Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք: Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները: Հարուցված քրեական գործով իննը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել:
Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը և պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից և հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն