կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-28 12:40
Քաղաքական

Դատական ոլորտում մեկ քայլով բոլոր խնդիրները չես լուծի. Թովմասյան

Դատական ոլորտում մեկ քայլով բոլոր խնդիրները չես լուծի. Թովմասյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը համակարծիք չէ այն տեսակետներին, որ ՀՀ արդարադատության համակարգը շատ վատն է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ մենք միջազգային մակարդակի փայլուն դատավորներ ունենք, որոնք օտար լեզուներ գիտեն, տիրապետում են միջազգային իրավունքին, եվրոպական ստանդարտներին:

«Վստահ եմ, որ կրթական համակարգում, դատավորների ընտրության համակարգում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արդյունքները շատ արագ ցույց կտան»,- ասաց նա:

Թովմասյանը նշեց, որ համակարգի խնդիրների լուծումը պետք է սկսել իրավաբանական կրթությունից և պետք է հրաժարվել այն վիճակից կամ ձևաչափից, որը կա իրավաբանական կրթության ոլորտում:

«Ժամանակն է, որպեսզի մենք մտածող իրավաբաններ ունենանք: Միգուցե իրավաբանի նկատմամբ պատկերացումը պետք է փոխվի: Մեզ մոտ կա այն ընկալումը, որ լավ իրավաբանը շատ օրենքներ գիտի: Իրավաբանի մասնագիտությունը դա չէ, իրավաբանի մասնագիտությունն իրավունքի ընկալումն է: Այս առումով մենք պետք է սկսենք ուսանողների նպատակային գործուղումներից: Արդարադատության ակադեմիայի ստեղծումով որոշակի խնդիրներ, կարծում եմ, լուծվեցին՝ կապված դատավորների վերապատրաստման հետ»,- ընդգծեց նա:

Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ 2019 թվականից ուժի մեջ կմտնի Դատական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի` դատավորի պաշտոնի հավակնորդը պետք է տիրապետի առնվազն երկու օտար լեզվի: Սա, ըստ նրա, հնարավորություն կտա քաջատեղյակ լինելու միջազգային իրավունքին և ստանդարտներին:

Հարցին՝ ինչպե՞ս դատավորների` լեզուների իմացությոնը կլուծել արդարության պակասը, Թովմասյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս ոլորտում կա մեկ քայլանոց բան, որը պետք է անել և բոլոր խնդիրները լուծել, ես ասում եմ, որ նման բան չկա: Կա քայլերի ամբողջություն, իսկ քաղաքական կամքը դրսևորվել է հենց Սահմանադրության ընդունման ժամանակ, երբ նույն դատական իշխանությունում փաստացի կենտրոնացված համակարգից անցում ես կատարում հավասարակշռված համակարգի»: