կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-02 13:07
Իրավական

Սահմանադրական դատարանը մերժեց Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումները

Սահմանադրական  դատարանը  մերժեց Պավլիկ  Մանուկյանի և  Վարուժան Ավետիսյանի  դիմումները

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության առավ «Սասնա ծռեր» խմբի անդամներ` հուլիսից կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի միասնական դիմումը: Հիշեցնենք, որ խմբի երկու անդամները դեռևս այս տարվա մարտին էին դիմել ՍԴ՝ վիճարկելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Ըստ դիմումատուների՝ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ դատական նիստում անցկացնելու հետ, չի բխում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից և ուղղակիորեն հակասում է վերջիններիս:

Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը կարծում են, որ քրեական դատավարության 288-րդ հոդվածի 3-րդ մասի` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշումը և հայտնեց, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Այսինքն` ՍԴ-ն, ըստ էության, մերժեց Մանուկյանի և Ավետիսյանի դիմումները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն արձանագրեց, որ ՍԴ-ի հիմնական դիրքորոշումներից մեկն այն է, որ արդար դատական պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որպեսզի կասկածյալը կամ մեղադրյալը ցանկության դեպքում չզրկվեն լսվելու` իրենց իրավունքից: