|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի անդրադարձին ու հանձնարարականներին, որոնք վերաբերում էին հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական կրթության որակի ու մատչելիության բարձրացման բարեփոխումներին:
Նախարարի խոսքով` բարձրագույն կրթության մասին նոր օրենքն արդեն պատրաստ է, այն շուտով կդրվի հանրային քննարկման: Հանրակրթության փաթեթը և հանրակրթական կրթության մասին փաթեթները ևս քննարկման փուլում են:
«Կրթության որակի խնդիր կա Հայաստանում, և մի քանի ուղղություններով պետք է փորձենք բարեփոխումներ կատարել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ոլորտի կոռուպցիոն ռիսկերին, Մկրտչյանի խոսքով` կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը այնքանով են, որքանով այլ ոլորտներում:
«Կոռուպցիոն ռիսկերը միշտ կան: Դրանց դեմ պայքարելու համար եվրոպական շրջանակի հետ ունենք համատեղ ծրագիր, աշխատում ենք մեր գործընկերների հետ, և առաջարկվող բարեփոխումների փաթեթն ունի շատ մեծ կոմպոնենտ` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու»,- ասաց նա և նշեց, որ, մասնավորապես, բյուրոկրատական արգելքների պարզեցմանն են ուղղված տնօրենների ատեստավորման, ուսուցիչների ընտրության գործընթացները, վերապատրաստվելու գործընթացներն ավելի մատչելի դարձնելը, և այդ ամենը կոռուպցիոն ռիսկերի խիստ նվազեցմանն է բերելու:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե տնօրենները գումարները տալիս են նախարարությանը, նախարարը նշեց, որ դա հանցավոր գործունեություն է, և դրա մասին խոսելիս պետք է առաջնորդվել ոչ թե «ասում են», «կարծիք կա» և այլ մտքերով, այլ կոնկրետ փաստերով ու իրավապահ մարմիններին տեղեկացնելով: ԿԳ նախարարությունը, ըստ նրա, նման գործունեությամբ չի զբաղվում և չի կարող զբաղվել:
«Երբ խոսում ենք կոռուպցիոն ռիսկերի, չարաշահումների մասին, ամենակարևորը դրանք ծնող պատճառները վերացնելն է, այսինքն` եթե մենք համակարգային ճիշտ փոփոխություններ կատարենք, ճիշտ լուծումներ գտնենք, այդ ռիսկերը մեծապես կնվազեն: Ամբողջ աշխարհում այս ճանապահով են գնում»,- ասաց նա:
Նախարարը հայտնեց, որ ներկայումս քննարկվում է բուհերի բարեվարքության կանոնակարգ մշակելու հարցը: «Բարեվարքության կանոնակարգն առնչվում է բուհի առաքելության զգացման և ներքին էթիկայի չափորոշիչների ձևավորմանը, առանց դրա բուհական որակի մասին խոսել չի լինի, և դա ուղիղ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը»,- ասաց Լևոն Մկրտչյանը: