Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այլևս չի կարող հիմնական օրակարգը լինել, այն պետք է զուգակցվի հատուցման օրակարգով: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
«Հատուցում՝ ամբողջական հայրենիք ունենալու հենքի վրա: Այսինքն՝ ոչ թե պարզապես նյութական հատուցում սեփականությունը կորցրած հայ ժողովրդի զավակներին, այլ հատուցում՝ հայրենիքը վերականգնելու սկզբունքով: Սա է լինելու, կարծում եմ, առաջիկա ժամանակահատվածի և ամբողջ հայության պահանջն ու Հայ դատի պայքարի հիմնական առանցքը»,- նշեց նա:
Հարցին՝ հեղափոխությունից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքները շարունակվո՞ւմ են, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Միանշանակ, ավելին` մի շարք ուղղություններով ունենք ոչ միայն նոր ձեռքբերումներ, այլև նոր հնարավորություններ, որոնք թույլ կտան նաև այլ երկրներում այլ գործակից ազգեր և իշխանություններ ներգրավել այս աշխատանքի մեջ: Համոզված կերպով ասում եմ, որ Դաշնակցությունը, Հայ դատի գրասենյակները, մեր համահայկական ամբողջ կառույցը լայն թափով աշխատում են, և մեր գլխավոր խնդիրն է համահայկական ներուժի համախմբումը՝ այս նպատակի լիարժեք իրացման համար»:
Անդրադառնալով հայկական լոբբինգի աշխատանքին՝ դաշնակցական գործիչն այն գնահատեց դրական:
«Բայց չպետք է բավարարվել, պետք է հասնել այն բանին, որ ոչ միայն պետությունները լիարժեքորեն ճանաչեն Ցեղասպանությունը, այլև հատուցման օրակարգ ձևավորել: Սա է լինելու առաջիկա անելիքը»,- ընդգծեց նա՝ նշելով, որ վերջնական կետը ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտումն է, իսկ հանգրվանային լուծումները՝ ճանաչում, հատուցում և ամբողջական հայության մեկտեղում իր պատմական հայրենիքում, որը կդառնա արդեն իրական հայրենիք: