կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-08 18:18
Քաղաքական

Ռուսաստանի միջոցով Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները. Արա Աբրահամյան

Ռուսաստանի միջոցով Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները. Արա Աբրահամյան

Այսօր տեղի ունեցավ ռուսաստանաբնակ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ  Արա Աբրահամյանի գլխավորած «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների ներկայացուցչական հավաքը: Ելույթով հանդես եկավ ինքը` Արա Աբրահամյանը, շեշտը դնելով Հայաստանի տնտեսական խնդիրների վրա:

«Հայ ժողովրդին բնորոշ է կարեւորագույն նպատակների շուրջ համախմբումը: Ամբողջ աշխարհի հայերը կարող են դիմակայել ազգային անվտանգության սպառնալիքներին, ինչպես նաեւ միասին լուծել սոցիալ-տնտեսական խնդիրներ, արմատախիլ անել կոռուպցիան: Ցավոք, դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք»,- նշեց նա` հավելելով, որ հոկտեմբերին կազմակերպելու է  խոշոր բիզնես-ֆորում Երևանում:

Աբրահամյանի խոսքով` կարևոր է տնտեսական մեխանիզմներ ստեղծել, որ փոքր բիզնեսը զարգանա Հայաստանում, և որպեսզի Ռուսաստանում բնակվող հայերը վերադառնան Հայաստան ու տնտեսական գործունեություն ծավալեն Հայաստանում:

Լրագրողների հետ զրույցում գործարարը խուսափեց պատասխանել հարցին` ի վերջո, քաղաքականության մեջ մտնելո՞ւ է, կուսակցություն ստեղծելո՞ւ է, թե՞ ոչ, նա միայն ասաց. «Հետո կասեմ, ուշ կպատասխանեմ»:

Հարցին` հրաժարվո՞ւմ է քաղաքականության մեջ մտնելուց, պատասխանեց. «Բայց ես ասացի, որ հրաժարվո՞ւմ եմ»:

Արա Աբրահամյանի կարծիքով` Ռուսաստանի միջոցով Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները: Դիտարկմանը` ապրիլյան պատերազմում Ռուսաստանն օգնե՞ց, նա արձագանքեց, որ այդ ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Պուտինի հետ, ով փորձեց պատերազմը կանգնեցնել, մեր խնդիրներին էլ լուծում տալ:«Մենք պետք է մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ քաղաքական ու ռազմական լավ հարաբերությունների մեջ լինենք»,- ասաց նա:

Աբրահամյանը չէր ցանկանում լրագրողների այլ հարցերի պատասխանել` ասելով, թե ուշանում է: Լրագրողներից մեկի հարցին, թե գուցե նախագահակա՞ն է գնում, ինչպես անցած անգամ իր ասուլիսից հետո գնաց, նա պատասխանեց. «Ուրեմն որ ուշանում եմ, անպայման նախագահակա՞ն պետք է գնամ, համ էլ ամեն անգամ հո բախտս էդպես չի բերելու»:

Ներկա էր նաև նրա եղբայրը` Գագիկ Աբրահամյանը, ով հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել: