կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-29 12:53
Հասարակություն

«Արցախցիների հարյուր ու մեկ դարդը Սահմանադրությունը չէ»

«Արցախցիների հարյուր ու մեկ դարդը Սահմանադրությունը չէ»

Արցախցիների հարյուր ու մեկ դարդը Սահմանադրությունը չէ. այսօր լրագրողներին ասաց «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ էր հասունացած Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պահը: Նրա խոսքով՝ Արցախում կան շատ ավելի լուրջ մարտահրավերներ:

«Կարելի էր թեթևացնել արցախցիների բեռը, միշտ պետք է հիշել, որ անվտանգության հարց կա: Արցախում հեղուկ գազի գինը կրկնակի թանկ է, քան Հայաստանում: Մոնոպոլիաներ կան բոլոր ոլորտներում, կա ընդամենը մեկ հեռուստաընկերություն, Արցախում կա բազմազանության խնդիր բոլոր ոլորտներում: Սահմանադրական փոփոխությունները չեն այս ամենի բանալին»,- ասաց Բաղդասարյանը:

Ի դեպ, նա հիշեցրեց, որ երբ նոր էր խոսվում Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, ամենատարբեր շրջանակներում բարձրաձայնվում էր, որ պատերազմող երկրի համար ավելի արդյունավետ կառավարման տարբերակ է խորհրդարանականը, մինչդեռ` հիմա արդեն ակտիվորեն բարձրաձայնվում է, որ սուպերնախագահական մոդելն է ավելի արդյունավետ:

Բանախոսը տարօրինակ համարեց նաև այն, որ փոփոխության է ենթարկվել այն թեզը, որ Հայաստանն ու Արցախը պետք է նույն կառավարման մոդելն ունենան:

«Արցախում Սահմանադրությունը փոխելը պարզապես արհեստական օրակարգ է: Ասում են, որ նպատակը իշխանությունների վերարտադրությունն է, բայց ասեմ, որ ԼՂՀ-ում իշխանությունն առանց դժվարության կարող է վերարտադրվել, քանի որ չկա իրական ընդդիմություն»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունները քաղաքական նպատակահարմարությունից բխող ձեռնարկ են: