կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 13:46
Քաղաքական

ԲՀԿ-ական պատգամավորը մեծ տարբերություն չի տեսնում «ձեռնպահ»-ի եւ «դեմ»-ի միջև

ԲՀԿ-ական պատգամավորը մեծ տարբերություն չի տեսնում «ձեռնպահ»-ի եւ «դեմ»-ի միջև

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով երեկ ԱԺ-ում սկսված` հարկային նոր օրենսգրքի քննարկմանը, նշեց, որ այն, մեղմ ասած, անհաջող փաստաթուղթ է, որը պետք է հետ կանչվի որովհետև չի արտահայտում տնտեսական զարգացման հիմնական միտումները: Որպես վերապահում` պատգամավորը նշեց եկամուտների հարկումը, որը կվնասի միջին խավին, հարկային գործիքներով բիզնեսին անընդմեջ վերահսկելը և տուգանելը:

Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ բյուջեի նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկել`այն ժամանակ լինելով այլընտրանք, իսկ հիմա երբ ընդդիմություն է, ձեռնպահ է քվեարկել կատարողականին՝ մատնանշելով բազմաթիվ անընդունելի փաստեր, պատգամավորը պատասխանեց, որ բյուջեի կատարողականը նախագծից տարբերվում է նրանով, թե ինչպես է կարողանում կառավարությունը կանխատեսել իր ցուցանիշները: Փաստ է, որ 2015թ. բացասական տարի է, որովհետև, ըստ պատգամավորի, հիմնական տնտեսական ցուցանիշները ձախողվել են, և նման բան եղել է մեկ էլ 2009-ին:

«Կառավարության կանխատեսելիության հատկանիշը ես բավարար չեմ գնահատում, դա հերիք է, որ ձեռնպահ քվեարկենք: Թե ինչո՞ւ ենք ձեռնպահ քվեարկել, այլ ոչ՝ դեմ, ասեմ, որ դա մեր կուսակցության որոշումն է. երկար քննարկել ենք, և գտել, որ «ձեռնպահ»-ն արտահայտում է մեր մոտեցումները: Ես շատ տարբերություն չեմ տեսնում «ձեռնպահ»-ի ու «դեմ»-ի միջև»,- ասաց Միքայել Մելքումյանը: