կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-24 12:54
Քաղաքական

Մենք բարոյական իրավունք չունենք 100 տարի առաջ հայ զոհվածներին չհիշելու. Սերբիայի նախագահ

Մենք բարոյական իրավունք չունենք 100 տարի առաջ հայ զոհվածներին չհիշելու. Սերբիայի նախագահ

Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Ծիծեռնակաբերդում իր ելույթի ընթացքում շեշտեց այն հանգամանքը, որ եթե աշխարհում կա մի երկիր, որ իրապես դատապարտում է հայերի նկատմամբ 1915 թվականին տեղի ունեցածը, Սերբիան է: «Այստեղ ենք, որպեսզի հարգենք զոհերի հիշատակը: Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած դաժան իրադարձությունները հասկացող և կարեկցող մեկ ժողովուրդ եթե կա, ապա դա սերբ ժողովուրդն է: Սերբերի դեմ ևս կիրառվել են դաժանություններ, և այդ դեպքերից մի քանի տասնամյակ հետո համաշխարհային հանրությունն ականատես եղավ ահասարսուռ տեսարանների: Տեղի ունեցավ ևս մեկ հրեշավոր ցեղասպանություն»,- ասաց Նիկոլիչը:

 

Նա նշեց, որ բարոյական իրավունք չունեն մեկ հարյուրամյակ առաջ հայ զոհվածներին չհիշելու: «Մենք արդյո՞ք ունենք բարոյական իրավունք` թույլ տալու, որ անցյալի դեպքերը մոռացության մատնվեն: Մենք չենք կարող դա թույլ տալ: Պատմական եղելության նենգափոխումը բացասաբար է ազդում իրազեկվածության վրա»:

 

Սերբիայի նախագահը նշեց, որ իրականություն նկարագրելուց խուսափելով` հնարավոր չէ ազդել խղճի և գիտակցության վրա, սակայն, իրական է դարձել էգոիստական, եսապաշտական քաղաքական շահերը վեր դասելը: «Իմանալով ճշմարտությունը և այն, ինչը մահացու հետևանքներ է ունեցել, մենք համեստաբար, բայց վճռականորեն եկել ենք այստեղ, որ կանգնենք բոլոր նրանց կողքին, ում նկատմամբ նման բան է եղել: Պետք է հարգանքի տուրք մատուցենք զոհերի հիշատակին: Այս տարածաշրջանում «ցեղասպանություն» եզրույթն անգամ նենգաբար շահարկվում է քաղաքական մանրախնդիր շահերի համար, երբ իրավական ակտերը նենգորեն կիրառվում են երկակի ստանդարտներով, և երբ բարոյական իմաստով դա անհեթեթության է վերածվում, ինչպե՞ս կարող ենք մենք այսօր այստեղ չլինելր: Չէ՞ որ մենք էլ ենք վերջին շրջանի պատերազմներում բազմաթիվ մարդկային կորուստներ ունեցել»,- ասաց Տոմիսլավ Նիկոլիչը: