կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-27 16:00
Հասարակություն

Պետք է հասնել նրան, որ բոլոր մարզերում դպրոցականներին տրամադրվի տաք սնունդ. Լևոն Մկրտչյան

Պետք է հասնել նրան, որ բոլոր մարզերում դպրոցականներին տրամադրվի տաք սնունդ. Լևոն Մկրտչյան

Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումը կրթության ոլորտի համար: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ոլորտին եղել է արտաքին լուրջ աջակցություն, դրանք հիմնականում Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային ծրագրերն են` ուղղված թե' հանրակրթական, թե' բարձրագույն կրթությանը:

Ըստ նախարարի` հաշվետու տարում հաջող են ընթացել նախադպրոցական կրթության ծրագրերը: 2018-ից ամբողջությամբ անցում է կատարվելու ծրագրային բյուջետավորմանը: Հաջողություններ կան հատուկ կրթության և ներառական կրթության ուղղություններում:

«Ներառական կրթության բնագավառում ձեռք բերումների մասին նշում են նաև միջազգային դոնոր կազմակերպությունները: Ներառական կրթության իմաստով կա խնդիր, որովհետև մինչև 2018թ. պետք է համատարած անցում կատարվի ներառական կրթությանը»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` հաջող է եղել անցնող տարին բարձրագույն կրթության ոլորտում` այն իմաստով, որ տեղի ունեցավ Բոլոնյան գործընթացին մասնակցող երկրների համաժողովը Հայաստանում, ինչը նաև կատարված աշխատանքների գնահատական էր:

Կարևոր ծրագրեր իրականացվեցին: Մեկը Վայոց ձորում իրականացված պիլոտային ծրագիրն էր, որով փորձել են պլանշետներով ապահովել 1-4 դասարանների երեխաներին: «Կփորձենք այդ ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո հասկանալ` ինչպե՞ս կարող ենք ծրագիրը ներառել 2016թ. բյուջեում»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Երկրորդ ծրագիրը, որն առանձնացրեց նախարարը, «Սնունդ դպրոցականներին» ծրագիրն է: Նա նշեց, որ եղել է տարբեր մարզերում և նկատել, թե որքան կարևոր է 1-4 դասարանների երեխաների համար տաք սնունդ ստանալը: Սեպտեմբերին հավանաբար Երևանում կանցկացվի համաժողով, որին կմասնակցեն շուրջ 33 երկրների ԿԳ նախարարներ, ինչից հետո յուրաքանչյուր տարի բյուջեում կավելացվեն հատկացումները մարզերի համար` աստիճանաբար հասնելով նրան, որ բոլոր մարզերում դպրոցներում լինի պարենային ապահովում:

«Կարևոր է հենց տաք սննդի տրամադրումը, որովհետև մեկ բուլկի, մեկ հյութ տալը որևէ ձևով չի նպաստում երեխաների առողջությանը, մինչդեռ տաք սննդով կերակրելը ընտանիքներին մեծ աջակցություն է: Հիմա մեկ երեխային տաք սննդով ապահովելու արժեքը 127 դրամ է կազմում բյուջեից, եթե կարողանանք, հասնել նրան, որ յուրաքանչյուր բյուջետային տարում ևս երկու մարզ ներառենք, ապա շատ լավ կլինի»,- ասաց նախարարը: