կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-28 16:48
Հասարակություն

Մենք ձեզնով ենք մարդ. նախագահը հետմահու պարգեւներ հանձնեց ապրիլյան պատերազմում զոհվածներին

Մենք ձեզնով ենք մարդ. նախագահը հետմահու պարգեւներ հանձնեց ապրիլյան պատերազմում զոհվածներին

Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները և իր խոսքում ընդգծել, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պետական բարձրագույն պարգևների հանձնման ժամանակ

Վեհափա՛ռ Տեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Որպես կանոն նման դեպքերում ես իմ խոսքը սկսում եմ «Սիրելի՛ պարգևատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է: Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանք պարգևատրվում են հետմահու: Պիտի խոստովանեմ, որ հոգեբանորեն սա ամենածանր պարտականություններից է, որ ես պարբերաբար կատարում եմ:

Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձան ուսուցիչներ և դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ: Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջը: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ: Այդ պատճառով էլ թույլ տվեք, այնուամենայնիվ դիմել նրանց և ասել.

Սիրելի՛ պարգևատրվողներ,

Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ: Նաև շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի հերոսամարտերում ընկան ձեզ նման քաջեր, որպեսզի հայությունը ապրի, որպեսզի Հայաստանը լինի: Եվ Հայաստանը կայացավ: Մեզ համար դուք նույն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներն եք: Հարյուր տարի հետո էլ երախտապարտ սերունդները ձեզ հիշելու են, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:

Սիրելի՛ պարգևատրվողներ, 

Ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդ: Դա գիտակցում է և չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ: Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաև մեծ հպարտություն և պատգամ: Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով:


***


Արարողության կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր Հայրապետական պատգամն է բերել ներկաներին և աղոթք հնչեցրել:

Միջոցառման ավարտին Հանրապետության Նախագահը խնդրանքով դիմել է արարողության մասնակիցներին:

«Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այս դահլիճում ներկա երիտասարդ զինվորականները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ են: Ես հատուկ խնդրել եմ նրանց, որպեսզի գան այս դահլիճ ոչ միայն նրա համար, որ մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան ձեզ հետ, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել ձեր կողքին, ձեր ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ձեր ընտանիքների և հայկական բանակի միջև:

Սպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի լինի մեր հերոս զոհված զինվորների ընտանիքների կողքին, որպեսզի հասկանա որդեկորույս ծնողի ցավը, հասկանա ընտանիքի որդու գինը, հասկանա զինվորի արժեքը: Այն զինվորի, որի հրամանատարն է լինելու որոշ ժամանակ հետո, նրանց առաջնորդելու է զորանոցներում, մարտական դիրքերում, որի համար պատասխանատու է լինելու և պատասխանատու է լինելու նրան կոփելու, մարտական պատրաստությունը բարձրացնելու և նրա հետ միասին հայրենիքը պաշտպանելու համար:

Խնդրում եմ՝ այս արարողությունից անմիջապես հետո փորձեք օգտվել այս հնարավորությունից: Ինչ-որ տեղ ես նաև հույս եմ փայփայում, որ նրանք կարող են որոշ չափով ձեզ սփոփել: Շնորհակալ եմ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: