կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 14:42
Հասարակություն

Աստված տա, Վանաձորում քաղաքական ուժերի միջև համաձայնությունը երկար տևի. Վահրամ Բաղդասարյան

Աստված տա, Վանաձորում քաղաքական ուժերի միջև համաձայնությունը երկար տևի. Վահրամ Բաղդասարյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ կառավարության վարչապետի և անդամների փոփոխությանը` ասելով, որ այդ փոփոխությունները հետևանք էին այն բանի, որ նախորդ կառավարությունը դանդաղ էր գործում` տեմպի առումով:

Բաղդասարյանի խոսքով՝ անձերի փոփոխությունները շատ ժամանակավոր արդյունք են տալիս, իրականում անհրաժեշտ է մոտեցումների փոփոխություն: Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանի ծրագիրն էլ վատը չէր, պարզապես այն պետք է փուլերի բաժանվեր:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես` արդյո՞ք ՀՀԿ-ն չի վախենում, որ Վանաձորում իշխանությունը կարող է անցնել ընդդիմության ձեռքը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Քաղաքականության մեջ մտնողների վախը պորտի հետ կտրել-գցել են մի կողմ: Քաղաքականության մեջ պետք չէ վախ ունենալ: Ես ողջունել եմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են գալ կոնսենսուսի: Վանաձորի դեպքում ընդդիմության համաձայնությունը ես համարում եմ լավ քայլ, քանի որ այսքան տարիներ ընդդիմադիր ուժերի միջև համագործակցության մասով ոչինչ չէր ստացվում, իսկ եթե ստացվում էր, կարճ կյանք էր ունենում: Աստված տա, այս համաձայնությունը երկար տևի, որովհետև դրանով հիմք կդրվի քաղաքական դաշտի կայացմանը»:

Բաղդասարյանը չի համարում, որ ՀՀԿ-ն պարտություն է կրել Վանաձորում, որովհետև շատ լավ արդյունքներ են գրանցել, բայց եթե ընդդիմադիր ուժերը միավորվում են և հաղթում, հաղթանակը դարձյալ ՀՀԿ-ինը կլինի: «Հայ ժողովուրդը միշտ նախապատվությունը տալիս է մեկ ուժի, այլ ոչ` հավաքական ուժի: Նույնիսկ սպորտում է այդպես, երբ թիմայինը հաջողություններ չի գրանցում»,- ասաց նա: