կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-07 13:35
Քաղաքական

Ձեր հետույքը տաք աթոռ է գտել, չեք ուզում այն իրար տաք. Բագրատյանը բարկացավ

Ձեր հետույքը տաք աթոռ է գտել, չեք ուզում այն իրար տաք. Բագրատյանը բարկացավ

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում շարունակվեց ԿԲ դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվության քննարկումը: Ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով սուր քննադատության ենթարկեց հիմնական զեկուցողի՝ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ելույթում հնչած հիմնավորումները:

Նախ` դիմելով ԱԺ նախագահին` Բագրատյանն ասաց. «Ես Ձեզ մեղադրում եմ, պարո\'ն Սահակյան, որ ԿԲ նախագահն արդեն երրորդ տարին անընդմեջ չի ներկայանում հիմնական փաստաթղթերը քննարկելիս: ԿԲ նախագահը չի գալիս, որովհետև չի տիրապետում: Մի\' ասեք, որ նա գործուղման է: Դուք սպասել եք, որ նա գնա գործուղման, Երիցյանին ուղարկեն այստեղ: Էրեխա չկա էստեղ, հերիք ա, ԿԲ ենք քննարկում: Մենք նրան բան ենք ասում, ինքը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում, մեզ վրա էլ մուննաթ ա գալիս»,:

Նախկին վարչապետը նշեց, որ, վերջին հետազոտությունների համաձայն, Հայաստանի զարգացմանը խոչընդոտող ամենակարևոր խնդիրներից մեկը, արտագաղթից հետո, ԿԲ վարած քաղաքականությունն է: Նա նշեց, որ պատգամավորների բարձրացրած խնդիրները ոչ միայն պատասխան չեն ստանում Ներսես Երիցյանի կողմից, այլև խեղաթյուրվում են: Եվ երբ խոսվեց դրամի զանգվածը ավելացնելու անհրաժեշտության մասին, Երիցյանը ասում է, թե` չգիտե՞ք, որ դա կբերի գնաճի:

«Երիտասա\'րդ, ժամանակին ես համաձայնություն եմ տվել, որ քեզ ու Վաչե Գաբրիելյանին ուղարկեն Բոստոն՝ Վալյուտային ֆոնդ` սովորելու: Մի հատ Ձեզ հաշիվ տվեք՝ ինչ եք խոսում` ընդհանրապես: Ոչ ոք չի ասում՝ գնա` դրամ տպի: Ասում ա՝ բա կարելի ա՞ դրամի զանգվածի հետ խաղալ: Բա դու խի՞ ես խաղում, ինչի՞ դրամի վրա դրեցիր 24 տոկոս հարկ»,- զայրացավ Հրանտ Բագրատյանը:

Նա քննադատեց Հանրապետական կուսակցության վարած քաղաքականությունն ամեն ինչում, նշեց, որ ամեն ինչ արվում է, որ կապիտալը կենտրոնացվի, որ հեշտ հսկեն, և որ Հանրապետական կուսակցությունը չի հասկանում, որ եթե ՀՆԱ-ի 50 տոկոսը ՓՄՁ-ն չի կազմում, ուրեմն հնարավոր չէ որևէ արտադրության ծախսեր հաշվել:

Ըստ Բագրատյանի` ամեն ինչ Հայաստանում մոնոպոլացված է` կարագ բերողն էլ է մոնոպոլիստ, բանան բերողն էլ: «Այդպես է կառավարվում աշխարհը` եթե չկա փոքր ու միջին, չկա՝ խոշոր: Դուք չեք կարող խոշոր ունենալ, որովհետև չունեք փոքր ու միջին, որ համեմատեք նրա հետ: Այսպես պետություն չեն կառավարում: Ձեր հետույքը տաք աթոռ է գտել, չեք ուզում այն իրար տաք, աշխատեք: Ձեզ ինչի՞ ենք պահում: Էսօր խոշոր բիզնեսն էլ է կործանվում»,- ասաց նա:

Ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ ինքը բազմաթիվ տնտեսագիտական գրքերի հեղինակ է, որ անընդմեջ սովորեցնում է, բայց իշխանություններն այդպես էլ ոչինչ չեն սովորում:

«ԿԲ-ն կոշիկն առել, ընկել է դրամի հետևից: Շատ ե՞ք մտածում դրամի մասին, ուրեմն վերացրեք դոլարով վարկավորումը: ԿԲ-ն խոսելու տեղ չունի, ես ամաչում եմ, որ ԿԲ հիմնարկը գոյություն ունի: Մի 50 հատ պադավատի մեքենաներով, մի 50 քարտուղարուհիներով, ձեր խորհուրդը, մթամ քիչ էիք, բերել եք մի տեղակալի հաստիք եք ավելացրել, խաղ ե՞ք անում էս պետության հետ: Ո՞նց կարա մի օր էս պետությունը չպարտվի, էսպես պետություն չեն կառավարում: Էս ամեն ինչը բացարձակ անընդունելի է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց` ասելով, որ, իհարկե, Հրանտ Բագրատյանը փորձառու է, բայց բոլորն էլ ինչ-որ չափով իրենց սխալների վրա են սովորում: