կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 16:33
Քաղաքական

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը

Ղարաբաղյան հակամարտության կառավարման և կարգավորման ողջ գործընթացում Արցախի Հանրապետության (ԱՀ) անկախության ճանաչման և հակամարտության օբյեկտիվ (առարկայական) հանրահռչակման ուղղությամբ կատարվում են հսկայածավալ աշխատանքներ, որոնք թեև վերջնարդյունքում չեն հանգեցրել ԱՀ` որպես միջազգային իրավունքի սուվերեն սուբյեկտի (ենթակայի) ճանաչմանը, այնուամենայնիվ, շոշափում են միջազգային ճանաչման այլ մակարդակներ, ինչպիսիք են ապակենտրոն ճանաչումը, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) շրջանակներում ապակենտրոն համագործակցությունը և միջխորհրդարանական հարաբերությունները:

Կատարված ու հընթացս իրականացվող աշխատանքներն էականորեն բարձրացնում են Արցախի Հանրապետության միջազգային վարկն ու հեղինակությունը, արտաքին միջավայրում ձևավորում են հակամարտության օբյեկտիվ ընկալում և հող են նախապատրաստում ԱՀ վերջնական ճանաչման մեկնարկի համար: Այս շրջանակներումիրականացվող աշխատանքների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Սփյուռքի հայկական կազմակերպություններին, հատկապես ՀՅ Դաշնակցության Հայ դատի հանձնախմբերին ու գրասենյակներին:

ԱՀ միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների` վերջնական ճանաչումով պսակումը օբյեկտիվորեն կաշկանդում են նաև հիմնախնդրի բնույթը, միջազգային հնչեղությունը և, որ ամենակարևորն է, թերևս միջնորդական ձևաչափն ու բանակցային տրամաբանությունը։ Բանն այն է, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի Հելսինկիի 1992 թվականի մարտի 24-ի որոշմամբ սահմանված ԵԱՀԽ առաքելության (Մինսկի խմբի 1 )համանախագահության ձևաչափում ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը, և այն անուղղակիորեն ձևավորում է հստակ միջազգային կոնսենսուս (փոխհամաձայնություն)` ներառելով մոլորակի ուժային կենտրոններն ու աշխարհաքաղաքական դերակատարներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի մեջ
որևէ կերպ չի մտնում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը, ինչը, իր հերթին, դեռևս անհաղթահարելի բարդություններ է ստեղծում իրական ճանաչման ուղղությամբ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու, առավել ևս միջպետական բանակցություններ վարելու համար:

1 ԵԱՀԽ Հելսինկիի հանդիպմանը Բելառուսի պատվիրակին հանձնարարվում է Մինսկում հրավիրել համապատասխան համաժողով`
տասնմեկ պետությունների մասնակցությամբ: Մինսկյան հանդիպումը հակամարտության սրման պատճառով այդպես էլ տեղի
չունեցավ, սակայն խմբի անվանումը պահպանվեց:

Այնուամենայնիվ, անկախական և հանուն ինքնորոշման իրավունքի իրացման աշխարհում ծայր առած գործընթացները ոչ միայն անկասելի են, այլև վիթխարի արդյունքներ են գրանցել: Այսպես, ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը 1945 թվականից առ այսօր աճել է 3.5 անգամ՝ 55-ից դառնալով 193: Այդ պետությունների շարքում են նորանկախ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Էրիթրեան (1993 թ.), Արևելյան Թիմորը (2002 թ.), Չեռնոգորիան (2006 թ.), Հարավային Սուդանը (2011 թ.) և այլն:

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու միջազգային ճանաչման գործընթացը

Արցախի Հանրապետության նախագահի ընդհանուր ղեկավարմամբ՝ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական խնդիրներն են ԱՀ արտաքին համալիր քաղաքականության իրականացումը, միջազգային հարաբերություններում Արցախի Հանրապետության շահերի և իրավունքների պատշաճ ու հետևողական ներկայացումը, Արցախի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը: Միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու Արցախի Հանրապետության այս հավակնությունը էապես սահմանափակված է հանրապետության` որպես միջազգային իրավունքի սուվերեն սուբյեկտի ճանաչված չլինելու փաստով: Հայտարարված նպատակներին թեկուզ մասնակիորեն հասնելու համար Արցախի դիվանագիտական
ծառայությանը մեծապես օգնում է Հայաստանի Հանրապետության նույն ծառայությունը: Այնուամենայնիվ, դիվանագիտական ծառայությունը տվյալ պետության կայացվածության, սուվերենության և պետական իշխանության գերակայության կարևորագույն ցուցիչներից է: Հետևաբար ՀՀ դիվանագիտության բացահայտ և հաճախակի միջնորդությունները կարող են հակառակ ազդեցություն ունենալ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում: Այս դեպքում առանձնահատուկ կարևորվում են հայկական համայնքային կազմակերպությունների` որպես հասարակական միջնորդի ու հյուրընկալող պետությունում գործող ճնշման խմբի դերը, նշանակությունն ու տեղը:

Ներկայումս Արցախի Հանրապետությունը մշտական ներկայացուցչություններ ունի Երևանում, Մոսկվայում, Վաշինգտոնում (համատեղությամբ նաև Կանադայում), Փարիզում, Բեռլինում, Սիդնեյում ու նաև Մերձավոր Արևելքում։ Ակնհայտ է, որ այսպիսի ներկայացվածությունը ադրբեջանաթուրքական ընդարձակ լոբբիստական ցանցի գործունեության պարագայում արդյունավետ համարվել չի կարող: Էական մեկ այլ խնդիր է այս ներկայացուցչությունների կազմակերպաիրավական կարգավիճակը, քանի որ այդ հիմնարկները ընդունող պետությունների կողմից պաշտոնապես չեն ընդունվում որպես ԱՀ ներկայացուցչություններ։ Հետևաբար հայկական
համայնքային կազմակերպությունները անուղղակիորեն պետք է ստանձնեն և երբեմն ստանձնում են Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցչությունների դեր:

Ընդհանրապես կարելի է առանձնացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականության` որպես անկախական գործընթացի անշրջելիության և դրան այլընտրանքի բացակայության ցուցիչի երեք ուղղություն`

1. ապակենտրոն համագործակցություն,
2. միջխորհրդարանական դիվանագիտություն,
3. ապակենտրոն ճանաչում:

Ապակենտրոն համագործակցություն

Արցախի հարցով հայկական լոբբիի աշխատանքային հիմնական ուղղություններից մեկը Արցախի և աշխարհի տարբեր երկրների բազում համայնքների միջև ապակենտրոն համագործակցության հաստատմանը նպաստելն ու այդ համագործակցությունը զարգացնելն է: Նման հարաբերությունները էականորեն նպաստում են ուղիղ շփումներով պայմանավորված բարեկամական կապերի ամրապնդմանը տարբեր ժողովուրդների հետ: Նման գործընթացները նպաստում են նաև Արցախի տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը, ինչպես նաև մշակութային, կրթական, սպորտային և առևտրային տարաբնույթ ծրագրերի իրականացմանը:

Այսպիսով` ներկա դրությամբ Արցախի տարբեր համայնքների հետ միջհամայնքային ապակենտրոն համագործակցության հուշագրեր են կնքել Ֆրանսիայի 14, ԱՄՆ-ի 5, Լիբանանի 2, Բասկերի երկրի 1 և Բրազիլիայի 1 համայնքներ: 2015 թ. մայիսի 17-ին համագործակցության հռչակագիր է ստորագրվել Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի (Ռոն-Ալպ տարածաշրջան) և Արցախի Հանրապետության միջև 2 ։

Միջխորհրդարանական դիվանագիտություն

Ինչպես վերը նշվեց, ճանաչված չլինելու հանգամանքը մեծապես կաշկանդել է ԱՀ արտաքին քաղաքականությունը և հատկապես դրա դիվանագիտական բաղադրիչը: Համադրված աշխատանքը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և լոբբիստական կառույցների ներգրավմամբ, միջխորհրդարանական հարաբերությունների համատեքստում ձևավորել է հետևյալ պատկերը:

2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբ: 2017 թ. հուլիսի 5-ին խորհրդարանական բարեկամության խումբն ընդլայնվեց և վերափոխվեց Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի, որին միացել են Լիտվայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

2013 թ. մարտի 19-ին Ֆրանսիայում ձևավորվեց Արցախի հետ բարեկամության խումբ, որում ընդգրկված են քաղաքական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ:

2 Ֆրանսիայում ադրբեջանական լոբբիի տևական աշխատանքներից հետո` 2019 թ. հունիսի 11-ին, Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցվել են առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմիդեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված բարեկամությանհռչակագրերը: Հետաքրքրական է, որ այս որոշումն առաջացրել է ֆրանսիացի որոշ համայնքապետերի զայրույթը։

Կատարվածին անմիջապես հակադարձեցին տեղի հայկական լոբբիստական կազմակերպությունները, և, ըստ էության, վտանգավոր նախադեպը կասեցվեց.

ֆրանսիական և Արցախի մնացյալ համայնքների հարաբերությունները իրավական առումով դեռևս շարունակում են գործել։

2014 թ. հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում ԱՀ անկախության 23-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում հայտարարվեց Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին:

2017 թ. հոկտեմբերի 18-ին Բելգիայի Թագավորության Ֆլամանդական խորհրդարանում հայտարարվել է Արցախի հետ Բելգիայի ֆլամանդացի պատգամավորների բարեկամության խումբ ստեղծելու մասին:

2017 թ. հոկտեմբերի 20-ին Բրյուսելի Վալոնական խորհրդարանում հայտարարվել է Արցախի հետ
Բելգիայի ֆրանսախոս պատգամավորների, հասարակական և գիտական գործիչների բարեկամության շրջանակ
ստեղծելու մասին:

Միջազգային ապակենտրոն ճանաչում

Դասական, խորհրդարանական դիվանագիտության և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների շնորհիվ, ինչպես նաև պետականաշինության գործընթացում ձեռք բերված հաջողություններով պայմանավորված՝ որոշակի հաջողություններ է գրանցել նաև ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը: Ի տարբերություն նախորդ երկու դեպքերի՝ միջազգային ճանաչման հարցում գործ ունենք եվրոպական ընդամենը մեկ նախադեպի՝ Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ի պաշտպանություն ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի 2014թ. սեպտեմբերի 12-ին ընդունված բանաձևի հետ: Փոխարենը այդ դեպքում միարժեքորեն առաջատարն ամերիկյան
նահանգներն ու քաղաքներն են:

Ընդհանուր առմամբ, ի հավելումն Բասկերի երկրի, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչվել է ամերիկյան 8 նահանգի, 4 քաղաքի, ավստրալիական 1 նահանգի կողմից:

Ուշագրավ է՝ 1999 թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների` համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:

2014 թ. նոյեմբերի 3-ին իսպանական ինքնավար նահանգ համարվող Նավարայի խորհրդարանի խոսնակների խորհուրդն ընդունել է հայտարարություն, որում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է բանակցային ձևաչափի կողմ հանդիսանան, ինչը կարող է որոշիչ լինել ընդհանրապես Արցախի ապագայի հարցում 3 :

Վերոգրյալից մեկնելով՝ կարող ենք փաստել, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը եռամակարդակ հանրության շրջանում որոշակի հաջողություններ է գրանցել, ունի անընդհատականության միտում և հող է նախապատրաստում հանրապետության լիիրավ ճանաչման համար:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օբյեկտիվ խոչընդոտներ: Եզրակացություններ

3 Ներկայացված տվյալները վերցված են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

Արցախի հարցով միջազգային ճանաչման գործընթացը ոչ միայն արտաքին աշխարհում միանշանակ ընկալվող գործընթաց չէ, այլև առնչվում է օբյեկտիվ բազմաթիվ հանգամանքների, որոնք խստորեն դժվարացնում են հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեությունը:

Առանձնացնենք երեք հիմնական խոչընդոտներ և դրանց անդրադառնանք առանձնաբար.

1. հակամարտության բանակցային ձևաչափն ու բանակցային տրամաբանությունը,
2. թուրք-ադրբեջանական գործոնը,
3. խոշոր պետություններում ինքնորոշման իրավունքի իրացման ընկալումը որպես անջատողականության դրսևորում՝ պայմանավորված ներքին քաղաքական զարգացումներով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը՝ մոլորակի ուժային կենտրոնների ներգրավմամբ, անուղղակիորեն կաշկանդում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը.

խոսքն այս դեպքում լիիրավ, ոչ թե ապակենտրոն ճանաչման մասին է: ԱՀ ճանաչմանը ԵԱՀԿ Մինսկի խումբը,
բանակցային մայր ու աշխատանքային փաստաթղթերը չեն անդրադառնում, լավագույն դեպքում խոսվում է
կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին, այն էլ` բանակցային գործընթացի որոշակի փուլում:
Հետևաբար այլ պետությունների համար այդքան էլ նպատակահարմար չէ մտնել մի գործընթացի մեջ, որն
անխուսափելիորեն հանգեցնելու է եռանախագահ երկրների անթաքույց բացասական վերաբերմունքին: Անկախության
ճանաչումն այս դեպքում կարող է դիտվել ոչ ավել, ոչ պակաս բանակցային ձևաչափի արհամարհում անկախությունը
ճանաչող պետության կողմից:

ԱՀ ճանաչման գործընթացն անպատճառ հանգեցնելու է նաև ճանաչող պետության ու Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարմանը և թուրք-ադրբեջանական լոբբիստական կառույցների ջղաձգությանը:

Բոլորովին այլ հարց է այն պետությունների անհանգստությունը, որոնք ներսում ունեն ինքնորոշման խնդրի բարձրացման ներուժ ունեցող խմբեր, օրինակ` Կատալոնիան Իսպանիայի պարագայում: Այս դեպքում, մեղմ ասած, դժվար է հավատալ, որ Իսպանիան կամ Իսպանիայի հետ սերտորեն դաշնակցող որևէ պետություն կարող է ճանաչել Արցախի անկախությունը, ինչն անուղղակիորեն կարող է խրախուսել նաև կատալոնական շարժումը:

Վերը շարադրված առարկայական դժվարությունները բացարձակապես չեն կարող ընկալվել որպես Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դատապարտելիության արձանագրում: Ավելին` ցայսօր ապակենտրոն համագործակցության և ճանաչելիության, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակներում արձանագրված հաջողությունները իրատեսական հիմք են նախապատրաստում ճանաչման գործընթացի շարունակականության ապահովման և նոր հաջողությունների համար: Պետք է նկատել, որ Արցախի անկախության գործընթացը, նույնիսկ անկախ բանակցային գործընթացի արդյունքից, անշրջելի իրողություն է, իսկ վերջին տասնամյակներին ՄԱԿ-ի անդամ պետությունների թվաքանակի շեշտակի աճն անուղղակիորեն նախանշում է անկախական գործընթացի այն ուղին, որը սպասում է Արցախի Հանրապետությանը:

Գևորգ Ղուկասյան
Քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ, «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամի տնօրեն

«Դրօշակ», թիվ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.