Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀԿ 16-րդ համագումարից ստացած իր տպավորությունները: Պատգամավորը նախ շեշտեց, որ հրավիրյալ է եղել, ապա ասաց, որ համագումարի ընթացքին ուշադրությամբ հետևել է և հասկացել, որ այն աչքի ընկավ իր «սլացիկ թափանցիկությամբ»:
Ախոյանի բնորոշմամբ՝ առջևից գնացող նավը միշտ խոցելի է լինում, իսկ մեր քաղաքական դաշտում, ըստ նրա, այդ դերը ստանձնել է ՀՀԿ-ն, այն կուսակցությունը, որն իր վրա կրում է ամբողջ երկրի պատասխանատվության բեռը, և այս պարագայում չի կարող ամեն ինչ իդեալական լինել, միշտ պետք է լինի պրոգրես: «Եթե այդպես չլինի, ոչ մեկս աշխատանք չենք ունենա և չենք կարողանա զբաղվել քաղաքականությամբ»,- ասաց Ախոյանը:
Մեր հիշեցմանը, թե ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ մարդ-կուսակցություններ այլևս չեն լինելու, և հարցին՝ գուցե Հանրապետականը հենց ի՞ր ներսում է տեսել մարդ-կուսակցության գաղափարի կիրառումը և հենց ի՞ր սխալներն է ձգտում շտկել, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, և այդ ամենը գնահատելի է: Կոլեգիալ որոշումներն ավելի արդյունավետ են լինում, քան միանձնյա որոշումները, դա լինի պետություն, հիմնարկություն, թե՝ բիզնես, ցանկացած պարագայում այդպես է»:
Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ղեկավարը Սերժ Սարգսյանն է այն ժամանակից, երբ դարձավ նաև Հայաստանի Հանրապետության նախագահ, այսինքն` գոնե ձևական առումով որևէ մեկը չի առաջադրվել կուսակցության ղեկավարի պաշտոնում, և հարցին՝ սա չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսյանը հենց իր մասին է խոսում՝ մարդ-կուսակցություն հասկացությունը մատնացույց անելով, Ախոյանն այսպես պատասխանեց. «Գիտե՞ք, մենք այնպիսի ազգ ենք, այնպիսի պետություն ենք, ցավոք, փոքրաթիվ, որը միշտ ուժեղ լիդերների կարիք ունի: Հաճախ, բռունցք է պետք, հաճախ պետք է ասել, որ` այո՛, սա էսպես է, և վերջ, այսինքն՝ տվյալ մարդը պետք է լինի ազդեցիկ, տվյալ մարդը պետք է կարողանա ուժեղ լինել: Տվյալ պարագայում դա հանրապետության նախագահն է և գերագույն հրամանատարը: Մենք պատերազմող երկիր ենք, մենք ունենք արտաքին թշնամի, և այս պայմաններում չի կարող միանձնյա կամ, ասենք, անձի շուրջ հավաքվելու բնազդը փոփոխության ենթարկվել»:
Չնայած արտահայտած այս մտքերին` Ախոյանը նաև համոզմունք հայտնեց՝ ամեն ինչ չէ, որ նախագահի անմիջական մասնակցությամբ է տեղի ունենում: «Բայց եկեք խոստովանենք և անկեղծանանք, ասենք՝ միայն նախագահով չէ: Ամեն մեկս` մեր տեղով: Ինչի՞, նախագա՞հն է ասում որոշակի պաշտոնյաների, թե` գիտե՞ք, էս բանը գնացեք ժողովրդի դեմ արեք, գնացեք մարդ սպանեք կամ գնացեք ձեր գյուղում, գյուղապետ դառնալով, վատ պահեք ձեզ»,- ասաց նա:
Մեր պնդմանը, թե թվարկված բոլոր գործողությունները վերին ատյանների անուղղակի կամ ուղղակի թողտվությամբ են լինում, Ախոյանը պատասխանեց. «Հիմա մենք այս ենք` լավն ենք, վատն ենք, այսօր ունենք այն, ինչ ունենք: Էս հո 37 թիվը չէ՞: Հասկանալ կարելի է, ամեն տեղ չի, որ կարելի է բռունցքը ճոճել: Ամեն մեկս մեր տեղում ինչ պարտականություն ունենք` ծանրություն ու բեռ վերցված սեփական ուսերի վրա, պարտավոր ենք կատարել, որը կբերի, կհասցնի մինչև նախագահի արդյունավետ աշխատանքի»:
Ի դեպ, պատգամավորը պնդեց, որ դեռևս չի տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին:
Անդրադառնալով մեկ գիշերվա ընթացքում 7000 անձի ՀՀԿ-ականացմանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Նախագահը իր ելույթում հստակ ասաց, որ այն մարդիկ, ովքեր կուսակցության հովանու տակ ապրելակերպ ունեն, այսինքն՝ որպես զոնտ կուսակցությունն օգտագործում են, հիմա կմաքրվեն դրանցից: Իսկ 7000 հոգու մասին էլ ասեմ՝ լավ է, որ անդամագրվել են: 7000 հոգու մուտքը պայմանավորված էր Կարեն Կարապետյանի անձով: Մարդիկ հեղինակություն ունեն: Այս ռեյտինգային քննությունը, որ պետք է անցնենք, նույն բանն է, տեսեք՝ քանի հոգի կգան մեր հետևից, չեմ բացառում, որ վաղը, օրինակ, ես ինչ-որ կուսակցության անդամ դառնամ, և մի 7000 հոգի հետևիցս գան, բնական բան է դա»:
Պատգամավորը խոսեց նաև իր առաջիկա քաղաքական հանգրվանի մասին և ասաց, որ մի քանի ուղղություններով է աշխատում: Հարցին` կարո՞ղ է Դուք էլ ՀՀԿ գնաք, պատասխանեց. «Չի բացառվում, բայց այս պահին դեռ վերջնական որոշում չկա, մի քսան օրից նոր հստակություն կլինի: Ես արդեն պետք է ինքս նայեմ, թե այն գործունեությունը, որը ես ծավալում եմ հարևան երկրում (Թուրքիայում հայանպաստ հարցերով է զբաղվում-խմբ.), որտեղ կարող է ավելի ոչ խոցելի լինել: Ես դեռ պետք է ծանրութեթև անեմ»:
Ախոյանը նաև շեշտեց, որ համագործակցության առաջարկներ է ստացել հայկական քաղաքական դաշտում կշիռ ունեցող կուսակցություններից, ապա ընդգծեց, որ իր քաղաքական գործունեությունը պայմանավորված չէ Գագիկ Ծառուկյանի վերադարձով քաղաքականություն, սակայն չի կարող չշեշտել, որ իր՝ քաղաքականությունում հայտնվելու հարցում կա նաև Ծառուկյանի դերակատարումը: