Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 20-ի երեկոյան Խորենացի փողոցում ցուցարարների և ոստիկանության ուժերի բախումը ոչ միայն կանխատեսելի էր, այլև ստեղծված իրավիճակում օրինաչափ, քանի որ համակողմանի սադրանքների հետևանք էր: Բուն բախումների համար առիթ դարձավ զինված խմբին իրենց ցանկալի սնունդով ապահովելու պահանջը ոստիկանության կողմից չկատարելը: Թե նման պահանջի ներկայացումը, թե դրա կատարման համար 30 րոպե վերջնաժամկետ սահմանելն ինքնին ակնհայտ սադրանք էին երիտասարդ ցուցարարների կողմից: Դրա մասին է վկայում փաստը, որ շարք կանգնած ոստիկանական ուժերի վրա հարձակումը տեղի ունեցավ դեռ պահանջի կատարման վերջնաժամկետը չլրացած և իրավիճակի հանդարտեցման պատասխանատվությունն ու գործառույթը կամավոր իր վրա վերցրած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ մեկ ժամ սպասելու հորդորն անտեսելով: Բացի դրանից՝ բախումներից հետո այլևս որևէ մեկին չէր հետաքրքրում ՊՊԾ-ում գտնվողներին սննդով ապահովելու հարցը, ինչը ևս հաստատում է, որ պահանջն ընդամենը առիթ էր իրավիճակը շիկացնելու համար:
Սակայն ընդհանուր առմամբ սադրանքներն սկսվել էին շատ ավելի վաղ և ըստ էության, սիստեմատիկ զարգացման բնույթ էին կրում: Նախօրեին երեկոյան, երբ ՊՊԾ-ի գնդին հարող տարածքում տվյալ պահի համար ամենամեծ բազմությունն էր հավաքվել, զինված խմբավորման անդամները սկսեցին օդ կրակել՝ իբր իրենց համախոհներին ոգևորելու համար, որը իրարանցում առաջացրեց՝ ընկալվելով որպես զինված ապստամբների դեմ իրականացվող գործողություն: Ապա խմբի անդամներից ամենառադիկալը, բացահայտ բռնության կոչեր անող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, թե ռուսական «Ալֆա» ջոկատի միջոցով գազային հարձակում է իրականացվելու, որից խմբի անդամներին պաշտպանելու մղումով Խորենացու փողոցում մի քանի անգամ ավելի շատ մարդ հավաքվեց: Այս ֆոնին նախօրեին սննդի հարցն ընդամենը կայծի էֆեկտ ունեցավ: Այսինքն ակնհայտ էր, որ տարվում է Խորենացու փողոցում մարդկանց քանակն ավելացնելու, տաքացնելու և կրիտիկական վիճակի բերելու հետողական քարոզչական արշավ: Այս գիծը, ի դեպ, դեռևս շարունակվում է: Այսօր առավոտյան զինված խմբավորման առաջնորդ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե իրենց մոտից հեռացել է բժշկական անձնակազմը, ունեն սննդի լուրջ խնդիրներ, ՊՊԾ-ի պարիսպների տակ ոստիկանական ուժեր են կուտակվում, ինչը, ըստ նրա, վկայում է, որ իրենց դեմ օպերացիա է սկսվելու:
Իր հերթին սադրիչ քայլեր է արել նաև ոստիկանությունը՝ նախորդ օրերին անհամաչափ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ, որն ավելի շատ վկայում էր ստեղծված իրավիճակում նրա շփոթվածության, քան իրավիճակը լիարժեքորեն վերահսկելու հանգամանքը: Դրան նպաստում է նաև ոստիկանության տոտալ հեղինակազրկման, ոստիկանի ընդհանրական կերպարի հանդեպ ատելության սերմանման գործընթացը, ինչը, բնականաբար նյարդայնացնելով ծառայողներին, ստեղծում է հավասարակշռությունից դուրս գալու հոգեբանական նախադրյալներ:
Ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին իշխանության վերաբերմունքն ընկալվում է որպես անադեկվատ: Չնայած աստիճանաբար սրվող իրավիճակին՝ այն հիմնականում շարունակում է լռություն պահպանելու իր մարտավարությունը:
Առայժմ միակ արձագանքած բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՀՀ վարչապետի այն ուղերձը, թե իշխանությունն ամեն ինչ անում է և անելու՝ հասնելու խաղաղ հանգուցալուծման, ոչ մի բովանդակային տարր չի պարունակում: Հասարակությունն ավելի շատ ուզում է լսել և տեսնել, թե իշխանությունը կոնկրետ ինչ է անում և ինչ է պատրաստվում անել՝ այս իրավիճակը հասունացրած համակարգային պատճառների վերացման ուղղությամբ, այլ ոչ թե հերթական խոստումները լսել: Մինչդեռ խնդիրն արդեն ոչ թե զուտ ՊՊԾ-ի գրավումն ու ոստիկանների պատանդառությունն է, այլ զանգվածային անկառավարելի բռնությունների նոր ալիքի սպառնալիքի հասունացումը: Արդեն երեկվա իրադարձություններում նկատելի էին իրավիճակի այսպես կոչված «մայդանացման» տեխնոլոգիաների տարրեր, ինչպես օրինակ հակագազային դիմակների ստեղծումը, բաժանումը, ոստիկանությանը քարերով հարվածելը, բախումներից հետո Խորենացուն հարակից այլ փողոցներ փակելու, բարիկադներ կառուոցելու փորձերը, որոնք ակնհայտորեն դիմակայության մասշտաբները մեծացնելու միտումներ էին պարունակում: Այս ամենն ուղեկցվում է այլախոհության բացարձակ մերժման, ատելության սերմանման սոցցանցային ծանոթ էլեմենտներով: Չկա շարժումը առաջնորդող կենտրոն, ինչը գործընթացը քաոսի վերածելու, տարերայնացնելու ամենալուրջ սպառնալիքն է:
Առայժմ, իհարկե, այդ տեխնոլոգիաների կիրառումը սիստեմատիկ բնույթ չունի, իսկ ամբիոնի դատարկությունը լցնելու անհաջող, երբեմն զավեշտական փորձերը վկայում են, որ ամեն ինչ առայժմ ինքնահոսի մեջ է: Եթե նույնիսկ կան որոշակի «հանդիսավարներ», ապա նրանք կամ դեռ չեն ցանկանում դիմել վճռական գործողությունների, կամ չեն կարողանում:
Ամեն դեպքում երեկ երեկոյան տեղի ունեցած բախումները կարելի է ջրբաժանային համարել: Եթե այն կուտակված և շիկացած գոլորշին բաց թողնելու տրամաբանությամբ էր, ապա առաջիկա օրերին կսկսվի տեղատվությունը: Եթե ոչ, ապա շատ ավելի վտանգավոր զարգացումների նախերգանքն էր: Եթե, իհարկե, իշխանությունը չփոխի իրավիճակի իր ներկայիս խափուսիկ ընկալումները: Առաջիկա երկու օրերն այս առումով կլինեն վճռորոշ:
Գևորգ Դարբինյան