կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-15 18:10
Հասարակություն

Անունս ջնջել էին հաղթողների ցուցակից, նկարս` սև ժապավենով երիզել. խորհրդային հեծանվորդ Քեփեկյանի «մրցուղին»

Անունս ջնջել էին հաղթողների ցուցակից, նկարս` սև ժապավենով երիզել. խորհրդային հեծանվորդ Քեփեկյանի «մրցուղին»

Քեփեկյան եղբայրները ժամանակին անվանի հեծանվորդներ էին և Խորհրդային Միության առաջնությունների, գավաթների խաղարկությունների ու միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիրներ: Սողոմոն Քեփեկյանը կյանքից հեռացավ, իսկ Գրիգոր Քեփեկյանն այժմ բնակվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

Գրիգոր Քեփեկյանի՝ Ֆրանսիայում բնակություն հաստատելու պատմությունը մեր օրերի համար ուշարժան է, իսկ խորհրդային տարիներին՝ գուցե հերթական պատմություն: Քեփեկյանի հայրը Լիոնում է ծնվել, իսկ մայրը գյումրեցի է: Ինքը՝ Գրիգոր Քեփեկյանը, ծնվել ու մեծացել է Հայաստանում: Փոքր հասակից սկսել է հեծանիվ վարել ու մարզվել, դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1976-ին մեկնել է  Բելգիա՝ աշխարհի մրցումներին մասնակցելու: Մրցումներին 4-րդ տեղը զբաղեցնելով՝ որոշել է այլևս չվերադառնալ Հայաստան:

«Բելգիայից քաղաքական ապաստան խնդրեցի: Չէի սիրում կոմունիստական բարքերը, խեղդվում էի, ազատություն էի ուզում, բայց անչափահաս էի՝ 17 տարեկան: Սովետական միությունը դիմեց Բելգիայի իշխանությանը, որպեսզի վերադարձնեն ինձ, սակայն բելգիացիները որոշեցին ինձ չհանձնել: 6 ամիս թաքցրեցին ինձ եկեղեցում, և երբ դարձա 18 տարեկան, քաղաքական ապաստան ստացա: ԱՄՆ-ից հրավիրում էին իրենց երկրում հաստատվելու, ու ես մինչ ԱՄՆ գնալը որոշեցի Ֆրանսիա գալ, քանի որ մեծ մայրս այստեղ էր ապրում այդ ժամանակ: 15 օր պետք է մնայի Ֆրանսիայում, իսկ հետո տեղափոխվեի ԱՄՆ, սակայն եկա Ֆրանսիա ու մտքափոխվեցի, մնացի այստեղ»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Քեփեկյանը:

Նա հիշում է՝ 1970-ականներին, երբ խորհրդային Հայաստանում հեծանվորդ էր, 600 ռուբլի «ռոճիկ» էր ստանում՝ որպես Սովետական միության հեծանվորդ. պետությունը վարձատրում էր հեծանվորդին, որպեսզի միայն սպորտով զբաղվեր:

Քեփեկյանը 13 տարեկանում տեղական մրցույթում 5 ոսկե մեդալներից 4-ը շահել ու ճանապարհ է բացել ԽՍՀՄ  մակարդակով անցկացված մրցույթին մասնակցելու համար: Նա 1974-ին Խարկովում ԽՍՀՄ չեմպիոն է դարձել,թեև հետո նրա անունը ջնջել են չեմպիոնների ցուցակից: «Փակ դատավարություն էր եղել Հայաստանում, և 20 տարի էին ինձ տվել՝ որպես հայրենիքի դավաճանի: Իսկ, որպես չեմպիոն, փաստաթղթերում սև գիծ են քաշել անվանս վրա. Սովետական միությունն ուզել է ինձ ջնջել իր պատմությունից: Ավելին՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ այդ տարիներին մարզիկների նկարներ էին ցուցադրում, և իմ նկարի վրա սև ժապավեն էին ամրացրել»,- ասում է Քեփեկյանը:

Ֆրանսիա տեղափոխվելուց հետո նա որոշում է չթողնել հեծանվասպորտը, անգամ` Ֆրանսիայի առաջնությանն է մասնակցել, սակայն, քանի որ քաղաքացիություն չի ունեցել, հաղթողի տիտղոսը չեն տվել նրան, այլ միայն մրցանակ՝ գավաթ: Քեփեկյանն ընկճվել է, մյուս կողմից` հասկացել, որ գլուխը պահելու համար աշխատել է պետք, ու թողել է սպորտը: «Տարիներ անց ավտոմեքենաների սպասարկման արհեստանոցներ բացեցի ու սկսեցի աշխատացնել: Հիմա հեծանիվը միայն որպես փոխադրամիջոց է ծառայում ինձ, Ֆրանսիայում անգամ նախարարներն են հեծանվով աշխատանքի գնում»,- ասում է նա:

Տարիներ անց՝ Հայաստանում անկախության հռչակումից հետո, Գրիգոր Քեփեկյանը եղբոր՝ Սողոմոն Քեփեկյանի հետ «Ֆրանսիա-Հայաստան վելոսպրինտ» ասոցիացիան է հիմնում՝ կազմակերպելով հրապարակային հեծանվավազքի մրցումներ, Քեփեկյան եղբայրների գավաթի խաղարկություններ: Որպես նվեր՝ հեծանվորդներին պրոֆեսիոնալ հեծանիվներ էին նվիրում: «Ուզում էինք ոգևորել հայ հեծանվորդներին, քանի որ տաղանդավոր շատ դեմքեր կային: Շուրջ 5 տարի անցկացրեցինք այդ մրցումները, սակայն հետո հիասթափվեցի. խնդիրն այն է, որ բավական չէ՝ Հայաստան բերածս հեծանիվների համար ԱԱՀ էին ինձնից ուզում, բացի այդ` մի քանի հեծանիվ էի թողել, որ հետո նվիրեմ, սակայն հաջորդ այցիս ժամանակ պարզվեց, որ վաճառել են դրանք: Նեղվեցի ու դադարեցրի մրցումները»,- նշում է Քեփեկյանը:

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանում հեծանվասպորտը զարգացնելու լավ պայմաններ կան՝ նոր հեծանվուղի է կառուցվել, սակայն պետությունը պետք է աջակցի մարզիկներին, քանի որ հեծանվասպորտը թանկ հաճույք է: Ըստ Քեփեկյանի՝ աշխարհի առաջնության մրցումներին մասնակցելու համար հեծանվորդին 20-25 հազար եվրո արժողությամբ 2 հեծանիվ է անհրաժեշտ: Բացի այդ` առնվազն 10 տարի է պետք, որ սկսնակ հեծանվորդն արդյունք ունենա:

«Հայաստանում ուզում են միանգամից արդյունքի հասնել: Մյուս կողմից` պետությունը նախկինում մարզիկին իր ձեռքի տակ էր վերցնում, վճարում, որ մարզվեն, այլ գործով չզբաղվեն, իսկ հիմա առանց դահուկի են ուղարկում մրցման: Մարզիկը կարող է արդյունք ցույց տալ, երբ ուղեղը հանգիստ կլինի, սոցիալական խնդիրը մեծ դեր է խաղում: Երբ մարդու միտքը հանգիստ չէ, ինչպե՞ս կարող է պարապել: Հիմա, երբ ես նայում եմ հեծանվի մրցումները, «վատանում» եմ: Պատրաստ եմ կարեցածիս չափով օժանդակել, որպեսզի Հայաստանում այս մարզաձևը նորից ոտքի կանգնի, սակայն միայն ինձնով ոչինչ դուրս չի գա»,- ասաց Քեփեկյանը:

Նա Հայաստան հաճախ է այցելում, տարվա մեջ մի քանի ամիս այստեղ ապրում ու հասցրել է նկատել, որ մեզ մոտ ուղղակի վտանգավոր է հեծանիվն օգտագործել որպես փոխադրամիջոց: Հայաստանին, սակայն, ըստ նրա, միայն մեկ բան է պակասում՝ տարրական պայմանների ստեղծումը: Քեփեկյանն այստեղ հայրական տուն ունի, սկսել է վերանորոգել այն: Ասում է՝ լուսահոգի հայրը հորդորել է չվաճառել այն, իսկ ինքն էլ հորը խոստացել է նույնն իր զավակներին հորդորել: «Ես ինձ ֆրանսիացի չեմ զգում, հայ եմ, ինչքան էլ դրսում ապրեմ: 40 տարի Ֆրանսիայում եմ ապրում: Ինձ թվում է՝ ինձ նմանները քոքահան եղած մարդիկ են. երբ արմատը պոկում ես, այլևս երբեք լավ չի աճում: Երբ այստեղ՝ Ֆրանսիայում եմ, ուզում եմ Հայաստան գալ, իսկ երբ Հայաստանում եմ, ուզում եմ Ֆրանսիա վերադառնալ: Չգիտեմ՝ ի՞նչ գործ ունենք մենք դրսում, ինչո՞ւ չպետք է լինեն պայմաններ, որ մարդիկ չգնան` ուրիշ երկրի համար աշխատեն»,- ասում է Քեփեկյանը:  

Նախկին հեծանվորդը շարունակում է վերանորոգել Հայաստանում գտնվող հայրական տունը՝ ասում է՝ ո՞վ իմանա՝ «հաջորդ կանգառում» ճակատագիրն ինչ է նախապատրաստել իր համար:

Կարինե Հարությունյան