կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-30 14:13
Քաղաքական

Շուտափույթ մեկնարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը. «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը

Շուտափույթ մեկնարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը. «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը

Կայացել է Արտակ Թովմասյանի կողմից նախաձեռնած «Երրորդ ուժ» նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» անդրանիկ նիստը, որտեղ ՀՀ իշխանություններին ուղղված 10 առաջարկներ են արվել եւ հայտարարություն է ընդունվել:

Նիստին մասնակցել են ՀՀ ԶՈՒ, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ գլխավոր դատախազության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գեներալներ, սպաներ եւ պետական գործիչներ։

Արտակ Թովմասյանն ու խորհրդի մասնակիցները քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացրին ՌԴ հետ դաշնակցային, ռազմաքաղաքական հարաբերությունների սերտացման ու խորացման անհրաժեշտությունը՝ արտաքին մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու համար։

Հանդիպման արդյունքում ընդունվեց համապատասխան հայտարարություն, ըստ որի՝

1․ «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» խիստ դատապարտում է հասարակության պառակտմանն ու տարանջատմանն ուղղված բոլոր փորձերը։ Խորհրդի անդամները կոչ են անում օր առաջ վերականգնել հասարակության միաբանությունը, նպաստել հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտի ամրապնդմանը։

2․ Դիվանագիտական խողովակների օգտագործմամբ ձեռնարկել հստակ գործողություններ Արցախի Հանրապետության (նախկին ԼՂԻՄ տարածք) սահմանների վերականգնման ուղղությամբ, շուտափույթ մեկնարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միաժամանակ, շեշտակի ակտիվացնել դիվանագիտական երկարամյա հարուստ փորձ ունեցող դիվանագետների ներգրավվածությունը՝ ՀՀ արտաքին քաղաքականության իրականացումն առավել արդյունավետ դարձնելու համար։

3․ Պետական ամբողջ ներուժը ներդնել պատերազմի հետեւանքով Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին Հայաստան շուտափույթ վերադարձնելու ուղղությամբ։ Հարկ եղած դեպքում՝ առժամանակ դադարեցնել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթի կետերի իրագործումը՝ մինչեւ վերջին ռազմագերու վերադարձը հայրենիք։ Համապարփակ եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ մարդասիրական միջազգային իրավունքի շրջանակներում խնդիրը հանգուցալուծելու համար։

4․ Անհապաղ քայլեր ձեռնարկել հայ-ռուսական անվտանգության միասնական երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ՝ համատեղ զորախմբի հզորությունների ավելացման ու կարողությունների ամրապնդման միջոցով։ Հարկ եղած դեպքում՝ գործարկել համատեղ զորամիավորման նոր մոդել, որը կգործի՝ որպես միասնական ֆունկցիոնալ համակարգ։ «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» պատրաստակամություն է հայտնում հարկ եղած դեպքում մասնակցել առաջարկված մոդելի մշակմանը։

5․ Ապահովել ՌԴ խաղաղապահների ներկայությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանների այն հատվածներում (ավտոճանապարհներ, բնակավայրեր), որոնք այժմ հատվածաբար գտնվում են թշնամու ուղիղ նշանառության կամ դիտարկման տակ՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը։

6․ ՀՀ Ոստիկանության զորքերը տեղակայել առավել ռիսկային մարզերում՝ անմիջական ծառայողական պարտականություններն իրականացնելուց զատ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը ներգրավելու նպատակով։

7․ Դադարեցնել քաղաքական հետապնդումները ԶՈՒ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, բանակը զերծ պահել անորոշություններից, րոպե առաջ լծվել ԶՈՒ կորսված ուժերի վերականգնման գործին։

8․ Անհապաղ քայլեր ձեռնարկել ՀՀ պետական սահմանների սահմանագծման եւ սահմանազատման մասնագիտական միջկառավարական հանձնաժողովների ձեւավորման ուղղությամբ՝ ՀՀ ՄԻՊ անմիջական հսկողության ներքո։ Խորհուրդն անընդունելի է համարում միայն տեխնիկական սարքերի միջոցով սահմանների ճշգրտման մեթոդները։

9․ Առաջնահերթությունը տալ Նախիջեւան-Երեւան-Իջեւան-Ղազախ երկաթգծի գործարկմանը՝ տուրք չտալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ին պարտադրված դրույթներին, չեզոքացնել հարեւան երկրների կողմից տնտեսական գերակայության, պետական անվտանգությանն առնչվող հավանական ռիսկերը, զարկ տալ Հայաստանի ներքին ենթակառուցվածքների զարգացմանը։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում, միաժամանակ, շարունակել աշխատանքները 2020 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ նշված երկաթուղային հաղորդակցության Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթգծի գործարկման ուղղությամբ։

10․ Բացառել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թուրքիայի հետ մերձեցմանն ուղղված հայտարարությունների տարածումը հետպատերազմական շրջանում, առավելապես՝ Հայոց ցեղասպանության 106-ամյա տարելիցին ընդառաջ։ Նման հայտարարությունները կարող են էականորեն խարխլել Հայաստան – Սփյուռք միասնությունը, առ ոչինչ դարձնել Հայաստանի դիվանագիտական ջանքերը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։

«Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» սույն առաջարկներն ուղղում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (սահմանապահ զորքերի հրամանատարությանը), ՀՀ Գլխավոր դատախազությանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ ակնկալելով պատշաճ արձագանք։

«Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հանդիպում-քննարկումները կրելու են պարբերական բնույթ։