կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-31 18:52
Տնտեսական

Նոր Սահմանադրությամբ մենաշնորհների տեսակները և չափերը կարող են լինել օրենքով սահմանված դեպքերում. տնտեսագետ

Նոր Սահմանադրությամբ մենաշնորհների տեսակները և չափերը կարող են լինել օրենքով սահմանված դեպքերում. տնտեսագետ

Շուկաները բաժանվում են երկու խմբի` կատարյալ մրցակցային և ոչ կատարյալ մրցակցային. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Սուրեն Պարսյանը` հավելելով, որ ոչ կատարյալ մրցակցային շուկաների տեսակներն են՝ մենաշնորհ, մենաշնորհ մրցակցային, օլիգոպոլ և մոնոպսոն շուկաները:

«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գոյություն ունի մենաշնորհների դեմ պայքարի երեք տարբերակ: Առաջինը ազատական մոտեցումն է, որի համաձայն` չի արգելվում մենաշնորհը, արգելվում է մենաշնորհ դիրքի չարաշահումը: Երկրորդ տարբերակը, որը հակամենաշնորհային քաղաքականության ամերիկյան մոդելն է, արգելում է բոլոր տեսակի մենաշնորհներն ու գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Մասնավորապես` եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ գերիշխող դիրք ունեցավ որևէ ապրանքային շուկայում, ապա պետությունը որոշում է կայացնում այդ ընկերությունը բաժանել մասերի: Ամերիկյան փորձով՝ դատարանը մենաշնորհ կարող է ճանաչել այն տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, որը զբաղեցնում է շուկայի 70-80 տոկոսը: Երրորդ տարբերակը կարգավորվող մենաշնորհների մոդելն է: Օրինակ` եվրոպական երկրներում արտահանմանը միտված մենաշնորհները չեն արգելվում, արգելվում են ներմուծմանն ուղղված մենաշնորհները»,- ասաց տնտեսագետը:

Ըստ նրա` դասական տնտեսագիտական իմաստով, մենաշնորհները կատարյալ մրցակցային շուկայի հետևանք են, այսինքն` շուկայում տնտեսվարող սուբյեկտներն իրար հետ մրցում են, և վերջում մեկը հաղթող է դառնում, այդ մեկն ունենում է մենաշնորհ, սակայն, ըստ Պարսյանի, իրական տնտեսության մեջ այդպես չէ, քանի որ բազմաթիվ գործոններ կարող են ազդել` տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլն:

«Եթե մենաշնորհներն ուղղված են արտահանմանը, ինչպես նաև երկրում առանձին ճյուղերի զարգացմանը, պետք է խրախուսել, կարգավորել, այսինքն` տարբեր երկրների փորձը կա: Օրինակ` Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Գերմանիան, Շվեդիան, իրենց առանձին ձեռնարկությունների և ոլորտների համար արտոնյալ ռեժիմ են սահմանում: Մենաշնորհը հակված է և մեծ հնարավորություն ունի մեծ ներդրումներ իրականացնելու, արտադրություն ընդլայնելու, գիտատեխնիկական նորամուծություն ներդնելու, աշխատատեղեր ստեղծելու և այլն»,- ընդգծեց տնտեսագետը, ապա հավելեց, որ մենաշնորհային կարգավիճակը կարող է ապահովել մասշտաբի դրական էֆեկտ:

Խոսելով հայաստանյան շուկայում մենաշնորհների հետևանքների մասին` Պարսյանը նշեց. «Եթե շուկան 100 տոննա շաքարավազի հնարավորություն ունի, և 100 տոննան ներմուծում է մի ընկերություն, նա մասշտաբի դրական էֆեկտի հաշվին կարողանում է ծախսերը նվազեցնել, բայց եթե հինգ կազմակերպություն ներմուծեն, այդ 100 տոննան բաժանվի հինգ կազմակերպության միջև, մասշտաբի բացասական էֆեկտի հաշվին ծախսերը կավելանան: Անշուշտ, գինն էլ ավելի բարձր կլինի, այսինքն` փոքր քանակություններով վաճառելու դեպքում կլինեն նույն քանակությամբ հաստատուն ծախսեր: Շատ կարևոր է, որ լինի տնտեսագիտական հիմնավորումը` արդյո՞ք մենաշնորհն արդարացի է, թե՞ ոչ: Շատ հաճախ եղել է, որ ազատականացվել է շուկան, բայց շուկայական գինը մենաշնորհից բարձր է ստացվել:Պետք է հաշվի առնել այն, որ մեր երկիրը փոքր տնտեսություն ունի, մենք չենք կարող բացառել մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող  սուբյեկտների գործունեությունը»:

Պարսյանի բնորոշմամբ`մենաշնորհ հասկացությունը տարբեր հարթություններում տարբեր ընկալում ունի: «Տնտեսագիտական իմաստով` մենաշնորհ է համարվում այն կազմակերպությունը, որը միայն ինքն է վաճառում, ներմուծում և այլն` 100 տոկոսը, բայց հանրային ընկալմամբ` մենաշնորհ են համարում նաև մի քանի տնտեսվարող սուբյեկտների միջև շուկայի բաժանումը, օրինակ` ենթադրենք, երբ երեք-չորս հոգի շուկան իրար մեջ բաժանում են և միասին գնային քաղաքականություն վարում և այլն: Մարդկանց կողմից դա դիտվում է որպես մենաշնորհ»,- ասաց նա:

Տնտեսագետը նշեց նաև, որ ամբողջ աշխարհը պայքարում է ցածր գների դեմ, քանի որ ցածր գինը նպաստում է մանր տնտեսվարող սուբյեկտների դուրս մղմանը շուկայից, այսինքն` ցածր գնի դեպքում ավելի հեշտությամբ կարող է  գործել խոշոր տնտեսվարող սուբյեկտը, քան ՓՄՁ-ն: «Մեզ մոտ հակառակն է, մեր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պայքարում է բարձր գների դեմ: Երբ գինը բարձր է, ավելի շատ ապրանք արտադրողներ կարող են ի հայտ գալ և իրենց ապրանքը վաճառել: Մեզ մոտ հակառակ քաղաքականությունն է վարվում` տնտեսական և սոցիալական իրավիճակից ելնելով»,- ասաց նա:

Արձագանքելով դիտարկմանը` եթե Հայաստանում մենաշնորհն արտոնվի, կարող են տուժել մյուս` ոչ մոնոպոլ դիրք ունեցող ընկերությունները, Պարսյանը պատասխանեց. «Մեր պետությունը երբեք չի գնա շուկայի մրցակցային իրավիճակի սահմանափակմանը, դա միայն կլինի այն դեպքում, երբ տնտեսապես, սոցիալապես և քաղաքականապես հիմնավորվի դրա անհրաժեշտությունը: Այսինքն` պետությունը պետք է ապահովի մրցակցությունն այնքան, որքան հնարավոր է, և պետական կարգավորում անի այնքան, որքան անհրաժեշտ է: Սա նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրային դրույթներից է: Եթե, օրինակ, հնարավոր է 4-5 տնտեսվարող սուբյեկտ հայտնվի շուկայում, բայց դրա հետևանքով գները բարձրանան, դա տնտեսապես նպատակահարմար չէ: Օրինակ` եթե բնական գազ մատակարարվի մի քանի տնտեսվարող սուբյեկտների կողմից, այս դեպքում, բնականաբար, բնական գազի սակագինը կբարձրանա մասշտաբի բացասական էֆեկտի արդյունքում: Կա նաև տնտեսագիտության տեսությունը`պրոֆեսոր Նեշի տեսությունը, համաձայն որի՝ փոքր շուկաների դեպքում առավել մեծ մրցակցությունը կարող է հանգեցնել շուկայական քաոսի»:

Ի դեպ, տնտեսագետը մեջբերեց նաև նոր Սահմանադրությամբ մենաշնորհների կարգավորման մեխանիզմները: «Նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ մենաշնորհների տեսակները և չափերը կարող են լինել օրենքով սահմանված դեպքերում` հանրային շահերից ելնելով, այսինքն` երբ հանրության շահից բխի այդ մենաշնորհի գոյությունը, ապա դա պետք է կարգավորվի օրենքով, եթե չի բխում, ապա մենաշնորհների դեմ պետք է պայքար մղվի, շուկան ազատականացվի և այլն: Դա պետք է կարգավորվի` հանրային շահերից ելնելով»,- ասաց Պարսյանը: