Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում կրթության զարգացման` մինչև 2030 թվականի ծրագիրն արդեն պատրաստ է, և այն առաջիկայում պետք է կառավարությանը ներկայացվի: Ծրագրի հիման վրա կձևավորվեն երեք կարևոր այլ ծրագրեր՝ հանրակրթության պետական ծրագիր, բարձրագույն կրթության համակարգ և միջին մասնագիտական կրթության համալիր ծրագիր: Կրթության ոլորտի փոփոխությունների վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանի հետ:
-Կրթության ոլորտում բարեփոխումների փուլ ենք մտել, սակայն կան կարծիքներ, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ պետք է ավելի պահպանողական լինել: Դուք է՞լ եք այդպես կարծում, թե, այնուամենայնիվ, պետք են փոփոխություններ:
- Կրթության ոլորտում ամեն փոփոխություն, այդ թվում նաև՝ բարեփոխում, հսկայական հետևանքներ կարող է ունենալ, այդ պատճառով, անկասկած, անհրաժեշտ է շատ զգուշորեն կատարել փոփոխությունները: Բայց չպետք է մոռանալ նաև, որ մենք ապրում ենք գլոբալիզացված աշխարհում, որն իր պահանջներն է թելադրում բոլորիս: Այսօր տեղեկատվությունը շատ արագ է տարածվում ամբողջ աշխարհում, և կրթական դաշտում տեղի ունեցող փոփոխությունները մեզ անմիջապես հասանելի են դառնում: Մենք չենք կարող հաշվի չառնել աշխարհում կատարվող միտումները և պետք է կարողանանք արագորեն արձագանքել դրանց, որպեսզի համաշխարհային կրթական տարածքի պահանջներին համաքայլ զարգանանք: Տեղեկատվական տեխնոլոգիաներն անսահման հնարավորություններ են տրամադրում, այսօր կրթության ոլորտում հնարավոր են այնպիսի գործողություններ, որոնց մասին առաջ չէինք էլ կարող երազել: Օրինակ` հոկտեմբերի վերջին «Հայբուսակ» համալսարանում անցկացվելու է կոնֆերանս, որի առաջին մասը տեղի կունենա մեր համալսարանում, իսկ երկրորդը՝ համացանցում` աշխարհի տարբեր բուհերի դասախոսների մասնակցությամբ: Օգտագործելով ժամանակակից միջոցները՝ այսօր կարելի է բավական անցավ և ճկուն ձևով կազմակերպել փոփոխությունները, և դրանցից պետք չէ վախենալ, թեև կոպիտ միջամտությունների կարիք, իհարկե, չկա: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ամեն բարեփոխում պահանջում է զգալի ծախսեր, և դրանք պետք է նախատեսել համալսարանի բյուջեում, հատկապես` եթե խոսքը մասնավոր համալսարանի մասին է, որը պետությունից ֆինանսական աջակցություն չի ստանում:
-Տիկի'ն Հարությունյան, բարեփոխումներն ինչի՞ հաշվին պետք է արվեն, այսինքն` ի՞նչ պետք է վերցնենք դրսի փորձից և ի՞նչը պահպանենք, քանի որ մեր կրթական համակարգում էլ ունենք արժեքներ, որոնց գուցե պետք էլ չէ ձեռք տալ:
-Բարեփոխումների կենտրոնում պետք է մարդը լինի` աշակերտ, ծնող, ուսուցիչ, ուսանող ու դասախոս: Ամեն մի բարեփոխում անպայման պետք է նպաստի կրթության որակի ապահովմանը և երկրից գնացած քաղաքացիների վերադարձին: Երբ մարդը երեխային երկրից կտրում ու տանում է դրսում կրթության, նա որևէ երաշխիք չունի, որ իր երեխան այն գիտելիքն է ստանալու, որը կստանար իր մայրենի լեզվով, իր երկրում: Եթե մեր երկիրն ունենա նպաստավոր պայմաններ` ժամանակակից, որակյալ կրթություն ապահովելու համար, այդ դեպքում յուրաքանչյուր հայ ընտանիք կձգտի իր երեխային հայրենիք վերադարձնել: Սա ամենակարևոր խնդիրն է Հայաստանի համար, և եթե այլ երկրներ իրենց կրթական համակարգում բարեփոխումներ անելիս կարող են սա հաշվի չառնել, ապա մեզ մոտ իրավիճակն այնպիսին է, որ պետք է հենց սրանից սկսել: Կրթությունը պետք է նպաստի ներգաղթին` որևէ դեպքում չավելացնելով արտագաղթը: Կրթական բարեփոխումները կարող են ավելի գրավիչ դարձնել մեր բարձրագույն կրթությունը սփյուռքահայերի և օտարերկրացների համար: Կարծում եմ` բարեփոխումների ընթացքում պետք է պահպանենք այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք անկախության տարիներին, քանի որ սրանք բովանդակային ձեռքբերումներ են, և հենց սրանց վրա պետք է դրվի մեր` թե՛ դպրոցական, թե՛ բուհական կրթության հիմքը: Այսինքն` ազգային, հայրենասեր, նվիրյալ և, միևնույն ժամանակ, աշխարհի քաղաքացի կրթելու համար մենք 27 տարիների ընթացքում շատ գործ ենք արել: Ամենակարևորը, որ պետք է հաշվի առնենք, օտարամոլության մեջ չընկնելն է, քանի որ ցանկացած երևույթ հեշտ է վերցնել ու կիրառել առանց տեղայնացնելու: Բայց մենք իրավունք չունենք մեզ նման անփութություններ թույլ տալու, պետք է զգույշ լինենք, որ նոր մեթոդ, նոր առարկա, ուսուցման նոր ձև ներմուծելիս պահպանենք այն, ինչ ունենք, և հայ երիտասարդն առաջին հերթին լինի Հայաստանի քաղաքացի և հետո նոր միայն համամարդկային արժեքներ կրող: Այսօր կան ընտանիքներ, որտեղ մտածում են` ավելի լավ է, որ իրենց երեխան գերազանց անգլերենին տիրապետի, հետո նոր` հայերենին, բայց առաջնայինը, իհարկե, պետք է լինի մայրենի լեզուն, ինչը կարևոր գրավական է որակյալ կրթության համար:
-Հետաքրքիր և ցավոտ հարց եք բարձրացնում, քանի որ վերջին շրջանում լեզուների հարցը շատ է քննարկվում: Օտար լեզուների դեպքում ինչի՞ց ենք վախենում, չէ՞ որ լավ մասնագետ լինելու համար պետք է առնվազն երկու լեզվի գերազանցորեն տիրապետել:
-Ես ոչնչից չեմ վախենում, քանի որ վստահ եմ ազգիս լայնախոհության վրա: Մեր ազգը շատ երկրներով է սփռված, սակայն հայերենը չի կորչում, աշխարհի բոլոր անկյուններում կան հայկական դպրոցներ, և Հայաստանում երբեք չապրած հայերը տիրապետում են մեր լեզվին, նոր գիտելիք են ստեղծում հայերեն լեզվով: Սա մեր ուժեղ կողմն եմ համարում: Աշխարհի հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ է խոսել միջազգային լեզուներով, բայց մենք մեր արժեքները ստեղծել, զարգացրել ենք մայրենի լեզվով և պահպանում ենք դրանք: Հայերենը ոչ միայն մեր պետական լեզուն է, այլև մեր ազգային արժեքների լեզուն է, և ոչ մի նախադրյալ չկա երկրորդ պետական լեզու ընդունելու` ոչ մի օրենքի նախագիծ, կառավարության որոշում կամ պաշտոնական նորություն: Լուրերը պտտվում են, բայց դրանք ոչ մի պաշտոնական հիմք չունեն: Ընդ որում` հատկանշական է, որ մարդիկ հակադրվում են այդ լուրերին, իրենց անհամաձայնությունն են հայտնում, դա բնական է, և խոսում է մեր ազգի խոհեմության ու զգոնության մասին: Ամեն մարդ պետք է իր հիմնական կրթությունը ստանա մայրենի լեզվով, քանի որ լեզուն է ձևավորում մտածողությունը, առանց լեզվի` մտածողություն չկա, ցանկացած լեզվաբան և հոգեբան դա կհաստատի: Անհրաժեշտ է, որ մեր երեխաները ստանան հայեցի կրթություն և հայեցի մտածողություն ձևավորեն, այդ ժամանակ կունենանք որակյալ կրթություն:
-Բարեփոխումների շարքում, ըստ ԿԳ նախարարի, նաև բուհերի կրճատման խնդիրն է լուծվելու` 66 բուհից 20-25-ն են մնալու: Բուհերի որակի ապահովման դեպքում խնդիրը Դուք նույնպե՞ս կրճատման մեջ եք տեսնում, և այս դեպքում դասախոսական կազմի ճակատագիրն ի՞նչ է լինելու:
-Ես «կրճատում» բառը չէի կիրառի, որովհետև մասնավոր ոլորտում կան 20-ից ավելի բուհեր, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա: Կամ եթե թղթի վրա էլ չեն, ապա նրանց ուսանողության թիվն այնքան փոքր է, որ որևէ տնտեսագետ չի կարող հաշվարկել ու ապահովել այդ բուհի աշխատանքն ու պարզ գոյությունը: Պարզ է, որ թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերն իրենց եկամուտների մեծ մասը ստանում են ուսանողների վարձավճարներից: 50 կամ թեկուզ 300 ուսանող ունեցող բուհը չի կարող լինել համալսարան, քանի որ համալսարանը ենթադրում է շենքային պայմաններ, համապատասխան դասախոսական կազմ, ուսանողների որոշակի թիվ: Իմ համեստ հաշվարկներով` Հայաստանում 1000-1500 ուսանողի դեպքում միայն կարելի է ընդունելի որակի բարձրագույն կրթություն ապահովել: Այստեղ մեկ այլ խնդիր ունենք` հայաստանյան բիզնես աշխարհը երբևէ չի մտածել կրթության մասին, գործարարները մեջքով են կանգնած դեպի կրթությունը: Չկան մարդիկ, ովքեր կֆինանսավորեն ինչ-որ բուհ, որպեսզի այն, ունենալով քիչ թվով ուսանողներ, կարողանա ապահովել որակյալ կրթություն ու պահել համապատասխան թվով դասախոսական կազմ, ուրեմն, այո, կարելի է փոքրաթիվ ուսանողություն ունեցող բուհերը միավորել: Պետք է այնպես անել, որ որակյալ դասախոսները մնան, իսկ նրանք, ովքեր պատահական են եկել բուհ, իսկ այդպիսիք կան, գտնեն այլ զբաղմունք:
-Կարող ենք այսպես ասել` որակ ստանալու, ուսանողության շահերը պաշտպանելու համար երբեմն պետք է նաև ցավոտ լուծումներ տրվեն:
-Ես կասեի` հարցին պետք է նայել մեկ այլ տեսանկյունից` լուծումն ո՞ւմ համար է ցավոտ: Եթե մեկը ստեղծել է բարձրագույն ուսումնական հաստատություն և ինչ-որ տեղ չի հաջողել, ո՞վ է տուժում, մեծ առումով` դասավանդողն ու կրթվողն է տուժում: Որպեսզի նրանց իրավունքները պաշտպանվեն, այդ շահառուները պետք է տեղափոխվեն որակյալ բուհեր և շարունակեն կրթվել այնտեղ: Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. Հայաստանը մասնագետների երկիր է համարվում, բայց մենք ամեն օր փնտրում ենք լավ մասնագետների, քանի որ բուհերն այնքան բազմաթիվ են, որ լավ դասախոսների թիվը չի բավարարում: Այնպես որ` ես ցավոտ խնդիր չեմ համարում բուհերի քանակի կրճատումը, քանի որ դա բխում է ուսանողների և դասախոսների շահերից: Տուժում է, թերևս, միայն սեփականատերը: Անկախության ժամանակաշրջանը մեզ լայն հնարավորություններ տվեց տարբեր իրավակազմակերպական ձևերով հիմնադրել բուհեր: Սակայն, ինչպես տեսնում ենք, այս դրական երևույթը նաև թյուրիմացություններ առաջացրեց. ամեն մի փոքր կազմավորում իրեն կոչեց համալսարան, արդյունքում` մենք այսօր ունենք տնտեսագիտական, մանկավարժական, լեզվաբանական, բժշկական համալսարաններ: Սրանք ժամանակակից կրթական մոդելի տրամաբանությունից դուրս են, քանի որ, համալսարան ասելով, հասկանում ենք մասնագիտությունների, աստիճանների, կրթության ձևերի բազմազանություն և գիտահետազոտական լայնածավալ գործունեություն:
-«Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում: Արդյունքում ի՞նչ ենք ունենալու:
- Արդյունքում ունենալու ենք «Բարձրագույն կրթության մասին օրենք», որը շատ մոտ կլինի եվրոպական կրթական օրենսդիր դաշտին, կունենանք հնարավորություն` ըստ օրենքի գործել այնպես, ինչպես ժամանակակից համալսարանները` կունենանք լայն ակադեմիական ազատություններ, բուհերի ինքնավարություն և ուսանողակենտրոն կրթական համակարգ: Կարծում եմ` պետության դերը պետք է լինի օրենքով բարձրագույն կրթության զարգազմանը նպաստելը և համապատասխան պայմաններ ստեղծելը: Իհարկե, պետության հոգածության ներքո պետք է լինեն ուսանողության անապահով խավերը և պահանջարկ չունեցող մասնագիտությունները:
-Մենք` հայերս, սիրում ենք, որպեսզի մեր երեխաները բարձրագույն կրթություն կամ ուղղակի դիպլոմ ստանան: Արդյունքում` ունենք մի շարք մասնագետներ, ովքեր անգործ են, և հակառակը` ունենք աշխատաշուկայի պահանջ` մասնագետների կարիք, որոնք չկան: Ինչո՞ւ է կտրված աշխատաշուկա-բուհ կապը:
-Ես մի շարք երկրներում եմ եղել և ուսումնասիրել բարձրագույն կրթությունն ու աշխատաշուկան: Աշխարհում չկա երկիր, որտեղ մարդիկ 100 տոկոսով աշխատում են իրենց ընտրած մասնագիտությամբ: Հակառակը` բակալավրիատում ընտրած մասնագիտությունը հաճախ փոխվում է, մարդիկ ստանում են երկրորդ, երրորդ մասնագիտություն, վերապատրաստվում են, քանի որ աշխատաշուկայի պահանջները մշտապես փոփոխվում են, և մասնագետները պետք է արձագանքեն այդ փոփոխություններին: Հայաստանում այդ գործընթացը դեռևս սաղմնային վիճակում է, սակայն կարծում եմ` կարճ ժամանակ անց պատկերը կփոխվի: Որակյալ մասնագետներ ստանալու նպատակով գործարար աշխարհը ևս ներդրումներ կանի բարձրագույն կրթության ոլորտում: Բարեփոխումները պետք է նպաստեն նաև բուհ-աշխատաշուկա կապի զարգացմանը: Այսօր արդեն բուհերի խորհուրդներում ընդգրկվում են խոշոր գործարարներ, հայտնի մասնագետներ:
-ԿԳ նախարարը նաև խոսում էր այն մասին, որ պետք է բակալավրիական կրթությունը կրճատել, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերում փոփոխություններ կատարել, քանի որ մի շարք բուհերում մագիստրոսական ծրագիրը կրկնում է բակալավրինը: Ի՞նչ եք կարծում, այս փոփոխությունները կրթության որակի վրա կազդե՞ն:
-Այո, ես համաձայն եմ, որ բակալավրական կրթությունը պետք է կրճատվի, մանավանդ` երբ անցնում ենք 12-ամյա պարտադիր կրթության: Հաշվի առնելով այն փաստը, որ 12-ամյա կրթությունը ներառելու է նաև արհեստագործական կրթությունը, կարծում եմ` իմաստ ունի բակալավրիատի ծրագրերը խտացնել: Սակայն, մյուս կողմից, դա հնարավոր չէ անել բոլոր մասնագիտությունների դեպքում: Իմ կարծիքով` ճիշտ կլինի, եթե դա որոշի բուհը, այսինքն` օրենքը լայն հնարավորություն տա, իսկ համալսարանն, ըստ իր տնօրինած մասնագիտությունների, ըստ ծրագրերի, ըստ աշխատաշուկայից եկած պահանջների, որոշի` կարելի՞ է այսինչ մասնագիտությունը խտացնել: Օրենքն էլ իր հերթին չպետք է սահմանափակի, այլ պետք է կարգավորի, տա հնարավորություն 3-5 տարվա բակալավրիատի, ամեն բուհ առաջարկի իր ծրագիրը, իսկ հանրությունն ընտրի: Մագիստրոսական ծրագրերի առումով` կարևոր մի բաց ունենք` Հայաստանում մինչև օրս մագիստրոսական կրթությունը չի ընկալվում որպես բարձրագույն կրթության երկրորդ աստիճան, որի նպատակն է պատրաստել մասնագիտացված կադրեր և ձևավորել գիտահետազոտական ոլորտի մասնագետներ: Բայց ամենակարևոր փոփոխությունը նախ պետք է տեղի ունենա մեր մտածողության մեջ` լինենք լայնախոհ, հստակ նշենք նպատակները ու խնդիրները և գտնենք դրանց իրականացման ուղիները, կրթվենք, ըստ էության, որակյալ կրթություն ստանալու և պահանջված մասնագետ դառնալու համար: Եվ այս ճանապարհին ով չի համապատասխանում նոր պահանջներին և թույլ օղակ է, պետք է կամավոր կամ մեր օգնությամբ լքի դաշտը:
Կ. Հ.