես` լեհ դիվանագետը շեշտում է, որ «հրադադարի հաստատման համաձայնություն կա երեք կողմերի` Հայաստան, Ադրբեջան, ԼՂ, ստորագրությամբ, այդուհանդերձ Բաքուն ամեն կերպ խուսափում է Ստեփանակերտի հետ երկխոսությունից, դրանով իսկ խուսափելով Ղարաբաղի իրավասուբյեկտիվությունը ճանաչելուց: Ստեղծված իրավիճակում Հայաստանին այլ բան չի մնում, քան իքնուրույն ներկայացնել Ղարաբաղի բնակչության շահերը», թերեւս` առանց մեկնաբանությունների, միայն նշենք հենց իր` Կասպրչիկի հավելումը` «Անգամ բանակցությունների այս ձեւաչափի պարագայում անհրաժեշտ է հաշվի նստել Ստեփանակերտի կարծիքի հետ: Այժմ էլ ոչինչ առանց Ստեփանակերտին իրազեկելու, նրա դիրքորոշումը ճշտելու չի կատարվում...», հստակեցրել է ԵԱՀԿ գործող նաագահողի անձնական ներկայացուցիչը: Ուրեմն ի՞նչ է ստացվում, ի՞նչ իրավիճակ է ստեղծված` Կազանի առաջիկա եռակողմից առաջ: Թերեւս առաջին անգամ ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը, բավական տեւական ժամանակ Մինսկի խմբի համանախագահությունում ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչը ներկայացնում է որոշ պարզաբանումներ, որոնք ամենեւին էլ առնվազն հակահայկական չեն:

Կրկին առաջին անգամ Բաքուն` ի դեմս արտգործնախարարի, խոստովանում է, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի հենց ԼՂ-ում անցկացվելիք հանրաքվեի միջոցով: Միակ մշուշոտ մնացած հարցը թերեւս այս համատեքստում, հետեւյալն է` ի՞նչ ասել է «ԼՂ տարածք». խոսքը նախկին ԽՍՀՄ ԼՂԻՄ ինքնավար մարզի տարածքի՞ մասին է, այսօրվա՞ ԼՂՀ-ի, եւ հավանական հանրաքվեի անցկացման ժամանակ արդյո՞ք չպետք է հաշվի առնվի նաեւ ԼՂ-ի Շահումյանի շրջանի բնակիչների խոսքը, չի՞ ապահովվելու արդյոք նաեւ նրանց վերադարձը իրենց բնակավայրեր: Անշուշտ, հստակեցնելու, պարզաբանելու դեռ շատ բան կա, ինչը նշանակում է, որ հակամարտ կողմերի խաղաղ բանակցությունների օրակարգը չի սպառվել, հետեւաբար շարունակական է, ավելին` կարող է բեկում ունենալ հւնիսի վերջին Կազանում:

Ճիշտ է, ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծում է, որ «առկա քաղաքական իրավիճակը լուրջ բեկումների հիմք չէ», սակայն ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ Էլմար Նամազովի խոսքերով` «Ե՛վ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին ճնշումների են ենթարկելու: Ադրբեջանին կստիպեն հրաժարվել հարցը պատերազմով լուծելու մտադրություններից, իսկ Հայաստանին կստիպեն հասկանալ, որ առկա ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել»:

Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը, առավել եւս ԼՂՀ խաղաղ բնակիչները, ցանկանում են ստատուս քվոյի պահպանում, մանավանդ երբ իրենց ներկա կարգավիճակը պետք է թեկուզ ժամանակավոր, միջազգայնորեն ճանաչվի, իսկ վերջնական կարգավիճակի որոշողները հենց իրենք ղարաբաղցիները պետք է լինեն:

Հ. Գ.- Ադրբեջանի ԱԳ նախարարի վերոհիշյալ խոսքում հատկանշական է նաեւ «խաղաղապահ զորքերի» կազմի վերաբերյալ հիշատակումը, որտեղ, ըստ Մամեդյարովի, «հարեւան երկրների զորքերը տեղ չունեն»: Անշուշտ, առաջին հերթին նկատի է առնվում Իրանը: Սա հատկանշական է հատկապես հունիսի 6-ին Ահմադինեժադի` Երեւան կատարելիք պաշտոնական այցի հետաձգման ֆոնին: Բացի սրանից` Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը երեկ հայտարարեց, որ ինքը մտադիր է մոտ օրերս հանդիպել Իրանի նախագահին...: Գուցե այս վերջինը ոչ մի էական կապ չունի Իրանի հյուսիսային սահմանների մոտ «խաղաղապահ, այդ թվում` ռուսական ուժերի ներկայացման» հետ: