Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում մնացած «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները պատանդ են վերցրել շտապօգնության անձնակազմին: Չնայած «Հիմնադիր խորհդրարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը փորձում է համոզել, որ անձնակազմը պատանդ չէ, սակայն այլ կերպ հնարավոր չէ բնութագրել իրավիճակը, երբ բժիշկները զրկված են սեփական կամքով այդ տարածքից դուրս գալու իրավունքից և երբ նրանց ազատ թողնելու համար նոր պահանջներ են դրվում:
Իրենց մոտ գտնվող ոստիկաններին բաց թողնելուց հետո բժիշկներին պատանդ վերցնելը մատնում է խմբի հուսահատ և խուճապային դրությունը, որի մեջ ընկել են խմբի առաջնորդին՝ Պավլիկ Մանուկյանին կորցնելու պատճառով:
Անկախ հայր և որդի Մանուկյանների վիրավորվելու և իրավապահների մոտ հայտնվելու հանգամանքներից, անկախ նրանից՝ դա տեղի է ունեցել պայմանավորվածության, մարդասիրական նորմերի խախտմամբ, թե այլ պատճառով, փաստ է, որ խումբը կորցրել է գնդի տարածքը պահելն իմաստավորող, ոգի տվող իր ղեկավարին:
Խմբի անդամները հասկացել են, որ ոստիկանական ուժերը որդեգրել են իրենց հյուծելու, առանձին-առանձին կամ փոքր խմբերով վնասազերծելու մարտավարությունը: Գրեթե կարելի է չկասկածել, որ հատկապես Պավլիկ Մանուկյանին խմբից մեկուսացնելուց հետո ոստիկանությունը կշարունակի այս գործելակերպը, և չի բացառվում, թիրախում հաջորդը կլինի խմբի մյուս ղեկավարը՝ Վարուժան Ավետիսյանը: Եթե հաջողվի նաև նրան վնասազերծել, կմեծանա խմբի հանձնվելու հավանականությունը:
Հավանաբար հենց այս հեռանկարը կանխելու համար էլ խումբը մշտական հիմումքներով իրենց մոտ մնացող բուժանձնակազմ, ինչպես նաև ԱԺ պատգամավորների հետ հանդիպում է պահանջում՝ առանց երաշխիքներ տալու, որ նաև նրանց պատանդ չի վերցնելու՝ ոստիկանությանը ստիպելով նրանց անվտանգությունից ելնելով այլևս չդիմել նոր գործողությունների:
Իսկ ոստիկանության համար փուլային վնասազերծման տակտիկան ամենանախընտրելին է, քանի որ նվազեցնում է մարդկային կորուստների հնարավորությունը, սահմանափակում բախումների մասշտաբները և փաստում, որ նպատակը բոլորովին էլ այդ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելը չէ: Այս մարտավարությունը խմբին կանգնեցնում է փակուղու առջև: Մի կողմից նրանք հասկանում են, որ այս ճանապարհով շուտով, ամենայն հավանականությամբ, ոստիկանությանը կհաջողվի ջլատել իրենց ուժերն ու կազմաքանդել խումբը, իսկ մյուս կողմից, մեկուսացված լինելով արտաքին աշխարհից, դրա վրա իրենց միջոցներով ազդելու տարբերակ չունեն:
Եվ այս անելանելի իրավիճակում լավագույն ելք են համարում նոր պատանդներ վերցնելը՝ հակասելով իրենց իսկ այն հավաստիացումներին, թե պատանդ վերցնելու անհրաժեշտություն երբեք չունեն:
Բայց սա ևս ելք չէ, որովհետև նման իրավիճակներում միջազգային կոնվենցիաներով անձեռնմխելի համարվող բժիշկներին պատանդ վերցնելն, ամբողջությամբ փոխում է ինչպես պայքարի տրամաբանությունը, այնպես էլ իրենց կարգավիճակը: Հիմա նրանք նորից են ստիպված լինելու ապացուցել, որևէ մեկին ահաբեկելու նպատակ չունեն:
Մեծ հաշվով, սակայն, խմբի կողմից նման ծայրահեղությունների մեջ ընկնելը վկայում է, որ նրանք այլևս չեն հավատում իրենց սկսած շարժման հաջողությանը: Նախ՝ փաստացի տապալվեց հասարակությանը զինված ապստամբության մղելու վարուժանավետիսյանական պլանը, քանի որ ոչ միայն զանգվածներն անգամ մահակներ չվերցրին և փողոցները դուրս չեկան, այլև Խորենացի փողոցում հավաքված հանրույթը գործընթացը տարավ լրիվ հակառակ ՝ խաղաղ ցույցերով նրանց անվտանգության երաշխավորման և առաջադրած պահանջների պաշտպանության տրամաբանությամբ:
Երկրորդ՝ հասարակական ընդվզման առաջնորդումը չհաջողվեց և չնայած համակարգրող խորհրդի ձևավորմանը և բանախոսների առկայությանը, հարթակը մնաց դատարկ, ավելի ճիշտ՝ մեծ հաշվով անկազմակերպ և անուղեգիծ, ինչն էլ ի վերջո, բերեց հարթակի անխուսափելի պառակտմանը: Դրան նպաստեց խումբն ինքը՝ թույլ տալով կոպիտ սխալներ:
Առաջին սխալը ժողովրդի ինքնակազմակերպմանն ապավինելն էր և գործընթացը քաղաքական հարթություն տանելու բոլոր փորձերը և փորձողներին վարկաբեկելը, հարթակից քշելը: Երկրորդ սխալը իշխանությանը քաղաքական ծրագրային տրամաբանությունից զուրկ, փաստացի ի սկզբանե փակուղային պահանջներ ներկայացնելն էր և նրա հետ բովանդակային բանակցություններից, այսինքն նաև փոխզիջման գնալուց հրաժարվելը:
Թույլ տրվեց հայաստանյան քաղաքական մտածողությանը բնորոշ և 25-ամյա քաղաքական պատմության ընթացքում մշտապես արվող՝ դեռ գործընթացը չսկսած՝ հաղթողի դիրքերից հանդես գալու սխալը: Մինչդեռ եթե խումբն ինքը պնդեր կոմպրոմիսի գնալու պատրաստակամությունը և իրական կամք ցուցաբերեր այդ ուղղությամբ, շատ ավելի մեծ կլիներ հավանականությունը, որ իշխանությունը կոնկրետ հանձնառություններ կստանձներ և երկրում տեղի կունենային փոփոխություններ:
Հիմա, երբ փաստացի բանակցություններ չկան և իշխանությունն սկսել է փուլային եղանակով խմբի վնասազերծման ուժային օպերացիան, շատ ավելի մեծ է հավանականությունը, որը չափազանց ծանր հետևանքներ ունեցող այս ցնցման գնով անգամ նվազագույն արդյունքներ, կամ պտուղներ հնարավոր չի լինելու ստանալ:
Խումբն ինքը Խորենացի փողոցի ամբիոնին զրկեց իր տարերային պահանջները տրանսֆորմացիայի ենթարկելու և կուռ քաղաքական և սահմանադրական ընթացքի վրա դնելու հնարավորությունից, ինչի հետևանքով այդ հարթակն սկսվեց ծառայեցվել բացառապես խմբի տղաներին կենցաղային հարցերում օգնելու նպատակին: Եվ քանի այս դաշտում հնարավորությունները խիստ սահմանափակ են և դա չափազանց փոքր էր կուտակված էներգիայի համեմատ, անխուսափելիորեն պետք է առաջ գար մարդկանց Խորենացի փողոցում պահելու միջոց գտնելու խնդիրը, որովհետև այդ մարդիկ չէին կարող հավերժ հավաքվել խմբին հացով ու էլեկտրաէներգիայով ապահովելու պահանջներով:
Այս սխալները զգալիորեն մեծացրել են իշխանության շանսերը, որը մինչև վերջ շարունակեց իրավիճակին մոտենալ չպարտվելու հոգեբանությամբ: Իշխանությունն իսկապես կարող է այս իրավիճակը ևս հաղթել: Թե խումբը և թե նրա հրահանգներով կուրորեն առաջնորդվող զանգվածն ամեն ինչ արեցին դրա համար: Բայց դա կլինի պարտվող պատերազմում տարվող իրավիճակային, պյուրոսյան հաղթանակ: Երկրում հաղթահարվել է զենքի ուժով հարցեր լուծելու հնարավորության հոգեբանական արգելքը: Մարդիկ այս 10 օրվա ընթացքում հասկացան, որ ոչ միայն կարելի է պետության դեմ զենք վերցնել, այլև որ հասարակությունը պատրաստ է դա հերոսացնել:
Մարդիկ հասկացել են, որ եթե 1999թ. հոկտեմբերի 27-ը տեղի ունենար այսօր, ներկայիս հասարակական-քաղաքական մթնոլորտում, ապա Նայիրի Հունանյանն ու իր բանդան գուցե ազգային հերոսներ հռչակվեին: Իսկ սա նշանակում է, որ ոչ միայն նմանատիպ նոր հերոսներ կարող են ի հայտ գալ, այլև նրանք կարող են գնալ շատ ավելի ծայրահեղ քայլերի՝ ունենալով ընդհուպ իշխանական վերնախավի հետ անձնական հաշվեհարդար տեսնելու մտապատկերը: Եթե իշխանությունը այս իրավիճակից լրջագույն հետևություններ չանի, Հայաստանը կարող է հայտվել պերմանենտ քրեա-քաղաքական ցնցումների, քաոսի, աղետի ճիրաններում:
Գևորգ Դարբինյան