կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-01 11:24
Առանց Կատեգորիա

Կապույտ ժապավենով աղջիկը

Կապույտ ժապավենով աղջիկը

Վաղ առավոտյան աղջիկը, ով կապույտ աչքեր ուներ եւ նույն գույնի՝ մազերին կապված ժապավեն, դպրոց էր գնում: Ձեռքի երկու փուչիկներն էլ, կզարմանաք, կապույտ էին: Ուշադրություն դարձրեցի կոշիկներին, էլի կապույտ էին: Քանի որ/հավանաբար/ վարդերի կապույտը բնական չէ, ձեռքի վարդերը սպիտակ էին, հագուստի պես` իր եւ մոր… Սեպտեմբերի 1-ն է…

Շքամուտքից «քաղաքացիական բարձր գիտակցությամբ» դուրս եկած կատուն, սակայն, կապույտ չէր, մոխրագույն էր: Դատելով շարժումներից` հենց նոր էլ զարթնել: Հանդիպեցին՝ մոխրագույն կատուն եւ փոքրիկ աղջիկը, ով կապույտ աչքեր, կոշիկներ ու ժապավեն ուներ: «Վա~խ, փիսիկ»,- բացականչեց աղջիկը: Կատուն ակնհայտորեն նեղվեց, որ իրեն փիսիկ են ասում եւ, իր վրա չվերցնելով, հեռացավ: Աղջիկը, սակայն, շարունակ շրջվում եւ նայում էր փիսիկին, որն իրականում կատու էր:

Աղջիկը դեռ չգիտի, որ այսօրվանից՝ շուրջ 10-12 տարի, պետք է մաթեմատիկա սովորի, հայերենի քերականություն, ռուսերեն թելադրություն պետք է գրի, անգլերենով անգիրներ անի, ֆիզիկա-քիմիական հավասարումներ լուծի, կենսաբանություն սովորի, աշխարհագրություն անցնի, հայոց եկեղեցու եւ ոչ միայն եկեղեցու եւ ոչ միայն հայոց պատմություն… Մի խոսքով` պետք է կրթություն ստանա, ուզի, թե չուզի: Կրթություն ստանալն էլ, ինչպես գիտենք այս ամենն իմանալն է, սովորելն է, ոչ թե, օրինակ, երգելն ու պարելը:

Հավանաբար, այս պատճառով էլ, երբ ԿԳ նախարարը որոշեց, որ հանրակրթական հիմնական դպրոցում պետք է ներդրվի «Ազգային երգ եւ պար» առարկան, առայժմ` որպես փորձնական ծրագիր, շատ ծնողներ դժգոհեցին` դե ո՞վ է տեսել, որ երեխան դպրոցում երգի ու պարի, դա սովորի, չէ՞ որ դպրոցը կրթօջախ է, որտեղ սովորեցնում են լուրջ բաներ, իսկ երգելն ու պարելը լուրջ չեն, երգողն ու պարողն էլ: Սա ասում են կրթություն ստացած, լուրջ մարդիկ, դեմքի շատ լուրջ արտահայտությամբ, ովքեր հարսանիքներին, եթե պարում էլ են, ապա միայն մի քանի բաժակ խմելուց հետո, որ ամոթ չլինի. երգելն ու մանավանդ պարելը ամոթ է:

Բայց ինձ ուրիշ բան է հետաքրքրում` այն աղջիկը, ով կապույտ աչքեր ունի եւ կապույտ ժապավենով ու կոշիկներով այսօր առավոտյան դպրոց էր գնում, ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին: Ասենք` նա ի՞նչ է ուզում, սա կարեւոր չէ՞: Օրինակ` Ֆինլանդիայում, որի դպրոցականներն աշխարհում ընթերցասիրության առումով առաջինն են` երեք տարի շարունակ, բնագիտական գիտելիքներով՝ երկրորդը, իսկ մաթեմատիկայից՝ հինգերորդը, դպրոցում սովորում են առնվազն տասը երաժշտական գործիքի վրա նվագել` առանձին դասաժամով: Եվ նվագում են, բայց դա չի խանգարում, որ նրանք, ըստ միջազգային հետազոտությունների, աշխարհում ամենաշատը ընթերցող աշակերտները լինեն, բնագիտական գիտելիքներով՝ երկրորդը, իսկ մաթեմատիկայից՝ հինգերորդը:

Բայց շեղվեցինք: Եկեք հարցնենք կապույտ աչքերով այն աղջկան, թե ինքն ուզո՞ւմ է, որ դպրոցում իրեն երգել եւ պարել սովորեցնեն: Իսկ ավելի լավ է` եկեք պատասխանենք մի հարցի` երեխան, ով մոր ձեռքը բռնած ուրախ դուրս է գալիս տնից, որպեսզի դպրոց գնա, նա, ով կատվին փիսիկ է ասում, կցանկանա՞, որ իրեն դպրոցում երգել ու պարել սովորեցնեն… Իմ կարծիքով` կցանկանա, ավելին` ես կարծում եմ, որ եթե դպրոցում երեխաներին երգել ու պարել սովորեցնեն, ինչպես նաեւ` նվագել, ապա կգան այն հարսանիքները, որտեղ պարելու կամ երգելու համար խմելը պարտադիր չի լինի, պարելն ու երգելը ամոթ չի լինի… Հիմա ամոթ է:

Ամոթ մեզ:

Հովիկ Աֆյան