կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-19 17:40
Քաղաքական

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը, հետեւանքների վերացման խնդիրները

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը, հետեւանքների վերացման խնդիրները

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ.

«Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ որոշ դեպքերում՝ դատապարտման գործընթացը արդեն տեղի է ունենում շուրջ հինգ տասնամյակ։ Այդ ընթացքում, ավելի քան քսանհինգ պետություններ, մի շարք միջազգային քաղաքական եւ ոչ֊քաղաքական կառույցներ, բազմաթիվ տեղական կամ նահանգային ինքնակառավարման մարմիններ ճանաչել են եւ որոշ դեպքերում՝ դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։ Փաստ է, որ այն օրվանից ի վեր, երբ Հայաստանի Հանրապետությունը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը դարձրել է իր արտաքին քաղաքականության մասը՝ մեծացել է թիվը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող պետությունների ու միջազգային կառույցների։

Այստեղ անհրաժեշտ է, որ մենք ճիշտ գնահատենք այս ճանաչումները։ Նրանք, մեծավ մասամբ, չունեն իրավական արժէք, այլ՝ ունեն առավելաբար քաղաքական նշանակություն։ Իսկ այդ քաղաքական քայլերի արժեքը ակամայից որոշել է հենց ինքը՝ Թուրքիան. ինչքան ուժեղ է հակադարձել նա այդ ճանաչումներին, այնքան բարձրացել է նրանց քաղաքական արժեքը։ Իսկ Թուրքիան, գրեթե առանց բացառության, միշտ էլ ուժեղ հակադարձել է։

Ճանաչման այս գործընթացի գլխավոր նպատակներից մեկը եղել է դիմադրել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը մեկ կողմից՝ արտասահմանում, մյուս կողմից՝ հենց Թուրքիայի ներսում։ Թեեւ արտաքին ճակատում Թուրքիան, կարելի է ասել, տանուլ է տվել կռիվը, բայց նա շարունակում է ժխտողական քաղաքականությունը, որոշ փոփոխություններ կատարելով իր մարտավարության մեջ։ Իսկ Թուրքիայի ներսում, այս գործընթացը ունեցել է իր անուրանալի ազդեցությունը, թեեւ որոշներ հակառակն են պնդում։ Իրականությունն այն է, որ ճանաչման այս գործընթացը եղել է հիմնական, բայց՝ ոչ միակ խթանը, որ մղել է Թուրքիայի հասարակությանը վերատեսության ենթարկելու պետության պաշտոնական քաղաքականության քարոզածը։ Գոյություն են ունեցել նաեւ այլ խթանող հանգամանքներ, սկսած՝ 1975֊1985 թվականներին Թուրքիայի դեմ զինյալ գործողություններից, մինչեւ Թուրքիա֊Եվրոմիություն մերձեցման գործընթացում ստեղծված ներքին եւ արտաքին հնարավորություններ՝ Եվրոխորհրդարանի 1987 թվականի բանաձեւից մինչեւ՝ Թուրքիայի բնակչության տարբեր հատվածների ինքնության փնտռտուքի համատեքստում (պարունակին մեջ)՝ գիտաժողովներ, քննարկումներ, հրապարակումներ ու հրատարակություններ։

Թուրքիայում իրադրությունը հասել է նրան, որ 2014 թվականից սկսած, Ապրիլի 24-ի առիթով, Թուրքիայի այն ժամանակվա վարչապետն ու ներկայիս նախագահը մաղթում է, որ «20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած բոլոր հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց թոռներին հայտնում է իր ցավակցությունը»։ Թէեւ մեկ առիթով Թուրքիայի ղեկավարը խոսում է «տեղահանության» մասին, բայց «ցավակցությունը» այնպիսի ձեւով է հայտնում, որ կարծեք հայերը բնական աղետի զոհ են գնացել, կամ՝ նույն ձեւի կորուստներ են ունեցել նաեւ Թուրքիայի մյուս ժողովուրդները՝ թուրքեր, քրդեր, արաբներ եւ այլն։ Բնականաբար, Թուրքիայի ղեկավարի այս հայտարարությունները չի կարելի համարել Հայոց ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից. ընդհակառակը, այդ հայտարարությունները Ցեղասպանության ժխտման ավելի նուրբ մոտեցման դրսեւորում են։ Ժխտողական քաղաքականության այս նոր մարտավարության գլխավոր հատկանիշն ու նպատակը Թուրքիայի պատասխանատվությունից խուսափելն է։ Առանց տուրք տալու Թուրքիայի այս նոր մարտավարությանը, պետք է արձանագրել, որ Թուրքիան այս մարտավարությունը որդեգրել է հարկադրաբար, փորձելով մեղմել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհով իր վրա ավելացող ճնշումը։

Շուրջ երեք տասնյակ պետությունների եւ միջազգային կառույցների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը պատճառ չէ, որ այլ պետությունների կողմից եւս ճանաչման ուղղությամբ աշխատանք պետք չէ տանել. ընդհակառակը, պետք է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները, որովհետեւ, ինչպես ասվեց, այդ ճանաչումները տալիս են իրենց դրական ազդեցությունը՝ Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա։ Առավել, Թուրքիան փորձ է անում, որ մի շարք պետություններ կամ նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմիններ, ովքեր ճանաչել են Ցեղասպանությունը, փոխեն իրենց այդ կեցվածքը. պետք է ձախողության մատնել այս փորձերը եւս։

Ցեղասպանությունը ճանաչած պետություններում կամ նահանգային ու տեղական մարմիններում, անհրաժեշտ է առնել տրամաբանական հաջորդ քայլերը, որոնց շարքին՝ Հայոց Ցեղասպանության մասին ուսուցումը դարձնել կրթական ծրագրերի մաս, որպես համաշխարհային պատմությունում գրանցված մարդկության դեմ առաջին հանցագործություն։

Վերջին 10-15 տարիներին, հայերս փորձել ենք նաեւ, այնտեղ որտեղ կարելի է նման օրենքներ որդեգրել, Հայոց Ցեղասպանության ժխտումը դարձնել քրեորեն պատժելի արարք։ Այս տարիների փորձը՝ Ֆրանսիայից, մինչեւ Բելգիա, մինչեւ Մարդու իրավունքների եւրոպական դատարան, հուշում է, որ անհրաժեշտ է այս դեպքում մենք մեր մոտեցումներում մտցնենք որոշ փոփոխություններ։ Նախ պետք է ճշտենք, ճշգրտենք այն, թե ի՞նչն ենք ուզում քրեորեն պատժել, հայությունը բնաջնջելու պետական ծրագիրը եւ այդ ծրագրի գործադրության փորձը, թե՝ այդ ծրագրի ու փորձի որակումը որպես ցեղասպանություն։ Հաշվի առնելով այլ նման դեպքերի ժխտման վերաբերյալ օրենքներն ու ՄԻԵԴ-ի ծանոթ որոշումը (Փերինչեք), կարծում եմ անհրաժեշտ է նախապատվությունը տալ պետական ծրագիրը եւ փորձը ժխտող արարքներին, հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ հենց Թուրքիայում, Թուրքիայի իսկ օրենքների հիման վրա, ռազմական դատարաններում 1919-1920-ին տեղի ունեցած դատավարություններին։ Այդ դատավարությունները, որոնք տեղի են ունեցել Ցեղասպանության գործադրության ընթացքում, հետեւաբար ունեն նաեւ թերություններ, հաստատում են պետության պատասխանատվությունը կատարվածի համար։

Թեեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվեց շուրջ 50 տարի առաջ՝ նաեւ որպես նախապատրաստություն՝ հատուցման հարցը բարձրացնելու, հայությունը հավաքաբար ընդամենը մի քանի տարի առաջ սկսեց հատուցման ուղղությամբ աշխատանքների։ Մինչ այդ, չհաշված Առաջին աշխարհամարտի ավարտին՝ 1919-ի Խաղաղության վեհաժողովին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կողմից ներկայացված հատուցման պահանջագիրը, հայկական տարբեր կազմակերպությունների կողմից Ցեղասպանության հատուցում ասելով ընդհանրապես կամ նախ եւ առաջ հասկացվել է տարածքների վերադարձ։ Զուգահեռաբար, եղել են անհատների կողմից ուսումնասիրություններ հատուցման չափի մասին։

2015 թվականի հունվարի 29-ին հրապարակված Համահայկական հռչակագիրը «Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:

ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը այս ուղղությամբ քաղաքական ուղեգիծ է ճշտում «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և ցեղասպանության հանցագործության կանխարգելումը», թեեւ կառավարությունը ձեւավորած երկու կուսակցություններն էլ՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իրենց առանձին նախընտրական ծրագրերում խոսել են ավելիի մասին: ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը ասում է. «Շարունակվելու են ջանքերը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար»: Իսկ ՀՅԴ-ը նախընտրական ծրագիրը՝ «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը»։

Առկա են տարբեր նախաձեռնություններ հատուցման խնդրի ե՛ւ ուսումնասիրություն կատարելու, եւ՝ ինչ-որ գործընթացներ սկսելու ուղղությամբ։ Կենսական է դարձել, այդ ուղղությամբ բոլոր աշխատանքների համադրումը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկելը։ Պետք է արձանագրել, որ հատուցման հարցը միայն իրավական գործընթաց չի ենթադրում։ Այն ունի նաեւ քաղաքական երես. քաղաքական եւ այլ աշխատանքներով անհրաժեշտ է հատուցման հարցը դարձնել միջազգային հանրության օրակարգի նյութ, սկսելով նրանից, թե ի՛նչ ենք հասկանում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչում ասելով։ Այն կներառի նաեւ Թուրքիայի կողմից իր պատասխանատվության ճանաչում։

Հատուցման ուղղությամբ կարեւոր քայլ կլինի, պետք է լինի, Հայաստանի Հանրապետության կողմից 2009 թվականի հոկտեմբերի 10-ի Հայաստան-Թուրքիա արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչելը, ինչպես նաեւ՝ 2019 թվականի մայիսի 28-ին, պետական մակարդակով նշումը 1919 թվականի մայիսի 28-ի՝ Միացյալ Հայաստանի հռչակման 100-ամյակի նշումը։
Ցեղասպանությունների կանխարգելման ամենաազդու միջոցը՝ Ցեղասպանություն գործած պետություններին համապատասխան պատիժի ենթարկելն է։ Սա, նաեւ միջազգային հանրության պատասխանատվությունն է. իսկ միջազգային հանրության օրակարգին այն մաս դարձնելը՝ մեր՝ հայության պարտականությունն է»։