կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 12:17
Հասարակություն

Մեկընդմիշտ ուզում եմ փակել այդ հարցը. Արմեն Դարբինյան

Մեկընդմիշտ ուզում եմ փակել այդ հարցը. Արմեն Դարբինյան

Yerkir.am-ի «Նոր սկանդալ ՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում. շոշափվում է հայտնի գեներալի անունը» հոդվածի կապակցությամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը կապ է հաստատել խմբագրության հետ եւ ցանկություն հայտնել ներկայացնել իր պարզաբանումները:

Հիշեցնենք, որ, ՀԿԵ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն, աշխատակիցների համար նախատեսված հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարման բիզնեսը պատկանում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանին: Նա, ի դեպ, ժամանակին զբաղեցրել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը և ունի գեներալ-լեյտենանտի կոչվում: Դարբինյանի անունը հայտնի է տարիներ առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկում հայտնված հրապարակումից: Գաղտնազերծված մի փաստաթղթից հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԱԾ գործերի կառավարման աշխատակիցը դեռևս 2004-ին միջնորդություն էր ներկայացրել ՌԴ նախագահին՝ Հայաստանի քաղաքացի Դարբինյան Արմեն Վաղինակովիչին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհելու համար՝ «հաշվի առնելով նրա անձնական ծառայությունը ՌԴ-ին»։

Yerkir.am-ի հետ զրույցում Դարբինյանը խոսել է ՀԿԵ-ի եւ իր անվան շուրջ պտտվող լուրերի, տարիներ առաջ իր անվան հետ կապված հայտնի դեպքի, ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից իր պաշտոնանկության իրական պատճառի մասին:

-Պարո’ն Դարբինյան, ի՞նչ կասեք անվտանգության ծառայությունում բացահայտված խախտումների մասին:

-Ամեն աշխատող, ով ընդունվում է մեր ընկերություն` աշխատանքի, ստանում է իրեն հասանելիք հագուստը: Եթե նա ժամանակից շուտ է ազատվում աշխատանքից, պետք է իր հագուստը հանձնի: Մեզ մոտ աշխատանքի են ընդունվում երիտասարդ աշխատողներ, հիմնականում` տղաներ, մի մասը հիասթափվում է, թողնում-գնում, մի մասն էլ գնում է Ռուսաստան: Ստուգումների արդյունքում որոշակի սխալներ են հայտնաբերվել, դրանց համար պատասխանատու է անվտանգության ծառայության պետը, ով կատարած անփութության համար տնօրենի կողմից կարգապահական տույժ է ստացել: Ես որևիցե առնչություն չունեմ գույք տալու, գույք վերցնելու հետ, քանի որ ես ուրիշ պարտականություններ ունեմ, ես պարզապես անվտանգության գծով տեղակալն եմ և հետևում եմ աշխատանքին: Ի դեպ, «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում գնումների գործընթացը կատարվում է մրցույթների (տենդերների) միջոցով, որոնք հայտարարվում են ընկերության կողմից, և որոնց ընթացքին հետևում է հատուկ հանձնաժողով:

 -Տարիներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էր Ձեր անվան հետ կապված սկանդալը: Ի վերջո, ճի՞շտ է, որ ՌԴ նախագահը Ձեզ ՌԴ քաղաքացիություն է շնորհել «Ռուսաստանին մատուցած ծառայությունների համար»:

-Մեկընդմիշտ ուզում եմ փակել այդ հարցը: Տարիներ առաջ թերթերում գրվեց, որ ես չգիտեմ` ինչ եմ կատարել Ռուսաստանի համար և դիմել եմ Պուտինին՝ քաղաքացիություն ստանալու համար: Ես ծառայել եմ Սովետական բանակում՝ Աֆղանստանում, բարձր պարգևներ ստացել, և եթե այսօր ամեն մի սերժանտ կարող է դիմել ու մեկ-երկու ամսում քաղաքացիություն ստանալ, հարց եմ տալիս` արդյո՞ք իմ քաղաքացիության համար ես պետք է նման բարդագույն մեխանիզմների դիմեի:

-Իսկ ինչի՞ համար եք Ռուսաստանի քաղաքացիություն ստացել:

 -Շատ մարդիկ են դիմում, դիմում են` իրենց կյանքի պայմաններից ելնելով:  Պարզաբանեմ նաև, որ ես քաղաքացիություն ստացել եմ արդեն թոշակի անցնելուց հետո:

- Ժամանակին ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից Ձեր պաշտոնանկությունը ոմանք պայմանավորում էին Գորիկ Հակոբյանի հետ` Ձեր ունեցած կոնֆլիկտով, ոմանք ՝ Ձեր՝ ռուսամետ լինելով: Ի վերջո, ո՞րն էր Ձեր պաշտոնանկության պատճառը:

 -Ես գեներալ եմ և ունեմ սպայի պատիվ: Այսօր ես Գորիկ Գուրգենիչի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, և\' հանդիպում ենք, և\' շատ լավ, մտերիմ, ջերմ խոսում: Այո’, նա ղեկավար էր, հնարավոր է մի օր բարկանար, կամ այլ հարց առաջանար, բայց հայտարարել, թե ինձ դրա համար հանեցին՝ ոչ: Պարզապես ես ԱԱԾ-ում արդեն 35 տարի ծառայել էի, 11 տարի տեղակալ էի, երևի թե նոր միտք էր պետք, նոր մարդ: Ես անձամբ դիմում եմ գրել ու գնացել թոշակի, ինձ շատ պատվով ճանապարհ են դրել: