կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-21 16:20
Մշակույթ

«Շատ կիպ է ստացվել, բայց նկարն անվնաս իր տեղում է կախվել». Սարյանի նկարը կողքերից կտրել-չկտրելու մասին

«Շատ կիպ է ստացվել, բայց նկարն անվնաս իր տեղում է կախվել». Սարյանի նկարը կողքերից կտրել-չկտրելու մասին

Սեպտեմբերի 20-ից հետո Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն իր դռները կբացի այցելուների առջև: Թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին արդեն կահույքն են տեղադրում, նկարները կախում:

«Մենք ունենք նոր հարկաբաժին, թանգարանների համար նախատեսված ջեռուցման, օդափոխության, ինչպես նաև հակահրդեհային համակարգեր: Ունենք բոլոր տարածքները, որոնց կարիքը կար, բացի, իհարկե, տեխնիկական նկուղից, որը հնարավոր չեղավ հիմա կառուցել:  Ավելացված հարկաբաժինը` 4-րդ հարկը, բազմաֆունկցիոնալ տարածք է հանդիսանալու և կծառայի թե՛ որպես համերգասրահ, թե՛ որպես ցուցադրական տարածք ժամանակավոր ցուցահանդեսների համար, ինչպես նաև այն կծառայի որպես մի տարածք, ուր մեր կրթական ծրագրերը կիրականացնենք: Հիմնովին փոխվել են բոլոր կոմունալ համակարգերը՝ գազիֆիկացում, ջրամատակարարում, էլեկտրականություն, ջեռուցում, օդափոխություն»,- ասաց Ռուզան Սարյանը` հավելելով, որ, բացի այդ, թանգարանն ունի անվտանգության ազդանշանային նոր համակարգ:

Նա տեղեկացրեց նաև, որ թանգարանի վերաբացումից հետո այցելուներին առաջին անգամ  հասանելի կլինի  նաև այն տարածքը, որտեղ ապրում էր Մարտիրոս Սարյանը, այսինքն՝ թանգարանի ոչ աշխատանքային հատվածը:

Հիմնականում արվել են այն աշխատանքները, որոնք, ըստ տնօրենի, իրենք տարիներ շարունակ ուզում էին անել: «Միշտ ուզում ենք շատ ավելին, բայց հնարավորությունների սահմանում արվել է հնարավորը»,- ասաց նա:

Ի դեպ, խոսակցություններ կային, որ Սարյանի «Հայաստան» պաննոն տնօրինությունը պատրաստվում է  եզրերից մի փոքր կտրել, որպեսզի այն տեղավորվի իր նախկին տեղում: Տիկին Սարյանը նշեց, որ, ճիշտ է, վերանորոգման արդյունքում ամրացվել են թանգարանի պատերը, բնականաբար, մի փոքր հաստացել ու ավելի նեղ են դարձել, քան նախկինում /25 սմ-ով նեղացվել են դրանք/, բայց պատը, ուր նախկինում էլ կախված էր նկարը,  հնարավորություն է տալիս առանց նկարը վնասելու կախել այն: «Այո, շատ կիպ է ստացվել, բայց այն անվնաս իր տեղում է կախվել: Անհասկանալի է, թե որտեղից և ինչպես է դուրս եկել այդ ինֆորմացիան, բայց այն չի համապատասխանում իրականությանը: Դուք էլ, բոլորն էլ կարող են գալ ու նայել նկարը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը սկսել է վերանորոգվել 2013-ի մայիսի 1-ից: Թանգարանի ամբողջ հավաքածուն, թանգարանի շենքի հիմնարար վերանորոգման աշխատանքների հետ կապված, ի պահ է հանձնվել Մատենադարանին: