կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-19 15:53
Իրավական

Պավլիկ Մանուկյանի վիրահատության համար դատապարտյալների հիվանդանոցն ունի անհրաժեշտ պայմաններ. նախարար

Պավլիկ Մանուկյանի վիրահատության համար դատապարտյալների հիվանդանոցն ունի անհրաժեշտ պայմաններ. նախարար

Դատապարտյալների հիվանդանոցն ունի բավարար և անհրաժեշտ պայմաններ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունն իրականացնելու համար. Yerkir.am-ի հարցին ի պատասխան` ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին վիրահատելու են այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Նախարարը նշեց, որ վերջերս է այցելել հիշյալ ՔԿՀ և ծանոթացել այնտեղ գտնվող դատապարտյալների պահման պայմաններին: Անդրադառնալով այլ ՔԿՀ-ներում գտնվող` խմբի մյուս անդամների վիճակին և պահման պայմաններին, նա ասաց. «Դատապարտյալների կամ կալանավորված անձանց վերաբերյալ ցանկացած հրապարակում կամ ահազանգ իմ ուշադրության կենտրում է: Ես պարբերաբար այցելում եմ ՔԿՀ-ներ և ուսումնասիրում, թե որտեղ ինչ խնդիրներ կան: Բնականաբար, կան համակարգային խնդիրներ, որոնք  լուծելու համար ժամանակ է հարկավոր, և կան խնդիրներ, որոնք տեղում հանձնարարականների հիման վրա ստուգվում և լուծում են ստանում»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ պարբերաբար հետաքրքրվում է ՔԿՀ-ներում պահվող կալանավորների վիճակով:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի 3-րդ մասով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Այնուհետև Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվեց, նրան մեղադրանք առաջադրվեց նաև 35-225-րդ հոդված հատկանիշներով՝ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Պավել Մանուկյանը կալանքի տակ է հուլիսի 31-ից: Նա եւ նրա որդին՝ Արամ Մանուկյանը, հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։