կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 10:04
Քաղաքական

ՍԴ նախագահը ՛՛տաք-տաք՛՛ մեկնաբանել է իր քայլը

ՍԴ նախագահը ՛՛տաք-տաք՛՛ մեկնաբանել է իր քայլը

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պարզվում է, շատ սրտաճմլիկ բացատրություն ունի առ այն, թե ինչու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր թեկնածուի հայցապահանջը ՍԴ-ն մերժեց և ուժի մեջ թողեց ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները: Գագիկ Հարությունյանը, ընդ որում, շատ լավ գիտի, որ ԿԸՀ պաշտոնական արդյունքները իրականությունը չեն արտացոլում, ինչպես նաև վստահ է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի հաղթել այս ընտրություններում: Այս ամենի մասին ՍԴ նախագահը խոսել է իր ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ հարազատների նեղ շրջանակի ներկայությամբ: Հարությունյանի ծնունդը նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը հրապարակելու օրվանից ընդամենը 10 օր անց էր, ու ՍԴ նախագահը «տաք, տաք» մեկնաբանել է իր քայլը: 

 

Նա, մասնավորապես, հայտարարելուց հետո, որ բոլորը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, շատ լավ գիտեն, որ նա չի հաղթել փետրվարի 18-ի ընտրություններում, շարունակել է, թե, այնուամենայնիվ, եթե ՍԴ-ն այլ որոշում կայացներ, ապա հետևանքները աղետալի կլինեին երկրի և ժողովրդի համար: Ինչպես ներկայացրել է Գագիկ Հարությունյանը, հետընտրական իրադարձությունների ժամանակ իշխանությունը ոչ միայն մինչև ատամները զինված է եղել այլև ճամպրուկները պատրաստ պահած, և եթե Սահմանադրական դատարանը որևէ այլ որոշում կայացներ 2008 թվականի «Մարտի 1»-ից շատ ավելի մեծ ողբերգություն տեղի կունենար, շատ ավելի մեծ թվով մարդկանց արյուն կթափվեր: 

 

Այնպես որ, շարունակել է Գագիկ Հարությունյանը, ՍԴ-ի այդ որոշումը միայն մի նպատակ է հետապնդել՝ փրկել իրավիճակը, թույլ չտալ արյունահեղություն: ՍԴ նախագահը վստահ է, որ ինքը ինչ արել է, արել է ժողովրդի համար և այդ օրը հարազատների առաջ չի վարանել հպարտորեն հայտարարել դրա մասին»: