Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պավլիկ Մանուկյանի և նրա որդու պաշտպան Ինեսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Պավլիկ Մանուկյանն ունի հրատապ վիրահատությունների խնդիր: Պաշտպանը նշեց՝ ինքը պնդում է, որ երկուսն էլ ունեն ստացիոնար բուժում ստանալու անհրաժեշտություն, և այդ բուժումը պետք է իրականացվի ոչ թե դատապարտյալների հիվանդանոցում, այլ՝ քաղաքացիական:
Պետրոսյանը նաև ընդգծեց՝ լավ կլինի, որ այդ բուժումը շարունակվի Էրեբունի ԲԿ-ում, քանի որ հենց այնտեղ էլ վիրահատել են իր պաշտպանյալներին:
«Սկզբնական շրջանում պատկան մարմիններին դիմումներ ենք ուղարկել՝ Արամ Մանուկյանի պայմանները փոքր-ինչ բարելավելու համար: Դրանից հետո առանձին մահճակալներ հատկացվեցին, նույնը նաև Պավլիկ Մանուկյանի դեպքում: Պավլիկ Մանուկյանն ունի հրատապ վիրահատությունների կարիք, դատապարտյալների հիվանդանոցը չունի նեղ մասնագետներ, Էրեբունիիից շուրջօրյա հերթապահություն է իրականացվում՝ միայն մեր կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո: Բոլոր պայմաններն այնպիսին էին, որ իմ պաշտպանյալները պետք է մնային ու բուժումը շարունակեին քաղաքացիական հիվանդանոցում, ոչ թե դատապարտյալների»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջադրված է մեղադրանք՝ 219, 230 հոդվածներով:
Պետրոսյանը նաև ընդգծեց, որ առաջիկայում կբողոքարկեն խափանման միջոցը: Պետրոսյանը նաև նշեց, որ դատարանի կողմից կայացրած որոշումների մեջ չկար որևէ տող, որ իր պաշտպանյալները գտնվում էին Էրեբունի հիվանդանոցում և բերվել են դատապարտյալների հիվանդանոց:
«Չկա մի տող, որ վիրավորումներ են եղել»,- ասաց նա և հավելեց, որ դիմել է ՄԻԵԴ՝ Արամ Մանուկյանի հետ կապված և խնդրել միջամտություն: «Նրա վերքերը բաց էին, խավասերները գնում էին բաց վերքերի վրայով, բայց իշխանությունները ուշքի եկան, երեկ էլ արդեն հերթապահ բժիշկ բերեցին»,- ասաց պաշտպանը:
«ԱԱԾ-ն մի շարք հաղորդագրություններ ներկայացրեց, կոչեր՝ հանձնվելու, խոստանալով, որ «Սասնա ծռեր»-ի նկատմամբ կկիրառվեն խրախուսող նորմեր: Պաշտպանական կողմը սպասելու է վարույթ իրականացնող կողմի խոստման կատարմանը: Նրանք խոստացել էին մեղմացուցիչ հանգամանքներ՝ հանձնվելու դեպքում»,- ասաց Պետրոսյանը՝ ընդծելով, որ «ահաբեկիչ» տերմինի օգտագործումն անտեղի է և պետք է օգտագործել «ապստամբ» տերմինը:
Պաշտպանը տեղեկացրեց, որ իր հետ պաշտպանական գործում ներգրավված են նաև Հարություն Բաղդասարյանը և Հրանտ Գևորգյանը: