Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական և գերմանական աղբյուրները հաղորդում են, որ թուրք իրավաբան Մելլի Աքքուրթը դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Բունդեսթագի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը: Իր պահանջը Աքքուրթը հիմնավորել է ցեղասպանությունների կանխարգելման և պատժման` ՄԱԿ-ի համաձայնագրի 6-րդ հոդվածով, որով սահմանում է, թե ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները: Panorama.am-ը տեղեկացնում է, որ, ի պատասխան իր կողմից Գերմանիայի ՍԴ-ին հղված հարցման, վերջինիս մամլո խոսնակ Միխայել Ալլմենդինգերը հաստատել է, որ բանաձևի դեմ իսկապես դիմում ստացվել է:
Ուշագրավ է հանգամանքը, որ թուրք իրավաբանը բողոքի հիմքում դրել է ոչ թե այդ բանաձևի՝ Գերմանիայի Սահմանադրությանը, այլ ՄԱԿ-ի ընդունած՝ 1951թ. ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային հակասելու հանգամանքը: Այսինքն, ըստ նրա, Գերմանիայի ՍԴ-ն պետք է իրեն իրավունք վերապահի մեկնաբանելու ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները: Իսկ մեկնաբանելու խնդիր իսկապես կա:
Բան այն է, որ կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որին հղում է արվել Բունդեսթագի կողմից նման բանաձև ընդունելու իրավասությունը վիճարկելու համար, իրականում ցեղասպանության թեմայով որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներին չի վերաբերում: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Այն անձինք, ովքեր մեղադրվում են ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու մեջ, դատվում են այն երկրի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է այդ հանցագործությունը, կամ այնպիսի միջազգային քրեական դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ունենալ սույն Կոնվենցիայի՝ այդ իրավազորությունը ճանաչած կողմերի նկատմամբ»: Այսինքն՝ հոդվածն ընդամենը խոսում է ցեղասպանության իրագործման մեջ մեղադրվող անձանց մասին, այլ ոչ թե` պետությունների: Իսկ Բունդեսթագի բանաձևով որևէ կոնկրետ անձի դեմ մեղադրանք չի ներկայացվել: Ավելին` այնտեղ նույնիսկ ոչ թե գործող պետության մասին է խոսվում, այլ դրա իրավանահաջորդի՝ Օսմանյան Թուրքիայի, որը մոտ 100 տարի է՝ գոյություն չունի: Պետության կողմից ցեղասպանության իրականացման համար պատասխանատվության մասով ընթացակարգ է սահմանում կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Ըստ դրա` «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման և կատարման հետ, ներառյալ` նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը՝ վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»: Այսինքն` եթե կա որևէ պետության ներկայացվող մեղադրանք՝ կապված ցեղասպանություն գործելու հետ, ապա կա'մ մեղադրող կողմը, կա'մ մեղադրվող պետությունը այդ հարցով կարող են դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Բայց տվյալ դեպքում էլ ՄԱԿ-ի դատարանին դիմելու իրավասություն, ըստ այս դատարանի կանոնադրության 34 հոդվածի առաջին մասի, ունեն միայն պետությունները: Այսինքն` եթե Թուրքիան համաձայն չէ Բունդեսթագի ընդունած բանաձևի հետ և ցանկանում է հասնել դրա չեղարկմանը, ապա կարող է ինքը դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան:
Այլ կերպ ասած՝ Գերմանիայի ՍԴ-ն ավելի շատ պատճառներ և հիմնավորումներ ունի մերժելու թուրք իրավաբանի ներկայացրած պահանջը, քան վարույթ ընդունելու: Սակայն նմանատիպ գործերը քննության առնելը, որոշումներ ընդունելը, սովորաբար, ունենում են ոչ թե իրավական, այլ քաղաքական շարժառիթներ: Եվ բացարձակապես երաշխավորված չէ, որ Գերմանիայի ՍԴ-ն ևս հենց քաղաքական նկատառումներով այն քննության կառնի և որոշում կընդունի:
Նման փորձ, ի դեպ, կա: 2012թ. այն բանից հետո, երբ Ֆրանսիայի պառլամենտն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրենքը, այդ երկրի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին օրենքն ուղարկեց Սահմանադրական խորհուրդ, թեև բոլոր իրավունքներն ուներ առանց դրա օրենքը ստորագրելու: Արդյունքում` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրենքը ճանաչեց հակասահմանադրական՝ այն հիմնավորմամբ, թե ցեղասպանության ժխտումը խախտում է մարդու ազատ խոսքի իրավունքը: Այս ճանապարհով Սարկոզին պարզապես չեզոքացրեց տվյալ պահին Թուրքիայի հետ լուրջ խնդիրներ ստեղծելու հեռանկարը:
Արդյո՞ք Գերմանիան ևս կգնա այս ճանապարհով: Թուրք իրավաբանի պահանջի իրավական հիմքերը, իհարկել խախուտ են: Բայց եթե Գերմանիայի ՍԴ-ն այդ պահանջը բավարարելու որոշում կայացնի, դա կստեղծի միջազգային մակարդակով Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացը կասեցնելու լուրջ նախադեպ: Բանն այն է, որ Ցեղասպանությունը ճանաչած` աշխարհի 27 երկրների ճնշող մեծամասնությունը դա արել է հենց խորհրդարանների մակարդակով: Եվ ստացվելու է, որ եթե Գերմանիայի Բոնդեսթագը չուներ իրավունք Ցեղասպանության կապակցությամբ նման բանաձև ընդունելու, ապա այդ իրավունքը չունեն ՄԱԿ-ի անդամ հանդիսացող մնացած բոլոր երկրները: Խնդիրը միայն այն չէ, որ դրանից հետո այլ երկրներ դժվար թե որոշեն խորհրդարանի մակարդակով նման բանաձևեր ընդունել: Շատ ավելի էական է, որ, Գերմանիայի ՍԴ-ի նմանատիպ հնարավոր որոշումը հիմք ընդունելով, այդ 27 երկրների ցանկացած քաղաքացի կարող է ազատորեն դիմել տվյալ երկրների ՍԴ և պահանջել գերմանական ՍԴ-ի նախադեպով չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախկինում ընդունված հայտարարությունները, բանաձևերն ու օրենքները:
Սա կլինի Հայ Դատին ուղղված երկրորդ հզոր հարվածը: Առաջինը տեղի ունեցավ նախորդ տարի, երբ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻ եվրոպական դատարանը որոշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու` շվեյցարական օրենքը հակասում է խոսքի ազատության սկզբունքին և բավարարեց Դողու Փերինչեքի հայցը: Ճիշտ է՝ դատարանը կասկածի տակ չդրեց Ցեղասպանության իրողությունը, բայց իրավական հիմքեր ստեղծեց, որպեսզի մյուս երկրերը խուսափեն հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ ընդունելուց: Այսինքն` եթե մեկ տարի առաջ հարվածը հասցվեց ժխտումը քրեականացնելու «արշավին», ապա իր այս նախաձեռնությամբ թուրք իրավաբանը ցանկանում է իրավական հիմքերից զրկել նույնիսկ պառլամենտների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Մնում է հուսալ, որ Գերմանիայի ՍԴ-ն բավականաչափ խոհեմ և անաչառ կլինի՝ դա թույլ չտալու համար:
Գևորգ Դարբինյան